Վարդանյանը մեզնից իմացավ, որ իր հետ կապված վարույթ կա

Վարդանյանը մեզնից իմացավ, որ իր հետ կապված վարույթ կա

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ որպես ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ, դիրքորոշում հայտնելու ու հայտարարագիր ներկայացնելու: Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Վարդանյանին պատկանող գույքի օրինականության վերաբերյալ վարույթ են սկսել եւ այդ մասին արդեն հրապարակային ծանուցում են տեղադրում։ 

Մենք փորձեցինք Արա Վարդանյանից ճշտել, թե ինչ գույքի մասին է խոսքը, ինչ են ուզում իր ձեռքից վերցնել եւ ինչպես է նա գնահատում իր նկատմամբ նախաձեռնված վարույթը: Սակայն պարզվեց` նա բոլորովին անտեղյակ է, թե ինչի մասին է խոսքը: Արա Վարդանյանը մեզնից տեղեկացավ, որ վարույթ է սկսվել իր գույքի հետ կապված։ Փաստորեն դատախազությունը նախքան հրապարակային ծանուցումը մարդկանց անհատապես չի ծանուցում վարույթի վերաբերյալ, ոչ մի բացատրություն չի լսում, ոչ մի փաստաթղթեր չի ուսումնասիրում` միանգամից հեղինակազրկում է մարդկանց, թալանչու պիտակ կպցնում` առանց քննություն կատարելու։

Մինչդեռ հայտնի է, որ որքան էլ կասկածելի լինի Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, սակայն այդ օրենքն ասում է, որ մարդը պետք է հնարավորություն ունենա փաստաթղթերով ապացուցել իր գույքի ծագումը: Այսինքն, դեռ հարց է, թե որքանով է այդ գույքն անօրինական եւ օր առաջ այդ մասին հայտարարելը ոչ մի իմաստ չունի` եթե դու քո առաջ նպատակ չես դրել մարդուն վարկաբեկելու: