Ո՞վ կփոխարինի ձերբակալված պաշտոնյային

Ո՞վ կփոխարինի ձերբակալված պաշտոնյային

Մոտ մեկ ամիս առաջ ձերբակալվեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, նա դեռևս անազատության մեջ է։ Կարապետյանը, որ նախկին ՀՀԿ-ական է, երկար տարիներ զբաղեցնում էր այդ պաշտոնը, այսօր անցնում է կոռուպցիայի գործով։ 

Կարապետյանի ձերբակալությունից հետո Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարում է Վաչագան Վարդանյանը։ Վերջինս 2009թ.-ին զբաղեցրել է ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության,  մշակույթի և սպորտի  վարչության   բաժնի  պետի պաշտոնը, իսկ Հրայր Կարապետյանի օրոք նա կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետն էր։ Ի դեպ, Շիրակի մարզպետարանի կայքէջից արդեն իսկ հեռացված է Հրայր Կարապետյանի անուն-ազգանունը եւ փոխարենը Վաչագան Վարդանյանի տվյալներն են՝ որպես վարչության պետի պարտականությունները կատարող։

Շիրակի մարզպետարանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հենց Վաչագան Վարդանյանն էլ վերջնականապես կփոխարինի ձերբակալված պաշտոնյային, մեզ փոխանցեցին, որ Հրայր Կարապետյանի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։
Մեր տեղեկություններով, մարզի ՔՊ-ական վերնախավում քննարկումներ են, թե յուրայիններից ով է հարմար այդ պաշտոնին, չնայած Վաչագան Վարդանյանի փորձառությանը ՝ նրա թեկնածությունն այնքան էլ ընդունելի չէ, քանի որ անկուսակցական է, քաղաքականապես չեզոք, որոշ առումով էլ նախկին։Մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ չի շտապում այդ պաշտոնում որևէ մեկին նշանակել, քանի դեռ չկա կուսակցության վերջնական որոշումը։

Հիշեցնենք, որ Հրայր Կարապետյանի  հետ ձերբակալվել էին նաև Արթիկ խոշորացված համայնքի Հայկասար գյուղի դպրոցի փոխտնօրենը եւ  վարչատնտեսական գծով տնօրենը։ Նրանցից մեկը կին է, եւ մեր տեղեկություններով, ստորագրությամբ ազատ է արձակվել։ Նշենք նաև, որ  «Հայկասարի հիմնական դպրոց» -ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար այս պահին հայտարարված է մրցույթ։