«Հրապարակ»․ Փաշինյանը «միջանցքի» հարցը համաձայնեցրել է, հիմա կարգավիճակն են որոշում

«Հրապարակ»․ Փաշինյանը «միջանցքի» հարցը համաձայնեցրել է, հիմա կարգավիճակն են որոշում

ՔՊ-ականները, որ շարունակ հայտարարում էին, թե Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում «միջանցքային տրամաբանություն» չի քննարկվում, կամաց-կամաց ժողովրդի ականջին կաթեցնում են Ալիեւին տրվելիք «անխոչընդոտ ճանապարհի» օրակարգը, որը ոչ այլ ինչ է, քան հենց միջանցք:

Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր բերանից թռցրել, որ պատրաստ են Բաքվին անխոչընդոտ ճանապարհ տրամադրել՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ: «Ինչ ճանապարհ էլ լինի, Ադրբեջանը դա անվանելու է միջանցք»,- նիկոլական «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի» ոճով հայտարարել էր Սիմոնյանը, ըստ էության, այս գլխից արդեն մատնելով իշխանական թիմի մտադրությունը, թե Բաքվի հերթական պահանջը կատարելուց հետո ինչ մանիպուլյացիաների են դիմելու, որ արդարացնեն զիջումը:

Սիմոնյանի հայտարարությունից հետո նախ՝ ինքը, ապա թիմակիցները լծվեցին «անխոչընդոտ ճանապարհ» ձեւակերպումը «պարզաբանելու» գործին, թե «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի համար անընդունելի է, մնում է կարմիր գիծ: ՔՊ-ական Արման Եղոյանը, օրինակ, փորձել էր լղոզել հարցը․ «ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պիտի մի որոշակի, չասենք` ստուգում, բայց վերահսկողության ենթարկվի, այսինքն՝ ՀՀ-ն պիտի իմանա, թե ինչ է իր տարածքով անցնում»: Նրա թիմակից Արթուր Հովհաննիսյանն ասել էր. «Կարո՞ղ է հավանական լինել, որ Հայաստանի տարածքով անցնի որեւէ բեռ, որի, էսպես ասած, պարունակության, բովանդակության մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները չիմանան»: Իշխանական խոսափողներն այս պնդումներն անելիս, սակայն, չեն պատասխանում գլխավոր հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը տեղեկանալու այդ մասին, ու ի՞նչ մեխանիզմով է իրականացվելու Հայաստանով անցնող բեռների նկատմամբ վերահսկողությունը, որովհետեւ դա կարող է լրիվ ձեւական լինել, եւ, դիցուք, Բաքուն Երեւանին ինչ-որ թղթի կտորով տեղեկացնի X բեռի մասին, դրանով հարցը փակվի առանց ստուգման, բայց իրականում տեղափոխի Y բեռը:

Այս սցենարն առավել քան հավանական է՝ հաշվի առնելով ՔՊ-ականների եւ Ալիեւի ձեւակերպումների սինքրոնությունը, ինչն արդեն սովորական է դարձել ու չի զարմացնում: Ալիեւն այս տարվա հունվարի 28-ին՝ տրանսպորտային խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ, բառացի ասել էր. «Հայաստանը պետք է ապահովի մեր կապը Նախիջեւանի հետ՝ առանց խոչընդոտների եւ ստուգումների»: 

Իշխանությունը չի բացահայտում, թե կոմունիկացիաների ապաշրջափակման ինչ առաջարկներ է ուղարկել Բաքվին, որին շուրջ 3 ամիս է՝ պատասխան չկա, բայց Ալիեւը նշված քննարկմանը հրապարակավ հասցրել է Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ»-ն անվանել «թղթի կտոր» ու պնդել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագիծը: Ընդ որում, Ալիեւն այս մասին խոսելիս «միջանցքի» տրամադրումը որպես Փաշինյանի ստանձնած պարտավորություն է ներկայացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթին:

Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը «Հրապարակ»-ին ասում է՝ Փաշինյանն Ալիեւի հետ վաղուց համաձայնեցրել է այդ հարցը, հիմա խոսքը, այսպես կոչված, «միջանցքի» կարգավիճակի հարցն է: «Հիմա դա ինչպես էլ կոչենք՝ միջանցք, ճանապարհ, եթե Ադրբեջանի ինչ-որ կետից ապրանք է անցնում Հայաստանով դեպի Նախիջեւան կամ այլ ուղղությամբ, որը չի անցնում Հայաստանի համար ստանդարտ ստուգման համակարգով եւ ընթացակարգերով, ապա խոսքը գնում է հենց միջանցքի մասին: Օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետությունից մեքենաները հատում են Մեղրիի ճանապարհը եւ հասնում են մինչեւ Հայաստան-Վրաստան սահմանը, եւ այդ բեռնափոխադրումների համար ինչ-որ հատուկ կարգավիճակ չկա, այդ մեքենաները սահմանը հատում են  ՀՀ օրենսդրությանը համապատասխան մաքսային եւ բեռների փոխադրման ընթացակարգով: Նախկինում հայկական կողմը նույնիսկ, այսպես ասած, ճանապարհային վարձն էր հանել: Երբ սրանք եկան իշխանության, այդ ճանապարհային վարձը վերականգնեցին: Հիմա, եթե այդ համակարգից դուրս այլ համակարգով են սկսելու աշխատել, մենք հստակ պետք է խոսենք միջանցքի մասին, անկախ նրանից, թե իրենք ինչպես այն կկոչեն, որովհետեւ չի կարող այլ համակարգ լինել: Եթե մի մաքսակետից հատում է սահմանը, կարգը պետք է լինի նույնը, որով իրանական մեքենաները հատում են սահմանը եւ հասնում Վրաստան, մնացած այլ կարգավիճակների դեպքում խոսքը գնում է միջանցքի մասին»,- բացատրում է մասնագետը:

Մանվելյանի խոսքով, փաստերը վկայում են՝ Փաշինյանի իշխանությունը Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցում շատ վաղուց տվել է իր համաձայնությունը, բայց վախենում է ներքին ընդվզումից ու բողոքի ալիքից, ուստի փորձում է ստել ու մանիպուլացնել՝  չօգտագործելով «միջանցք» բառը, մարդկանց հաշտեցնել այդ մտքին: «Ցավոք սրտի, ամեն ինչ խոսում է դրա մասին, եւ դա ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, եւ ամեն ինչ պետք է անել, որ դրա դեմն առնվի: Դա Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության դեմ ուղղված քայլ է, որի նպատակն է՝ ուղղակի թուլացնել Հայաստանը: Իրերը պետք է իրենց անունով կոչել, եթե դու այդ կարգավիճակով ճանապարհ ես տալիս քո թշնամի պետություններին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ թշնամի պետություններ են, ապա, վաղ թե ուշ, այդ կարգավիճակով ճանապարհը նրանց հնարավորություն է տալու խառնվել մեր ներքին գործերին, փորձել ավելի խիստ վերահսկողություն սահմանել այդ ճանապարհի վրա: Այսինքն, Հայաստանի իշխանությունը պատրաստվում է Ադրբեջանին զիջել Հայաստանի ներքին գործերին խառնվելու հնարավորությունը, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ»,- ահազանգում է Մանվելյանը: