Գլխավորը եւ երկրորդականը

Գլխավորը եւ երկրորդականը

Որ վարչապետ Փաշինյանը պետք է ընտանիքով ապրի կառավարական ամառանոցում, քննարկման ենթակա չէ: Որ առանձնատունը վերանորոգման կարիք է ունեցել, հասկանալի է: Որ նա Միացյալ Նահանգներ է մեկնել չարթերային ինքնաթիռով՝ ոչինչ: Որ գործարարները գումարներ են փոխանցում առաջին տիկնոջ հիմնադրամին, մեր մենթալիտետին լիովին հարիր է: Փաշինյանների կենցաղը փորփրելու, մանավանդ նրանց երեխաների հետ բանակռվի մեջ մտնելու դրսեւորումները տգեղ են:

Կառավարական ամառանոցը, չարթերային թռիչքը, Աննա Հակոբյանի հիմնադրամ մուտք արված գումարները, բնության գրկում մի բաժակ գինի խմելն ու լուսանկար տարածելը երկրորդական-երրորդական բաներ են: Պետության միջոցների հաշվին շռայլություն բոլոր իշխանավորներն են թույլ տալիս: Արտառոցն այն է, որ Փաշինյանի քննադատները հենց երկրորդականի վրա են մտասեւեռվում: Տպավորություն է, թե խնդիր է դրված նրա նկատմամբ համատարած ատելություն արծարծել: Դա ամենավտանգավորն է, երբ իշխանության քննադատությունը կրում է թիրախային-անձնավորված բնույթ: Փաշինյանին, թվում է, պետք է քննադատել մի հարցում՝ որ նա ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ այդպես էլ չառաջադրեց, մի սկզբունքային հեռանկար, որի շուրջ պարտադրված կլինեին համախմբվել նույնիսկ նախկինները:

Դա է, որ կասկածի որդ է սերմանում, թե այդ դեպքում ո՞րն էր թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության իմաստը: Եթե ամեն ինչ պիտի մնար նույն ուղեծրում, ավելի ճիշտ՝ փակ շրջանում, որտեղ մենք կարող ենք միայն միմյանց բզկտել, ապա ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանն այդ խնդիրը, խոստովանենք, ավելի հաջող էին լուծում: Կարողանում էին Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ «կիսվել» եւ Իրանի  ու նաեւ՝ Վրաստանի հետ էլ, համենայն դեպս, օրախնդիր հարցերը կարգավորված էին, սառեցված էր Ղարաբաղյան կարգավորումը՝ մինչեւ այն  X պահը, երբ կամ լուծում կպարտադրվեր, կամ կպայթեր պատերազմը, եւ ամեն ինչ իր տեղը կընկներ: Այս հյուծիչ-վտանգաշատ իրավիճակի փոփոխությունը պետք է լիներ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը: Բայց գործ ունենք Հայաստանի շուրջ ավելի կոշտ, անհանդուրժողական մթնոլորտի առարկայացման սպառնալիքի հետ: Եւ իրավիճակն օր-օրի գլորվում է դեպի հայ-թուրքական բախում: Առայժմ՝ դիվանագիտական-քարոզչական դրսեւորումներով: Բայց ոչ մի երաշխիք չկա, որ խորքային գործընթացները մի սեւ օր չեն պայթի լայնածավալ պատերազմի տեսքով: Կառավարությունն ունի՞ այդ սցենարի ընկալում: Փորձագիտական մակարդակով՝ գուցե, բայց գործնական քայլերով ի՞նչ է արվում դրանից խուսափելու համար՝ ոչ մի ազդակ հանրությունը չունի, չի ստանում: Ավելին, կայուն տպավորություն է, թե իշխանությունը կանխամտածված է էքսցենտրիկ դրսեւորվում, որպեսզի դժգոհությունը կենցաղային «չուզողությունից»՝ ինչու՞ պիտի Փաշինյանի համար 55 միլիոն դոլարանոց նոր ինքնաթիռ ձեռք բերվի,- վեր չբարձրանա: Եւ ընդդիմությունն էլ «պատվով» ընդունել է նետած ձեռնոցը, օրինբուն Փաշինյանների «զգեստապահարաններն է քրքրում»:

Նախկինների մասով ամեն ինչ հասկանալի է, եթե այլընտրանք առաջարկող լինեին, 2018-ի ապրիլը չէր պայթի: Նորեր չկան: Երկիրը գնում է լճացման՝ ահա թե ինչի համար պետք է քննադատել Փաշինյանին: Հեղափոխությունը տասը հայից իննի ընկալումներում այլեւս վերածվում է պարզ իշխանափոխության: Հայաստանով այլեւս ոչ ոք չի հետաքրքրվում, որովհետեւ Փաշինյանը ՀԵՌԱՆԿԱՐԻ գործիչ, ցավոք, չդարձավ: Մնացածը ,,տեխնիկայի հարց է,,՝ երբ, ինչպես, ում հովանավորությամբ կամ նույնիսկ՝ դավադրությամբ: Այդուհանդերձ, Փաշինյանը, կարծում եմ, շտկվելու հնարավորություն դեռ ունի: Արցախում նախագահական ընտրություններից հետո նա կունենա մեկ տարի ժամանակ, որպեսզի Ղարաբաղյան կարգավորման հարցում ձեւավորի ներազգային կոնսենսուս եւ առաջարկի ՀԵՌԱՆԿԱՐ: Այլընտրանք չկա: Բայց կգնա՞ նա այդ որոշմանը: