Պետք չէ հավատալ դատարկ խոսքերին, պետք է հետևել գործողություններին

Պետք չէ հավատալ դատարկ խոսքերին, պետք է հետևել գործողություններին

«Հրապարակի» զրուցակիցը երգչուհի Հասմիկ Կարապետյանն է:

- Արցախը վիրավոր է: Արցախի կարգավիճակի մասին կարելի է ամենատարբեր կարծիքները լսել: Հետաքրքիր է Դուք ի՞նչ եք մտածում Արցախի մասին և ինչպե՞ս եք տեսնում ապագան:

- Բնականաբար սիրտս ցավում է Արցախի համար: Արցախը, ցավոք, այսօր շատ վիրավոր է: Ես Արցախը շատ-շատ եմ սիրում, ապրումներս անբացատրելի են: Երգի պետականում սովորելու տարիներին Արցախի հետ կապված անբացատրելի հիշողություններ ունեմ: Մշտապես Արցախում ջերմ ընդունելության եմ արժանացել: Բնական է, հիմա սիրտս շատ է ցավում: Չէի ցանկանա, որ էս օրին հասնեինք, որ ականատես լինեինք էս իրականությանը:

- Ձեր կարծիքով` ինչո՞ւ հասանք այս օրին:

- Այդ հարցի պատասխանն ինքս ինձ համար չեմ կարողանում ճշգրիտ գտնել, սակայն մտածում եմ, որ այս օրին հասանք, որովհետև մենք հայերս շատ հարցերում սխալ մտածեցինք: Գուցե ինչ-որ հարցերի թվացյալ հայացքով նայեցինք, սխալ ընտրություն արեցինք…. գուցե իրավիճակը մինչ օրս էլ լիարժեք չենք ընկալել: Մեզ պակասում է խելամտությունը, պակասում է նաև միասնությունը, համախմբվածությունը, համախմբված պետք է լինել ոչ միայն սգի ժամանակ, այլ` միշտ և բոլոր հարցերում: Հաջորդ կարծիքն էլ այն է, որ գուցե մեզանից ավելի ուժեղ ուժեր կան, որոնք ծրագրում են ամեն բան, ղեկավարում աշխարհը և հենց իրենք են ամեն ինչ որոշում, թե որ երկրում ինչ պետք է լինի, որ երկիրը պետք է խաղաղ ապրի, որ երկրում պետք է լինի պատերազմ: Ամենա-ամենա վերևում գտնվող մարդիկ են աշխարհը կառավարում, իսկ հասարակ ժողովուրդն այդ ամենն ի վիճակի չէ իմանալ:

- Հայաստանի վարչապետը մշտապես խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, թուրքերի և ազերիների հետ հաշտվելու, հարևանություն անելու մասին:

- Բնականաբար այս հայտարարությունները հակակրանք են առաջացնում: Մեր թշնամին այն տեսակը չէ, ում հետ կարելի է ցիվիլ հարաբերություններ ունենալ: Թշնամու հետ մտերմանալու վստահությունը տեղին չէ, սակայն երբ մի փոքր խորն եմ մտածում, չեմ ասում բարեկամանալ, պարտադիր չէ, սակայն երբ մտածում եմ ապագայի մասին, մեզ մի տեսակ անզոր եմ համարում, նորից պայքարելու համար: Ըստ իս` աշխարհում արդեն որոշված է ամեն բան: Մենք անզոր ենք ու փոքր, ինչ-որ բաներ փոխելու համար: Այս հարցը շատ լուրջ հարց է, երբեք հստակ պատասխանել չեմ կարող, սակայն մտորելիս գալիս եմ այն եզրահանգմանը, որ գուցե պետք է առաջ նայենք և եկող սերունդների համար ստեղծենք կոսմոպոլիտ ապագա, արդյունքում ունենանք ավելի լավ, ավելի հարուստ, ավելի բարեկեցիկ երկիր: Մենք պետք է փոխենք իրավիճակը, գուցե եթե չի լուծվելու մեր անցյալի հարցը, ապա պետք է այնպես անենք, որ եկող սերունդները նորմալ պայմաններում ապրեն, պատերազմներ չտեսնեն: Տեսնելով որդեկորույս ծնողներին, շփվելով նրանց հետ, երբեմն անգամ գիշերները չեմ կարողանում հանգիստ քնել, մտովի նրանց հետ եմ: Որպեսզի այս ամենը չկրկնվի, պետք է գտնել ոսկե միջինը, հասկանալու համար, թե ինչ զիջողությունների կարելի է գնալ հանուն ապագա սերունդների:

- Ապրիլի 23-ի ջահերով երթին չե՞ք միացել:

- Ցավոք, բալիկներիս հետ չհասցրի գնալ, սակայն ամուսինս գնաց: Միասին գնալ չէինք կարող:

- Հասմիկ, շոու բիզնեսի ներկայացուցիչները բավականին պասիվ են, չեն խոսում, չեն արտահայտվում:

- Անկեղծ ասած չեմ կարող ասել պատճառը, սակայն կար ժամանակ, որ խոսում էին, պասիվ չէին: Հիմա հավանաբար վախենում են քննադատություններից:  Վախենում են ինչ-որ շրջանակների կողմից բացասական մեկնաբանություններ լսելուց: Ես երբեք չեմ վախեցել որևէ հարցից: Պետք չէ հավատալ դատարկ խոսքերին, պետք է հետևել գործողություններին: