Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն հրաժարվել է ավագանու մանդատից

Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն հրաժարվել է ավագանու մանդատից

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը ներկայացնող, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանն այսօր հրաժարվել են իրենց մանդատներից: Դրանք կտրվեն իրենց կուսակցության հաջորդ համարները ներկայացնողներին: Տեղեկությունը հաստատեցին  թիվ 31 ԸԸՀ-ից: 

Նկատենք, որ խոսակցությունները, թե «Բալասանյան դաշինքը» հրաժարվել է կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ, ավելի են ամրապնդվում, ըստ մեր տեղեկությունների, «Բալասանյան դաշինքը» պատրաստվում է կոալիցիա կազմել «Զարթոնք»-ի և ՀՀԿ -ի հետ, առաջադրել իրենց թեկնածուին` Վարդգես Սամսոնյանին քաղաքապետի պաշտոնում: Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը նոյեմբերի 4-ին է: 

Նշենք որ ինքնաբացարկ է հայտնել նաև «Բալասանյան» դաշինքից Մեխակ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին  Գյումրիում անցկացված տեղական ընտրություններում անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։