Մինչդեռ կողմնորոշվելու խնդիր ունեն

Մինչդեռ կողմնորոշվելու խնդիր ունեն

Հայ քաղաքական դասի մի թեւը փոթորկված է: Առիթն այն է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնական հանդիպում չի ունեցել «Հայրենիք» նորաստեղծ կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին: ԱՀ նախագահի խոսնակը տվել է սպառիչ մեկնաբանություն. Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը:

Հայ քաղաքական դասի «ըմբոստացած» թեւը  խնդիրը միտումնավոր ներկայացնում է այնպես, որ, իբր, Արցախի նախագահը մերժում է բոլոր այն ուժերին, որոնք Փաշինյանին ընդդիմություն են: Լինել ընդդիմություն՝ նշանակում է ունենալ հայեցակարգ եւ առաջարկել այլընտրանք: Կասկածել իշխանության քաղաքականությանը, նշանակում է  դնել նույնիսկ ոչ թե իշխանափոխության, այլ՝ երկրի ապագայի այսօրվա տեսլականի մերժում: Սրանք տարբեր բաներ են: Ընդունել փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց տակտիկական հարցերում բանավիճել իշխանության հետ՝ քաղաքական նորմալ գործընթաց է: Նորմալ է պահանջել վարչապետի հրաժարականը:

Եւ բոլորովին այլ բան, երբ դրվում է երկրի ընթացքը ներքին ու արտաքին քաղաքական նախկին կոորդինատներին վերադարձնելու, քաղաքական ռեստավրացիայի եւ անձնական վրիժառության նպատակ:  Գործընթացի իմաստը ո՞րն է: Արցախը ներքաղաքական դիսկուրսից բարձրացնե՞լ, թե այստեղ «ազգային-ավանդական-հայրենասիրական գետտո» ստեղծել եւ այդ հիմքով գրոհել 2018թ. արժեքների դե՞մ: Փաշինյանի դեմ խմբավորվող ուժերն այս նուրբ սահմանը գնահատելու խնդիր ունեն: Արցախի նախագահի խոսնակը փորձել է դա հասկացնել: Դատելով ոմանց նյարդային արձագանքներից, շատերն  այդ նրբասացությանն անգետ են մնացել: Կամ էլ հասկացել են, որ Արցախը «պոլիգոն» չէ այլեւս: Եւ անցել են անհիմն-հուզական վերագրումների: Մինչդեռ ունեն կողմնորոշվելու խնդիր: