Ուղղակի համեմատեք

Ուղղակի համեմատեք

Ուզում էի Մարտի 8-ին, կանանց, նրանց հոգսերին ու դերին նվիրված խմբագրական գրել: Մի քիչ գովաբանել մեր սեռի ներկայացուցիչներին, մի քիչ ընդգծել նրանց առաքելությունն ու արժեքը: Ասել, որ կանայք շատ ավելի խիզախ են ու նպատակասլաց, շատ ավելի նվիրված ու աշխատասեր եւ իրենց ուսերին ավելի շատ բեռ են վերցնում, քան տղամարդիկ: Ուզում էի շնորհավորել կանանց տոնը, շեշտել, որ նրանք յուրաքանչյուր տան զարդն են եւ յուրաքանչյուր երկրի բարեկեցությունն ու առաջադիմությունը հատկապես իր կին քաղաքացիներից է կախված: Ուզում էի... բայց երեկ ողջ օրը հագեցած էր Ռուբեն Վարդանյանով, նրա հուսահատ-հուսավառ-լուսավոր ուղերձով եւ ոչ մի այլ թեմա չէր տեղավորվում ուղեղումս, ինչպես բոլոր նորմալ մարդկանց ուղեղում: 

Խոսքն, իհարկե, նորմալ մարդկանց մասին է, այլ ոչ թե հասարակությանը հարկատու եւ իրենց ստնտու դիտողների, նրանց դասեր տվողների, կրթողների, ազգային մտածողության եւ արժեքների դեմ օրուգիշեր պայքարողների: Մարդկանց, որոնք ձեւացնում են, թե Բաքվում գերիներ չկան, եթե անգամ կան, ապա նրանք մեր պաշտպանության եւ մեր կարեկցանքի իրավունքը չեն նվաճել, որովհետեւ «հայտնի չէ, թե ով է նրանց գործուղել Արցախ» եւ հենց իրենք են մեղավոր, որ իրենց երկիրը գրավեց թշնամին ու նրա սերուցքն էլ պատանդ տարավ Բաքու: Իրենք են մեղավոր, որովհետեւ «չեն կռվել, փախել են» կամ` վստահել են ռուսներին: 
Ստոր, ճղճիմ, փոքրոգի, անամոթ մարդկանց պահվածք, որոնք մի կողմից անզոր են երկիր կառավարել, երկրի քաղաքացիների շահերը պաշտպանել, մյուս կողմից` ագահ են եւ չեն ուզում հրաժարվել իշխանական բարիքներից, ուստի պատրաստ են ամեն թուքումուր հանդուրժել, ամեն նվաստացման գնալ` միայն թե իշխանությունը պահեն: Եւ այդ իշխանությունը պահելու ճանապարհին ամենուրեք իրենց աթոռներին ուղղված վտանգ են տեսնում` անգամ Բաքվի բանտում գտնվող մարդկանց մեջ: Ուղղակի մի պահ համեմատեք` սրանք իշխանության` կուշտ ուտելու, թանկ հագնվելու, վոյաժների մեկնելու, դաչաներում ապրելու համար են կռիվ տալիս, իսկ Ռուբեն Վարդանյանն ու Բաքվում գտնվող մեր մյուս գերիները հայի պատիվն ու պետություն ունենալու իրավունքն են պաշտպանում` իրենց կյանքի գնով: