Ֆեյսբուքյան, տիկտոկյան թե հեծանվացավային ժամանց
Երբ ՀՀ վարչապետի աթոռից կառչած՝ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության խորհրդանիշ անձն արձակուրդում էր, ես անտարբեր էի: Անտարբեր էի այն առումով, որ ինձ համար որևէ տարբերություն չկար՝ ինքը լիներ կառավարության թիվ 1 շենքում, թե որևէ այլ վայրում հեծանվացավը վայելեր: Երկու դեպքում էլ նա որևէ ազդեցություն չէր կարող գործել մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների վրա: Նրա դեպքում լավագույն լուծումն էլ կլիներ ուսուփուս մնալը: Իսկ սուսուփուս մնալու լավագույն տարբեակն էլ հենց արձակուրդ գնալն էր, ինչը և ինքն արել էր: Ու այդ պատճառով էլ, ի տարբերություն բազմաթիվ գրագետ հայաստանցիների, բացարձակ չեմ անդրադարձել այս դժվար ժամանակներում նրա արձակուրդ գնալուն-չգնալուն: Ի վերջո, արձակուրդ չգնար ու մնար թիվ 1 շենքում՝ որ ի՞նչ աներ: Մարդն էլ գցել-բռնել է ու որոշել, որ ճիշտն արձակուրդ գնալն է: Ու հանգստանալու հետ էլ ինքնափիառով զբաղվելը:
Մի ժամանակ, եթե հիշում եք, ինքը նաև գրքեր էր կարդում ու ձեռքի հետ էլ դա փիառում՝ հեռակա մրցակցության մեջ մտնելով ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ: Հետո երևի հասկացավ, որ մրցակցությունն իր օգտին չի կարող լինել, ու գրքային էպոպեան դադարեցվեց: Համ էլ գրքերը նրա հետ վատ կատակ խաղացին: Օրինակ, այս մեկը՝ ամերիկյան բլոգեր Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը»: Այն հրատարակած «Նյումագ» ընկերությունն այսպես է ներկայացրել գիրքը. «Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»»:
Այսինքն, չնայած իր էությանն ու գործունեությանն այդքան մոտ վերնագրին՝ գրքում ամեն ինչ ներկայացված էր լրիվ հակառակ տրամաբանությամբ: Ու այդ պատճառով էլ գիրքը գնելիս այն փիառելուց հետո այլևս երբեք չանդրադարձավ դրան: Ինչը խիստ բնական է, հո՞ չէր ասելու, որ ամերիկյան բլոգերը սխալ է հանում իր ողջ ապրած կյանքն ու «կենսափիլիսոփայությունը»: Իսկ վերջինս ներկայացված է 2020-ի 44-օրյա պատերազմից 10 օր առաջ գրված իր մեծ հոդվածում, որը վերնագրված էր անհեթեթ այս կարգախոսով. «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Ինչևէ, գրքասիրությունը փոխարինվեց «տիկտոկերասիրությամբ», քանի որ այն ապահովում էր երիտասարդների շրջանում քարոզչություն անցկացնելը: Իսկ թե ինչու հենց «ՏիկՏոկ»-ում հարցը պարզ բացատրություն ունի. ֆեյսբուքյան նախկին տասնյակ հազարավոր հավանումները նվազել են մինչև մի քանի հազարի՝ հազարից մեկ անցնելով տաս հազարը:
Եվ, ի վերջո, ֆեյսբուքյան, տիկտոկյան թե հեծանվացավային ժամանցի գերակայության պարագայում՝ լինի այն աշխատանքային կամ արձակուրդային ժամանակահատվածում, էական չէ այն, թե այդ երկու ժամանակահատվածներից կոնկրետ որ մեկում է գտնվում անձը: Ուրիշ հարց, որ պետության ղեկավարը, այն էլ Հայաստանի նման պետության ղեկավարը, չպետք է իր ժամանակի թեկուզ նվազագույն մասով թրև գար սոցիալական այս կամ այն ցանցում: Էլ չասած, որ Հայաստանի այսօրվա բարդագույն վիճակը պայմանավորված է հենց իր անձով ու իր գործունեությամբ:
Հ. Գ. ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն, ըստ լրատվականների, հանդիպել է ամերիկացի բլոգերների հետ և կատակել, թե թոշակի անցնելուց հետո ինքն էլ է բլոգեր դառնալու: Պարոն Բայդենն ի՞նչ իմանա, որ ՀՀ վարչապետը բլոգերությամբ է զբաղվում հենց իր աշխատանքային գործունեության ընթացքում: Ու ոչ թե իր հայրենակիցների, այլ հենց ՀՀ վարչապետի հետ պետք է քննարկեր բլոգերությամբ զբաղվելու հարցը:
Կարծիքներ