ԲԴԽ անդամն ընդդեմ ՍԴ-ի

ԲԴԽ անդամն ընդդեմ ՍԴ-ի

2019 թվականի փետրվարին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր: Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական: Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 27-ին, մասնակի բավարարեց Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Արայիկ Մելքումյանը ընդգրկվեց դատավորների ռեզերվում։ԲԴԽ-ն մերժեց դատավորի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու մասով հարցը։ «Արայիկ Մելքումյանին վճարվող աշխատավարձի հաշվարկի սկիզբը համարել ռեզերվային դատավորի կարգավիճակ ձեռքբերելու պահը, նրան վճարելով մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-րդի չափով, սակայն ոչ պակաս քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը։ Միջին աշխատավարձի մասով մերժել»,- որոշեց ԲԴԽ-ն։
Ուշագրավ է, որ ՍԴ-ի ընդունած որոշումը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի մոտ բուռն կրքեր է բորբոքել, իշխանությունների սիրելի, քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն առիթը բաց չի թողել հերթական ծառայությունը մատուցել իշխանությանը.նա մի ծավալուն հատուկ կարծիք է գրել՝ ոչ միայն ՍԴ նախագահ  Հրայր Թովմասյանին ուղղված բազում մեղադրանքներով, այլեւ ԱՅՈ-ի բացահայտ քարոզով՝ թերեւս մոռանալով իր ապաքաղաքական կարգավիճակը: Իշխանություններին դուր գալու համար Հովհաննիսյանն անգամ կապկել է իշխանությունների, մասնավորապես վարչապետի հռետորաբանությունն ու լեքսիկոնը ինչպիսիք են.«Կարծիքս մինչև վերջ կարդացող սակավաթիվ համբերատարներից ես նախալսում եմ քաղաքական զսպվածությունը և չեզոքությունը խախտելու մեղադրանքների գվվոցը»։ Կամ ԱՅՈ ասելու գրեթե ուղղակի կոչը. «Հայրենիքի համար այսպիսի վճռորոշ պահերին պետք չէ մնալ որպես «բերան, որն օրենքի բառեր է արտասանում լոկ»։ Անհրաժեշտ է քայլ անել` ապահովելու համար մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման սուրբ իրավունքը և հարգել դրա արդյունքները, ինչպիսին էլ որ դրանք լինեն։ Ահա այն ամենն, ինչ ցանկանում էի ասել։ Ողջ եղեք»։  Նա մինչեւ անգամ ապօրինի կոչեր է անում.«Խորհուրդը չպետք է ճանաչի Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1488 որոշման իրավաչափությունը և չպետք է գործադրի այն։

Իսկ Բարձրագույն դատական խորհրդի իմ գործընկերներին կոչ եմ անում սույն գործով Խորհրդի կողմից նոր հանգամանքների բացակայության կամ առկայության հարցի քննարկումն առնվազն կասեցնել` մինչև ս/թ ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքների վերջնական հրապարակումը»։