Իրանից ժամանած հայ ընտանիքն աղետալի վիճակում է

Իրանից ժամանած հայ ընտանիքն աղետալի վիճակում է

Իրանից «վտարված» հայ ընտանիքը շուրջ տասն օր է ինքնամեկուսացված  ապրում է Երեւանի Միքայելյան 1 հասցեի 12-րդ բնակարանում՝ զրկված արտաքին աշխարհի հետ ուղիղ կապից, անտեսված պետության կողմից։ Իսկ այսօր անջատել են նրանց բնակարանի գազամատակարարումը, ավելին՝ սպառնում են միացնելու դեպքում զոդել՝ անջատելով ամբողջ հոսքագիծը: Այս մասին մեզ է ահազանգել ընտանիքի մայրը՝ Արմենուհի Գրիգորյանը։ Ամուսնու եւ որդու հետ մարտի 15-ին Իրան-Հայաստան սահմանը հատած ընտանիքը հայրենիք է ժամանել 22 հազար դրամով ու նույն օրվանից ինքնամեկուսացել: 

Ընտանիքը հարեւան պետություն էր մեկնել դեկտեմբերին՝ բիզնես ծավալելու նպատակով, մի քանի օրով հայրենիք են վերադարձել Ամանորը նշելու ու հունվարի 11-ին կրկին մեկնել Իրան. «Իրանից մեզ վտարեց տեղի ոստիկանությունը, երբ սկսվեց կորոնավիրուսի բռնկման փուլը: Երեւի մենք միակ տուրիստն էինք մնացել, փորձում էինք պայքարել մեր բիզնեսի համար, քանի որ մեր ողջ կյանքի աշխատածն էինք ներդրել, որ մի բանի հասնեինք: Ինչ ունեինք այստեղ տարել էինք, որ մեծ բիզնես սկսենք, հասունացնենք ու բերենք Հայաստան»:  Բայց համաճարակը խառնել է նրանց բոլոր պլանները, նրանք մարտի 15-ին հատել են սահմանը. «Սահմանակետում մեր ձեռքից մեր թումանը վերցրեցին՝ասելով, որ վարակի տարածման աղբյուր է: Սահմանին մենք տաքություն չունեինք, մեզ զգուշացրեցին, որ ինքնամեկուսացվում եք, ոչ մի տեղ չեք գնում՝ ոչ հաց առնելու, ոչ ջուր, ոչ մի բան: Փակվում եք տան մեջ: Ես պատասխանատու մարդ եմ, եկել եմ ու այդ կանոններով ապրում եմ, անգամ հարեւանը ջուր է թափել գլխիս, զանգով եմ զգուշացրել, ասել եմ՝ Վարդգես ջան, մի իջի, մենք ռիսկային գոտում ենք, այս ամենը կավարտվի, նոր կգաս, կխոսենք: Մի քանի օր յոլա ենք գնացել տան պահածոներով, սառնարանի մթերքներով, խմոր եմ արել, հաց եմ թխել: Մենք մի կերպ պայքարում ենք սնունդի համար, մեկ էլ գազի գրասենյակից անընդհատ հորդորում էին վճարել կոմունալ վարձը ու անջատել են: 

Պարտքով տված գումար ունեմ, բայց մարդիկ չեն կարողանում տալ, վարձով տված տուն ունեմ, բայց վարձակալից չեմ կարողանում փող վերցնել, մարդն օրավարձով աշխատող է, փող չունի հիմա: Մի խոսքով՝ հայտնվել եմ շատ վատ վիճակում»: 

Տիկնոջ խոսքով՝ ուրբաթ օրվանից ինքը զանգահարում է պետական տարբեր ատյաններ՝ օգնության ակնկալիքով, որ գոնե միացնեն բնակարանի գազը, ինչպես նաեւ օգնության ձեռք մեկնեն, միայն  ՄԻՊ-ն է քայլեր ձեռնարկել. «Այսօր, քիչ առաջ, մի քանի տուփ մակարոն են ուղարկել, կարտոֆիլ, թեթեւ սնունդ, էլի գոհ եմ, բայց առանց գազի ինչպես ապրենք: Ես էլ շաքարային դիաբետ ունեմ, սառը ջրով աման եմ լվանում: Մի քանի անգամ զանգահարեցի գազի գրասենյակ, ասացի, որ եթե չմիացնեն, մենք ինքներս ենք միացնելու, ուղարկել եմ անձնագրիս պատճենները, որ տեսնեն՝ չենք խաբում, իսկապես նոր ենք վերադարձել, կարանտինի մեջ ենք»: 

Ընտանիքը կորոնավիրուսի թեստ չի հանձնել, տիկնոջ խոսքով՝ առողջապահության նախարարություն դիմել է, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել.«Ոչ մի բան, հասկանում եք, միայն ձեւական քայլեր են անում: Հիմա որ կարեւոր երկրից եկած լինեինք ինքնաթիռով ցուցադրաբար Գոլդեն Փելես կտանեին, դեմներս կերգեին, ես սովորական քաղաքացի եմ, Պարսկաստանը չմո երկիր է, ինչ պիտի անեն ինձ՝ ոչ մի բան: Պայքարով, խնդրանքով, լեզվակռվով մի քանի բան են ուղարկել, որ ապրենք, դրանից էլ ենք շնորհակալ: Բայց այն էլ պետությունը չի արել, ինչ-որ «Ապագա» ընկերություն: Պետությունը մեզ ոչ մի բան չի անում, այն դեպքում, երբ ես վատ եմ զգում, դիաբետ ունեմ»: 

Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթից հետո, որ էլեկտրաէներգիայի, գազի անջատումներ չեն լինի, եթե քաղաքացիները ուշ վճարեն, տիկինը կրկին զանգահարել է գազի գրասենյակ, բայց տեսուչից ստացել է սպառնալից նամակ, որ եթե միացնեն, կգա կզոդի:

Հ.Գ.-Փորձեցինք պարետատնից պարզել՝ տեղյա՞կ են այս ընտանիքի մասին, սակայն սովորույթի համաձայն, զանգերին չպատասխանեցին: