Սրանք ձախողված ու ապիկար իշխանություն են, ամեն ինչի պատասխանատուն Փաշինյանն է` իր թիմի հետ
Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհդի անդամ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արմեն Եղիազարյանի հետ
-Ի՞նչ է կատարվում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, Դուք դեռ անդամակցու՞մ եք կուսակցությանը։ Ինչպե՞ս եղավ, որ սկզբում ՔՊ-ի հետ հաշտ էիք, այժմ ԼՀԿ-ն նորից սկսել է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ, ընդ որում` ընդդիմության դաշտ վերադարձաք այն բանից հետո, երբ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին Նիկոլ Փաշինյանն ազատեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։
-Էդմոն Մարուքյանի պաշտոն ստանձնելն այս տրամաբանության մեջ էր․ մենք ամեն օր քննադատում էինք իշխանությանը՝ կադրային շատ վատ քաղաքականության համար։ Իր պաշտոն ստանձնելը միայն միտված էր՝ երկրի ավելի լավ կառավարմանը, միգուցե որ Մարուքյանը չվերցներ, այդ պաշտոնը հերթական մի անորակ մասնագետի նշանակեին, ու ավելի խորը խնդիրներ ունենայինք։ Մարուքյանը պաշտոնը վերցրեց միայն այդ նպատակով, որ ճիշտ լուծումներ առաջարկի, մինչեւ այն պահը, որ հասկացանք՝ այս իշխանության հետ այլեւս հնարավոր չի։
-Ո՞ր պահին դա հասկացաք։
-Արցախի հայաթափումից հետո։
-Իսկ երբ Արցախը հանձնվեց, այդ ժամանակ ի՞նչ էիք մտածում, ինչ էիք անում։
-Այդ ժամանակ փնտրում էինք որոշակի միջոցներ, Մարուքյանն էլ շատ է զբաղվել, որ ճիշտ որոշումներ ընդունվեն։
-Կարծում էիք, որ Նիկոլ Փաշինյա՞նն է հանձնել Արցախը եւ ի՞նքն է միակ պատասխանատուն երկրում ստեղծված աղետի։
-Ես իմ անձնական կարծիքը կասեմ՝ ամեն ինչում ուղիղ պատասխանատու է Նիկոլ Փաշինյանն, իր ամբողջ թիմի հետ։ Ես դա դեռ ԱԺ 7-րդ գումարման ժամանակ եմ բարձրաձայնել, որ իրենք ձախողված եւ ապիկար իշխանություն են եւ հիմա նույն կարծիքին եմ, ինձ մոտ ոչինչ չի փոխվել։
-Այդ դեպքում Արցախի հանձնման ժամանակ ինչո՞ւ Մարուքյանը չհեռացավ Փաշինյանի տված պաշտոնից, բացի այդ էլ տեղեկություններ կան, որ Փաշինյանն իր հետ առհասարակ չի հանդիպել այդ ժամանակ եւ որպես արտակարգ ու լիազոր դեսպան Էդմոն Մարուքյանը Փաշինյանին ո՛չ խորհուրդ է տվել, ո՛չ էլ խորհուրդ տալու հնարավարություն է ունեցել։
-Մինչեւ վերջին պահը, երբ Մարուքյանը լքեց պաշտոնը, փորձել է որոշակի դրական լուծումներ տալ, ադեկվատ կերպով ազդել որոշումների վրա, բայց այն պահին, երբ հարյուր տոկոսով զգում ես, որ հնարավոր չի ազդեցություն ունենալ իշխանության վրա, այդտեղ անելու բան էլ չկա։
- Ձեր մյուս թիմակիցներն այս ընթացքում հերթով հեռացան, օրինակ Անի Սամսոնյանն ինչո՞ւ դուրս եկավ «ԼՀԿ»-ից, նա ի՞նչ տարաձայնություններ ունեցավ Էդմոն Մարուքյանի հետ։
-Անի Սամսոնյանի որոշումը եւ՛ քաղաքական էր, եւ՛ ներքին պատճառներ կային։
-Մարուքյանի հետ տարաձայնություններ է ունեցե՞լ։
-Որոշ բաներ եղել են։
-2026-ի խորհրդարանական հերթական ընտրություններին ԼՀԿ կուսակցությունը մասնակցելո՞ւ է։
-Քննարկումներ դեռ չի եղել, այս պահի դրությամբ ինքս էլ բավականին պասիվ եմ քաղաքականության մեջ։ Հետ եմ վերադարձել դեպի բիզնեսի դաշտ։
-Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ պետք է նախկին նախագահները հեռանան քաղաքական դաշտից, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, Դուք ի՞նչ կարծիքի եք։
-Այո, նման բան կա, վերջին մի քանի անգամվա փորձը ցույց տվեց, որ մեծ հավաքների դեպքում իրենց ներկայությունը վատ հետեւանք է ունենում։ Մայիսի 9-ին, երբ Սրբազանը մտավ Երեւան, ես անձամբ եմ նրան դիմավորել, շատ դրական էմոցիաներ կար այդ օրվա հավաքի մեջ։ Սակայն դրանից հետո, երբ նախկին իշխանությունները հավաքվեցին՝ ամեն ինչ ավարտվեց։ Հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետեւ երկար ժամանակ ժողովրդի մոտ դժգոհություն կար նախկին ռեժիմից։ Ես ասել եմ Հանրապետականներին եւ ավելի նախկիններին, որ հեղափոխության պատճառն իրենք են եղել, եթե մի փոքր ավելի դրական կառավարեին՝ ժողովուրդն այդ քայլին չէր գնա, ու Փաշինյանին չէր բերի իշխանության։
Կարծիքներ