Հարցադրումը պետք է ճշտել, մեծարգո նախկին նախագահ

Հարցադրումը պետք է ճշտել, մեծարգո նախկին նախագահ

Զարմանալի է, գուցե ոչ պարկեշտ, երբ մարդիկ հարցադրում են անում, ներքուստ գիտենալով, որ սխալ է:

Բացի դրանից, մարդիկ կան, որ նման հարցադրում անելու բարոյական իրավունք պետք է ունենան: Ինչպե՞ս կարող է այդպիսի իրավունք ունենալ մի անձնավորություն, ում վստահված է եղել լինել պետության գլուխը և նա այդ բարձրագույն պաշտոնից հեռացել է (իրականում՝ փախուստի է դիմել, իր խոսքերով, «մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջափուլում») եւ հիմա ուղերձով է հանդես գալիս։ 
Այս ոչ այնքան տոնական օրվա կապակցությամբ այս անձնավորությունը գրում է. «Այսօր՝ անկախության ձեռքբերումից 31 տարի անց, մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջափուլում ենք, և բացառապես մեզնից է կախված՝  կարո՞ղ ենք այն հաղթահարել, և ի՞նչ հիմքի վրա ենք կառուցելու մեր Ապագան...»

Թե ապագա բառն ինչու՞ է մեծատառով գրել, նա կիմանա, բայց նա ավելի լավ գիտի, որ ճիշտ հարցադրումն է. Թույլ կտա՞ն, արդյոք, հաղթահարել, և աշխարհագրական ո՞ր վայրում է նախատեսվել մեր ապագան…

Սիրելի հայ ժողովուրդ, 31 տարի է, ինչ տարբեր ուժեր զսպել են մեր երկրի իրական զարգացումը, ինչով նվազեցվել է պետության դիմադրողականությունը: Դա, հաստատ, թուրքերը չեն արել: Ավելի «քաղաքակիրթ» ու մեծապատիվ մուրացկաններն են արել և անում: Անկասկած, նրանք փորձելու են մեզ թույլ չտալ ուղղել իրենց աջակցությամբ մեր կռացած մեջքը: Գոնե մի բան պետք է սովորած լինեինք թուրքերից: Այդպիսի փորձ արվել էր նաև Թուրքիայի առնչությամբ, մի 100 տարի առաջ: Փորձեր են արվում Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների նկատմամբ: Բայց, չնայած ստեղծված հսկայական դժվարություններին, տարբեր պատժամիջոցներին, այդ երկրները չեն ընկճվում և շարժվում են առաջ՝ հիմնվելով իրենց ազգային արժեքների և շահերի վրա:
Այսպիսով, առանց այդ մութ ուժերի թույլտվության, առանց արտաքին օգնության վրա հույս դնելու, ապավինելով նախևառաջ մեր սեփական ուժերին՝ մենք պետք է կերտենք մեր արժանապատիվ ու բարեկեցիկ ապագան, մեր պատմական հայրենիքում: Դրա համար անհրաժեշտ է մի բան՝ համախմբված, միասնական ժողովրդի կամք:
Սիրելի հայրենակիցներ մի գաղթեք: Վերադարձեք տուն…

Գագիկ Վարդանյան