Քաղաքապետարանը կսպառի 1 մլն դոլարանոց ֆոնդը

Քաղաքապետարանը կսպառի 1 մլն դոլարանոց ֆոնդը

Մոտ 3 ամիս աշխատելուց հետո շաբաթ օրն ապաակտիվացվեց Երեւանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակը, որին երեւանցիները պետք է ներկայացնեին Երեւանը բարեկարգելու, ավելի հարմարավետ քաղաք դարձնելու նոր նախագծեր եւ գաղափարներ։ 1 միլիոն դոլարի ֆոնդ է հատկացվել դրան։ Առաջարկները կամփոփվեն, եւ առավելագույն ձայներ ստացածները կֆինանսավորվեն։
Հարթակի անվանումը հուշում է, որ այն պետք է դառնար միջավայր՝ մայրաքաղաքի բարելավմամբ հետաքրքրված մարդկանց մեկ վայրում հավաքելու եւ ակտիվ քաղաքացիների համայնք ստեղծելու համար։ Առաջարկներն էլ պետք է ներկայացվեին պայմանով, որ դրանք բիզնես հետաքրքրություններ ու շահեր չեն ներկայացնում եւ հանրային հետաքրքրություն ունեն։ Հարցին՝ եթե, օրինակ, լինի նախագիծ, որը շատ ձայներ է ստացել, բայց անհեթեթ է կամ անճաշակ, իրագործվելո՞ւ է։ Հայկ Մարությանի մամուլի քարտուղարն ասաց․ «Անհեթեթ առաջարկներն ի սկզբանե ֆիլտրվել են՝ հարթակի հստակ կանոնները հաշվի առնելով, եւ քվեարկության են թողնվել միայն այն առաջարկները, որոնք համապատասխանում են նախագծի կանոններին»։
«Ակտիվ քաղաքացի» հարթակին ներկայացվել է 204 առաջարկ՝ 8 հազար 979 քաղաքացու կողմից։ Առաջարկները բնապահպանական, աղբահավաքային խնդիրներին, ամեն հայկականը որպես բրենդ ներկայացնելուն ու տուրիզմը զարգացնելուն են միտված, եւ շատերինը՝ թավշյա հեղափոխության մոտիվներով, էկզոտիկ եւ անգամ՝ սոցիալական։

«Բրենդային» առաջարկներից է Հյուսիսային պողոտայում, ինչպես հեղինակն է ձեւակերպել՝ «ծիրան մրգի արձանը տեղադրելը, որ ընդգծվի նրա հայկականությունը, որպեսզի զբոսաշրջիկները Հայաստանի ԲՐԵՆԴ ճանաչեն»։ Սա, ըստ հեղինակի, կնպաստի տուրիզմի զարգացմանը: Տարբեր լեզուներով էլեկտրոնային գիդը պետք է պատմի Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը, որի շնորհիվ էլ տվյալ միրգը ստացել է իր լատինատառ անվանումը՝ Prunus Armeniac: Առաջարկվում է, որ արձանի մի մասնիկն էլ լինի հայկական դուդուկը, «որը նույնպես պատրաստվում է բացառապես ծիրանափողից»: Կան բազմաթիվ առաջարկներ՝ հայկական հեքիաթներով պատկերազարդված շենքեր, դիտահորեր, նստարաններ, նաեւ՝ երգող։
Այլ «կրեատիվ» առաջարկներ՝ վարդերով պատված ծաղկող աղամաններ, ցայտաղբյուրներ շների ու մարդկանց համար, երգող ու կանաչող նստարաններ։ «Հեղափոխական առաջարկներից»՝ Կարգին զբոսայգի՝ կարգին քաղաքապետի օրոք։ Զբոսայգին պետք է լինի Երեւանի կենդանաբանական այգուց մինչեւ Նոր Նորքի Կրպեյանի անվան զբոսայգի ընկած հատվածում, որտեղ այժմ անբարեկարգ է։ Շատ են առաջարկները մայրաքաղաքի կենդանիների հետ կապված։ Մի քաղաքացի, օրինակ, առաջարկում է անտուն կատուներին ու շներին խնամակալության տակ վերցնել։ Հենց այդպես էլ գրել է առաջարկի նախաբանում․ «Հեղափոխությունից հետո իրականացավ երեւանցի կենդանասերների վաղեմի երազանքը՝ այն, որ քաղաքի իշխանությունները որդեգրել են կենդանիների նկատմամբ նոր, առավել մարդասիրական ռազմավարություն»:

Առաջարկ է եղել քաղաքացիներից՝ կուտակված քիչ օգտագործված, լավորակ հագուստը, հատկապես մանկական, հավաքել քաղաքում մի քանի վայրերում՝ կարիքավոր ընտանիքների համար։ Կա անգամ առաջարկ՝ կրծքով կերակրող երեւանցի մայրերի համար։ Այն է՝ մայրաքաղաքի այգիներում նախաձեռնել կրծքով կերակրման սենյակներ՝ նոր կառուցված մաքուր զուգարաններում, որտեղ մայրիկները պետք է առանց ավելորդ լարվածության կերակրեն երեխաներին եւ փոխեն  նրանց տակդիրները:

Մեկ հետաքրքիր առաջարկ էլ․ քաղաքում ունենալ բնական քարերով, խիճով, այլ բնական նյութերով կառուցված այգի, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան բոկոտն քայլել եւ շփվել հողի հետ։ Առաջարկի հեղինակը նաեւ նշել է, թե ինչ նյութեր կարող են լինել այգում՝ ծովի ավազ, խոշոր ու մանր քարեր, չոր ու թարմ խոտ (գազոն), տարբեր տեսակի փայտե, գինու շշի խցաններ, եղեւնու կոն, կավ, մարմար, մանրացրած ծառի կեղեւ, ծովախեցիներ, շագանակներ, մրգերի կորիզներ։

Մեկ այլ առաջարկ՝ այլընտրանքային փոխադրամիջոցների կիրառման մշակույթի՝ հեծանվային տրանսպորտի զարգացման ու Կենտրոն վարչական շրջանը բեռնաթափելու նպատակով քաղաքացիների եւ զբոսաշրջիկների հեշտ տեղաշարժի համար առաջարկվում է երկարաձիգ եւ բարձրադիր երթուղիների հանրային տրանսպորտի առջեւի մասում տեղադրել հեծանվի տեղափոխման համար կախիչներ, որոնք հնարավորություն կտան բարձրադիր գոտիներում բնակվող քաղաքացիներին հեշտությամբ տեղափոխել իրենց տրանսպորտային միջոցը՝ հեծանիվը, որն էլ նպաստող հանգամանք կարող է հանդիսանալ մայրաքաղաքում հեծանվային մշակույթի զարգացման՝ հեծանվային երթեւեկության կազմակերպման համար:

Կֆինանսավորվեն ամենաշատ քվե ստացած նախագծերը՝ մինչեւ 30 միլիոն դրամի չափով, ծրագրի ընդհանուր գումարի չափը 1 միլիոն դոլար է։ Նշենք, որ ամենաշատ քվեարկված առաջարկները, գոնե մեր տպավորությամբ, ամենաանհետաքրքիրն ու ոչ կրեատիվն էին։  Դրանք են՝ «Վերականգնել Կարմիր բլուրը», մարզական կենտրոն հիմնել Հաղթանակ թաղամասում, Սարյան պուրակի բարեկարգում, Հակոբ Օշականի անվան դպրոցի բակային տարածքի վերականգնում։