Էլ ի՞նչ պետք է կատարվի, որ խելքի գանք 

Էլ ի՞նչ պետք է կատարվի, որ խելքի գանք 

Մոտենում է չորրորդ ամսվա ավարտը, ինչ «կորոնավիրուս» կոչվող վարակը, բառիս բուն իմաստով, ձեռնոց է նետել աշխարհի ողջ մարդկությանը, իսկ աշխարհն անակնկալից դեռ լիովին խելքի չեկած՝ փորձում է դրա տարածման դեմն առնել եւ հակավիրուսը հայտնաբերել: Այս պահին բուժումը դեռ հայտնաբերված չէ, իսկ հայտնաբերելու դեպքում անգամ դրա մասսայական գործարկումը տարիներ կտեւի: Բուժումը չգտնելը մի բան է, պրոֆիլակտիկ ճանապարհով դրա տարածումը կանխարգելելը՝ մեկ այլ բան, որի իրագործումն առայսօր, ցավոք, չնչին հաջողություններ է արձանագրում: Ավելին, մեր երկրում հիվանդների թիվը գնալով էապես աճում է, դատելով հատկապես վերջին օրերի վիճակագրությունից՝ առաջիկայում կարող ենք ունենալ անելանելի վիճակ, որը կոչնչացնի երկրի բոլոր ենթակառուցվածքները: Այս կանխատեսումը շատերին իրական է թվում, որն էլ իր հերթին հոգեբանորեն ծանրացնում է ժողովրդի վիճակը (սա ոչ այլ ինչ է, քան իրական հույսի բացակայություն): 

Մի բան հստակ է, որ այս ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում, իսկ հոգեբանական սթրեսները կարող են բերել մեծ խուճապների: Ի վերջո, գաղտնիք չէ, թե մարդու առողջության համար որքան կարեւոր է հոգեբանական գործոնը, եւ սթրեսն ինչպես է թուլացնում մարդկանց իմունային համակարգը, որն այնքան որոշիչ է վիրուսին դիմակայելու հարցում: Այս իրավիճակում մարդկանց այլ բան չի մնում անել, քան հուսադրվել ու սատարել միմյանց։ Չնայած ստեղծված իրավիճակը եւ իրական կանխատեսումները ճիշտ հակառակ ազդեցությունն են թողնում։ Այս ուղղությամբ պետական մակարդակով ոչ մի քայլ չի արվում, մինչդեռ պետք էր հոգեբանական ծառայություններ մատուցել ժողովրդին՝ ի ցույց դնելով այն լուսավոր կետը, դեպի ուր փորձում ենք գնալ: Իսկ դրա համար պետք էին ստանդարտներից դուրս էքստրեմալ քայլեր: 

Շատ կարեւոր է առաջին հերթին լուծել գործազուրկների եւ անաշխատունակ անձանց հանապազօրյա հացի հարցը, քանզի նրանք, բառիս բուն իմաստով, արդեն մատնվում են սովի: Ստեղծված վիճակն իրոք ցուգցվանգային է, եթե այդ ուղղությամբ օպերատիվ քայլեր չձեռնարկվեն: Ամենաառաջին եւ անհետաձգելի քայլը պետք է լինի գործազուրկներին նպաստով ապահովելը, քանզի նրանց մոտ 60-70 տոկոսն աղքատ է կամ ծայրահեղ աղքատ, հետեւաբար, արտակարգ իրավիճակի այս պայմաններում նրանք արդեն ի վիճակի չեն անգամ ցամաք հաց գնել: Իհարկե, սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվում է տեղեկատվություն, որ պետությունն ինչ-որ ծրագրեր է իրականացնում բնակչության խոցելի խմբերին օգնելու համար, սակայն այդ ուղղությամբ շոշափելի քայլեր չեն արվել այն իմաստով, որ նախ դրանք ընդամենը միանվագ գումարներ են, երկրորդն էլ՝ այդ ծրագրերում միշտ չէ, որ ընդգրկվում են իրական շահառուները: Իրականացվող ծրագրերից դժգոհությունները շատ-շատ են, քանզի այդ ծրագրերին դիմող քաղաքացիներն անգամ մերժման պատասխաններ չեն ստանում, նրանց դիմումները մնում են ձայն բարբառո հանապատի: Մարդիկ այնպիսի անհուսության մեջ են, որ ասում են՝ ավելի լավ է աշխատանք ունենանք, անգամ վարակվելու գնով, քանզի ավելի լավ է վարակվել ու դրանից մահանալ, քան սովից: Ամոթ է, որ 21-րդ դարում մարդիկ կարող են մահանալ սովից: Մի բան է, երբ աշխատանք կա, մարդն աշխատունակ է, սակայն չի ուզում աշխատել, մեկ այլ բան է, երբ նա ամեն ինչ անում է, որպեսզի աշխատի, սակայն աշխատանք չկա: Մենք ունենք բազմամիլիոնանոց սփյուռք, մեր հայրենակիցներից շատերը նույնպես հայտնվել են գործազուրկի կարգավիճակում ու մեծ ցանկության դեպքում անգամ հնարավորություն չունեն օգնելու Հայաստանում ապրող իրենց հարազատներին: Իսկ պետությունը եթե օգնում էլ է, ապա ոչ բոլորին, քանզի, ինչպես վերջին 30 տարիներն են ցույց տվել, այդ օգնություններից հիմնականում օգտվում են ճարպիկ ունեւորները, իսկ խեղճուկրակներին բաժին չի հասնում: Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է, եւ գաղտնիք չէ, որ վերջին 30 տարիներին Խորհրդային Հայաստանի ողջ ունեցվածքը թալանվել է մոտ 10 տոկոս ճարպիկների կողմից, արդյունքում առաջացել է բեւեռացում՝ շատ հարուստներ եւ ծայրահեղ աղքատներ: Երկրի ունեցվածքի առյուծի բաժինը՝ մոտ 70 տոկոսից ավելին, գտնվում է փոքրաթիվ մեծահարուստների ձեռքում, մնացած 30 տոկոսի մեծ մասն էլ միջին խավի ձեռքին է, աղքատներին բան չի մնացել: 

Իհարկե, կորոնավիրուսը մարդկության առջեւ բազմաթիվ հարցեր է դրել, սակայն առաջնայինը պետք է լինի որոշակի ռիսկային խմբերի շահառուներին սովից փրկելու խնդիրը, որը մեր նման երկրների համար լրջագույն խնդիր է: Եվ սա ունի լուծման 2 ճանապարհ կա. մեկը պետական մակարդակով լուծումն է, որը դժվար թե շոշափելի լինի, եւ երկրորդն ունեւորների կողմից բարեգործությունների ծավալի էական ավելացումն է: 

Հարգելի ունեւոր հայրենակիցներ, եթե լրիվ չեք կորցրել ձեր խիղճը, ապա փորձեք հնարավորինս մաքսիմալ բարեգործություն անել: Եթե ոչ օտարներին, ապա գոնե օգնեք ծանր վիճակում գտնվող ձեր հարազատներին, բարեկամներին, քանզի սա մեծ փորձություն է, եւ դրանով նաեւ ձեր խիղճը հանգիստ կլինի...

Հիշեք. որքան լավ բան անեք, Տերն անպայման այն բերելու է ձեր երեխաների առջեւ...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ