Ոստիկանը նրանն է, ով վճարում է

Ոստիկանը նրանն է, ով վճարում է

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը գրում է. «Մեր ոստիկանները… հավուր պատշաճի իրականացնում են իրենց օրինական պարտականությունները՝ չակնկալելով ոչինչ, բացի իրենց համազգեստի ու կատարած գործառույթների նկատմամբ հարգանքից»։ Հետաքրքիր է՝ դա իրո՞ք այդպես է, թե՞ոստիկանները, այնուամենայնիվ, ակնկալում եւ ստանում են նաեւ հստակ նյութական բարիքներ: Այդ հարցին պատասխանելու համար Գուգլում մի թեթեւ որոնումն անգամ բավարար էր: Եվ այսպես: Ոստիկանության ծառայողների կողմից ստացած տարեվերջյան եւ/կամ ընթացիկ պարգեւավճարի չափը վերջին տարիներին, պաշտոնական եւ լրատվամիջոցների հաղորդած տվյալների համադրմամբ, կազմել է.

2 միլիարդ 775 միլիոն դրամ (2016թ.-ին), 2 միլիարդ 558 միլիոն դրամ (2017թ.-ին), 4 միլիարդ 277 միլիոն դրամ (2018թ.-ին), 7 միլիարդ 54 միլիոն դրամ (2019թ.-ին), 9 միլիարդ 400 միլիոն դրամ  (2020թ.-ին), 2 միլիարդ 400 միլիոն դրամ (2021թ.-ին՝ զուտ տարեվերջյան պարգեւատրման ֆոնդի չափը): Միաժամանակ, 2021թ. հունվար-մայիս ամիսներին ոստիկանության ծառայողների (աշխատողների) ամսական պարգեւատրումների համար հատկացվել է 3 միլիարդ 700 միլիոն դրամ (ընկալման հեշտության նպատակով մի շարք թվեր կլորացվել են): 2021 թվականի երկրորդ կեսի առումով տվյալներ չկային. դրանք կա՛մ գաղտնի են պահվել, եւ կա՛մ էլ գործող իշխանությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իրեն ավելի ապահով է զգացել եւ բավարարվել է ոստիկաններին 6 միլիարդ 100 միլիոն դրամ վճարելով: 2022 թվականի անցած ամիսների առումով եւս տվյալներ չկան, սակայն, լրատվամիջոցների հաղորդմամբ, առնվազն մայիս ամսվա համար ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրենց աշխատավարձի դրույքի չափով հավելավճար կստանան (կամ արդեն ստացել են):

Ի դեպ, Նիկոլին վարչապետ կարգելու օրվանից մինչեւ 2019 թվականի վերջը ոստիկանությանը վճարված պարգեւավճարների չափը կազմել է 14 միլիարդ 132 միլիոն դրամ: Համեմատելով Սերժ Սարգսյանի իշխանության վերջին երկու տարում նրա կողմից ոստիկանությանը հատկացված միջոցների (5 միլիարդ 333 միլիոն դրամ) չափը Նիկոլի կողմից նրա՝ ոչ ամբողջական առաջին երկու տարվա ընթացքում հատկացվածի հետ՝ տեսնում ենք, որ Նիկոլինը գերազանցել է Սերժին ավելի քան 2,6 անգամ: Եվ դա՝ այն ժամանակ, երբ Նիկոլը ժողովրդականության գագաթնակետին էր, եւ նրա իշխանությանը ոչինչ չէր սպառնում:

Նիկոլի՝ վարչապետ կարգվելուց հետո, ինչպես տեսնում ենք, ոստիկանությանը հատկացված պարգեւավճարների չափը տարեցտարի ավելացել է: Իսկ ՀՀ երրորդ նախագահ, «մերժված» Սերժի իշխանության վերջին երկու տարում դրանք նույնիսկ նվազել են: Ընդ որում, «ժողվարչապետի» օրոք ավելացումները եղել են չափազանց կտրուկ՝ մեկուկեսից երկու անգամ: Իսկ մենք հիշում ենք, որ վարչապետ կարգվելով՝ Փաշինյան Նիկոլը խոսում էր ոստիկանությանը հատկացվելիք գումարները նվազեցնելու մասին: Եվ այդ առումով նույնիսկ մեկ-երկու քայլ կատարեց.

«Հրեշտակները» կազմալուծվեցին, ոստիկանական խմբեր ուղարկվեցին սահման եւ այլն: Բայց շատ արագ սկզբունքները փոխվեցին, ավելի ճիշտ՝ վերադարձան ի շրջանս յուր, եւ մինչեւ պատերազմը ոստիկանությունն արդեն ամբողջությամբ դարձել էր Նիկոլինը: Դրանով բացահայտելով նիկոլական «ժողովրդավարության» իրական բնույթը:

Իսկ այժմ ընդամենը մեկ օրինակի վրա տեսնենք, թե ինչպես է իր «օրինական» պարտականություններն իրականացնում «ժողովրդավարական» Հայաստանի ոստիկանությունը: Իսկ մինչ այդ համեմատական մեկ տվյալ՝ ս. թ. մայիսի 17-ին փողոցից ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 417 անձ, իսկ 2018 թ. ապրիլի 22-ին, ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի, 363 անձ (2018-ի ամենամեծ քանակը):

«Աղջիկներին բերման են ենթարկել վայրագություններով: Մեր տղաներին գլուխներն ասֆալտին հարվածելով տարել են, նույնձեւ՝ նաեւ աղջիկներին՝ սալջարդեր պատճառելով, դեռ կոտրվածքները չգիտենք: Վայրենավարի բերման են ենթարկել»,- մայիսի 17-ին Իսահակյան փողոցում, անհնազանդության գործողության ժամանակ, հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Եթե ասվի, որ Աննա Մկրտչյանը կողմնակալ անձ է՝ ներկայացնեմ Նիկոլի «սրտի» ՄԻՊ-ի հայտարարությունից մեկ հատված. «Պաշտպանը ոստիկանության ծառայողներին զգուշացնում է՝ գործել բացառապես օրինականության շրջանակում, պահպանել բերման ենթարկելիս ուժի համաչափության՝ անհրաժեշտ նվազագույնի սկզբունքը, որեւէ պարագայում անձի ինքնասիրությունը ոտնահարող կամ նսեմացնող գործողությունների չդիմել, քանի որ դրանք ստանալու են համարժեք իրավական գնահատական»: 

Կարծում եմ, որ ներկայացվածը «չակնկալելով ոչինչ»-ի իրական պատկերն է՝ միաժամանակ պարտականությունների այն «հավուր պատշաճի» իրականացումը, ինչի մասին խոսել է ՔՊ-ական «ազգընտիրը»: Այնպես որ, ոստիկանը միշտ է եղել իշխանության ձեռքի գործիքը եւ շարունակում է մնալ այդպիսին: Եվ բացարձակ նշանակություն չունի, թե ով է ղեկավարում երկիրը՝ «ժողվարչապետ» Նիկո՞լը, թե՞ «մերժված» Սերժը: Ուղղակի Նիկոլի օրոք այն ավելի վայրագ է, քանի որ, ի տարբերություն Սերժի, Նիկոլը չի պատրաստվում իշխանությունը հանձնել կամովին: Եվ այդ պատճառով էլ պետական միջոցների հաշվին խոշոր գումարներ հատկացնելով՝ լավություն է անում ոստիկաններին: