Էդմոն Մարուքյանը կորցրեց ընդդիմության լիդերը դառնալու շանսը

Էդմոն Մարուքյանը կորցրեց ընդդիմության լիդերը դառնալու շանսը

Մինչ մտածող հանրությունը սպասում է, որ խորհրդարանական ընդդիմությունը վճռական քայլ կանի՝ միավորվելով եւ այս անհասկանալի հանրաքվեի որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելով, ընդդիմությունն իրեն պահում է «կլասիկ» ընդդիմությանը բնորոշ ձեւով։ 

Նախ «Բարգավաճ Հայաստանը» լքեց «խրամատը»՝ չմասնակցելով հանրաքվեի մասին որոշման քննարկմանը եւ քվեարկությանը։ Այսօր էլ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դեռ չեն որոշել` «այո»-ի դաշտու՞մ են, թե՞ «ոչ»-ի։ Ապա մեր «կլասիկ» ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը մի բոցաշունչ ասուլիս տվեց՝ իր կուսակիցների հետ, «քլնգելով» իշխանությունների որոշումը եւ հայտարարելով, որ «ոչ»-ի շտաբ չեն ձեւավորելու, քարոզչություն չեն անելու։ Իմաստը, եթե կարճ ձեւակերպենք՝ չենք ուզում Նիկոլ Փաշինյանի թիրախը դառնալ եւ չենք ուզում, որ «այո»-ի քարոզչության ժամանակ մեզ վիրավորեն։ 

Ահա այսպիսի նուրբ սիրտ ու զգայուն հոգի ունեցող պաշտոնական ընդդիմություն ունենք այսօր մենք երկրում։ Եվ երբ մի քանի օր է` իշխանության ներկայացուցիչները խրոխտ հայտարարություններ էին անում, թե թող ընդդիմությունը դիմի ՍԴ, պարզ էր, որ գիտեին՝ ընդդիմությունը հերթական անգամ նահանջելու է, վախենալու է ուղիղ պայքարից եւ ոչ մի դիմադրություն ցույց չի տալու իրենց եւ իրենց նախաձեռնած անհեթեթ հանրաքվեին։
Մինչդեռ, եթե միանգամայն ճիշտ է, որ քոչարյանական ու սերժսարգսյանական ճամբարները երկրորդ պլան գնան, դա խորապես սխալ է Էդմոն Մարուքյանի, ԲՀԿ-ի եւ մյուսների պարագայում։ Իրականում հանրաքվեն եւ հանրաքվեի քարոզչությունը լավագույն շանսն են որեւէ ուժի համար՝ ստանձնելու ընդդիմադիր դաշտի մոբիլիզացման եւ լիդերության առաքելությունը։ 

Այո, դա բարդ ճանապարհ է։ Նման հռետորաբանություն կիրառող, ֆեյքերի բանակներ աշխատեցնող, զոմբիներ աճեցնող իշխանության պարագայում դա, անշուշտ, նշանակում է դառնալ «բոքսի տանձիկ», իր վրա սեւեռել հայհոյախոսներին ու զրպարտիչներին։ Լսել տհաճ խոսքեր, հանդուրժել, որ փորփրեն «սպիտակեղենդ»։ Հալածեն հարազատներիդ ու թիմակիցներիդ։ Քրեական գործեր հարուցեն եւ մերձավորներիդ նստեցնեն։ Բայց դա է մեր երկրի նման երկրում ընդդիմություն դառնալու միակ ճանապարհը։

Եթե դու սպիտակ ձեռնոցներով «ազնվական» ես, որի լսելիքը վիրավորվում է, երբ քեզ հայհոյում են, ուրեմն դու Հայաստանում չես կարող քաղաքականությամբ զբաղվել, առավել եւս՝ ընդդիմություն լինել։ 

Հայաստանյան ընդդիմությունը պետք է մի քիչ լկտի ու աներես լինի, պինդ կաշի ունենա եւ բավարար չափով անամոթություն։ Հայաստանյան ընդդիմությունը պետք է մի քիչ էլ Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնից ու հնարքներից օգտվել կարողանա։ Ամենակարեւորը՝ նրբիկ օրիորդի նման չվատանա, երբ իրեն հայհոյում են։ Եվ ամենակարեւորը՝ համոզվածություն ու սկզբունքներ ունենա։ 
Համոզվածություն, որ ինքն ու իր գործն արդար են: Վստահություն, որ իր դավանած սկզբունքներին հավատարիմ է, եւ դրանց կենսագործումն օգտակար է մեր երկրին ու ժողովրդին։ 

Վերադառնանք հանրաքվեին։ Օրեր շարունակ տարբեր իրավաբաններ, գրագետ ու փորձառու մարդիկ խոսում-ապացուցում են, որ այս հանրաքվեն անօրինական է, դրա վրա ծախսված գումարները պետական միջոցների անիմաստ վատնում են, իսկ հանրաքվեի դրվող հարցը փաշինյանական կամակորությունների դաշտից է եւ ոչ մի այլ իմաստ չի պարունակում։ Բայց երբ «այո»-ի խոցելի ճամբարում հստակ դասավորվածություն է, «ոչ»-ի առավել համոզիչ ճամբարում կարծես թե անհստակ վիճակ է ու շփոթ։ Ոչ ոք հստակ չի հայտարարում, որ ինքն ու իր ուժը հանրաքվեին «ոչ» ասողների ճամբարում են եւ այդ քարոզչությունն առնելու են իրենց ուսերին։

Նա, ով այսօր կստանձնի «ոչ»-ի ճամբարի պատասխանատվությունը, թերեւս, կդառնա ընդդիմության ապագա լիդերն ու կպոկվի ընդդիմադիր դաշտից։ 

Նա, իհարկե, իր վրա կկրի իշխանական քարոզչության ողջ «հմայքը» եւ կհայտնվի թիրախի կարգավիճակում։ Բայց, ինչպես ռուսն է ասում` «իգրա ստոիտ սվեչ», դա ապագա հաղթանակների գինն է, որը պետք է վճարել այսօր։ 

Ո՞վ կլինի այդ համարձակը, ո՞վ կստանձնի ճշմարտությունը հանրությանը հաղորդելու ծանր առաքելությունը։