Նախարարությունը 150 աշխատողի ծանուցել է գործազուրկ դառնալու մասին

Նախարարությունը 150 աշխատողի ծանուցել է գործազուրկ դառնալու մասին

ՀՀ կառավարության որոշմամբ պետք է ստեղծվեր Շառլ Ազնավուրի անվան Երևանի մշակույթի պետական քոլեջը, սակայն կառավարությունը որոշում է կայացրել չստեղծել քոլեջն ու լուծարել Երևանի մշակույթի պետական քոլեջը և Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը և ստեղծել Մշակույթի և արվեստի պետական քոլեջը: Այս ամենի հետեւանքով տապալվել է «Շառլ Ազնավուր» նախագիծը, բացի այդ նաև երկու քոլեջների լուծարման և մեկ այլ քոլեջ ստեղծելու արդյունքում երկու քոլեջներում աշխատող թվով 150 աշխատողի ծանուցվել է իրենց աշխատանքային պայմանագրերը լուծելու և իրենց աշխատանքից ազատման մասին:

Կոլեկտիվն այսօր պատրաստվում էր բողոքի ակցիա իրականացնել եւ բարձրաձայնել իրենց ձայնը, սակայն նրանք բավարարվել են միայն վարչապետին նամակ ուղարկելով։

Աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին որեւէ գործողություն չեն ուզում անել․ «Աշխատակիցներն արձակուրդում են գտնվում, առայժմ նման գործողություններ չկան։ Այս պահին դեռեւս ոչ մեկ գործազուրկ չի դարձել, կոնկրետ հրահանգ չկա։ Միաձուլման գործընթաց է կազմակերպվել, որի հետեւանքով ստացվում է նման գործողություններ, մի փոքր անհանգստություն կար, բայց մենք սպասում ենք։Մենք նամակով դիմել ենք վարչապետին, որ մտավախություն կա գործազուրկ դառնալու։ Դեռեւս պատասխան չկա, մեկ օր է, ինչ ուղարկել ենք»։

Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին այլ լրացուցիչ ինֆորմացիա չեն կարող փոխանցել։ 

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից մեզ փոխանցեցին․

«Ծանուցումը չի նշանակում, որ բոլորն ազատվելու ենք աշխատանքից։ Դա ստանդարտ գործընթաց է` հաստատությունների միավորումից բխող։ Նոր ձևավորված քոլեջի աշխատակազմի թիվը կախված է ուսանողների թվից։ Մանկավարժական կազմի ճնշող մեծամասնությունը շարունակելու է աշխատել։ Ինչ վերաբերում է վարչական աշխատողներին, ապա նման դեպքում սովորաբար առաջնորդվում են հաստիքացուցակով։ Հասկանալի է, որ, քոլեջը, օրինակ, երկու գլխավոր հաշվապահ ունենալ չի կարող»։