Պետք է խորհրդարանական կայուն մեծամասնություն լինի, այսօր դա չունենք․ Կիմ Բալայան

Պետք է խորհրդարանական կայուն մեծամասնություն լինի, այսօր դա չունենք․ Կիմ Բալայան

Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով «Հրապարակը» զրուցել է Գերագույն խորհրդի Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանի հետ։

- Պարո՛ն Բալայան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Ազգային ժոովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7։ Այս պարագայում, որ 107 հոգանոց խորհրդարան է ձևավորվում, ըստ Սահմանադրության՝ ՔՊ-ն դառնո՞ւմ է մեծամասնություն։

- Գիտե՞ք՝ ինչ, ՔՊ-ն բավականին լավ համալրում է կատարել իր շարքերում։ Կեղծարարների բոլոր գլուխգործոցները գտնվում են արդեն ՔՊ-ի տրամադրության տակ։ Եվ դրանց ամենահիմնական, հիմնադիր կեղածարարը Գագիկ Ջհանգիրյանն է։ Եթե նա դարձել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար, բոլոր կեղծիքներն արդեն «արդարացված են»։ Ես միանշանակ համոզված եմ, որ ՔՊ-ն այդքան ձայներ չի տարել։ Ի՞նչ նոր մեթոդիկա են մշակել կեղծարարություն անելու համար, հստակ չեմ կարող ասել։ Բայց գրանցված ձայները, որ իրենց ձայները չեն, դրանում կասկած չունեմ։


- Ընտրությունների օրը շտաբների ղեկավարներին բերման ենթարկեցին, վստահված անձանց, հոսանքներն անջատվեցն մի քանի խոշոր համայնքներում։

- Բացի այդ, մասսայական են եղել նաև կաշառելու և այլ հին, նույնիսկ նորացված մեթոդներ՝ քնաբերով սուրճ տալու, վստահված անձանց խաբելու, թե հարազատը վատ է, ընտրատարածքից հեռացնելու։ Մի շարք այլ խախտումներ են եղել։ Ինձ թվում է՝ ամեն ինչ ջրի երես դուրս կգա, և հասարակության համար պարզ կլինի, թե ինչպես եղավ, որ ի վերջո հայրենիքի դավաճանը մեծամասնություն վաստակեց։


- ՔՊ-ն իր 71 մանդատով միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորություն ստանո՞ւմ է։

- Իհարկե չի ստանում։ Բայց ես խնդրում եմ՝ մի քիչ աչալո՛ւրջ եղեք, մի՛ ֆիքսեք այդ տվյալներն այսօր և դրա շուրջ մեկնաբանություն մի՛ խնդրեք։ Որովհետև այսօր դեռ վերահաշվարկ գնում է, և պարզ չէ՝ վերջնականում ինչ արդյունք կլինի։ Դուք տեսնում եք՝ ինչքան արտառոց դեպքեր կան։


- Ի՞նչ հիմքեր են պետք, որ Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի այս ընտրությունները, նորից ընտրություններ նշանակվեն կամ երկրոդ փուլով նշանակվեն։

- Այդ հիմքերը բազմաթիվ են, բայց միայն վարչական լծակների օգտագործումը՝ այդ կարգի չարաշահումով, բավարար է ընտրություններն անվավեր ճանաչելու համար։ Միայն այդ հանգամանքը։


- Որո՞նք են վարչական լծակների չարաշահումները։

- Մարզպետների կոնկերտ հանձնարարականներ տալը գյուղապետներին, դպրոցի տնօրեններին, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին, ստիպել-բերելը միտինգներին։ Մոռացե՞լ եք՝ ինչ վիճակ էր։ Մարդկանց, ուսուցիչներին պարտադրում էին, որ ամսի 17-ին պետք է բերեն Երևան քաղաք՝ էքսկուրսիայի, որ երեկոյան միտինգի մասնակցեն։ Այս բոլորն ի՞նչ է, դա նորմա՞լ ընտրական գործընթաց է։


- Եթե համամասնությունը հենց այսպես էլ պահպանվի՝ 71 մանդատ ՔՊԿ-ին․․․

- Դե այդպես ինչպե՞ս կպահպանվի, չե՞ք տեսնում, որ օրեցօր այդ թվերը փոխվում են։


- Տեսականորեն եթե այսպիսին լինի խորհրդարանը։ Այս պարագայում իշխող ուժն ի՞նչ հնարավորություններից է զրկվում։ Ի՞նչ օրենքներ չի կարող անցկացնել, ի՞նչ հարցերում է կարող ընդդիմությունը հակադրվել օրինական միջոցներով։

- Արդեն իսկ այսօր կասկածի տակ է կայուն մեծամասնության խնդիրը։ Այսօրվա տվյալներով՝ խորհրդարանում կայուն մեծամասնություն այլևս չունենք։ Իսկ Սահմանադրությունն ասում է, որ կայուն մեծամասնություն պիտի ունենանք։


- Կայուն մեծամասնությունն ինչպե՞ս պետք է ձևավորվի, որ չի ձևավորվել այս պարագայում։

- Կոալիցիայով, թե առանց կոալիցիայի՝ 54 տոկոսը պետք է կայուն մեծամասնություն լինի [կայուն մեծամասնությունը կազմվում է մանդատների առնվազն 54 տոկոսի առավելությամբ], այսօր դա չունենք։ Արդեն իսկ չունենք։ Ուրեմն Սահմանադրությամբ նախատեսված կարգ այդպես գոյություն չունի, բայց ընդհանուր տրամաբանությունից ելնելով՝ արդեն երկրորդ փուլի խնդիր պետք է առաջանա։ Ըստ մեր ունեցած իրավական դաշտի՝ այդ պարագայում արդեն երկրորդ փուլ է պետք։ 50 տոկոսից ավելին տոկոս հավաքելը կայուն մեծամասնություն չէ․ 54-ն է կայուն մեծամասնություն համարվում, որն օրենսդրության մեջ [Ընտրական օրենսգրքով] ամրագրված է։ Դրա համար եմ ասում, որ նման պարագայում ուզեն, թե չուզեն, պետք է երկրորդ փուլի խնդիր առաջանա։ Եվ քաղաքական ուժերն արդեն այստեղ որոշում կայացնեն։ Եթե հրաժարվում են մանդատներ վերցնելուց, խորհրդարանը չի կարող կայանալ, սահմանադրական պահանջը չի բավարարվի՝ 30 տոկոս ընդդիմություն, նոր ընտրություն պետք է գնա։ Բայց ես գտնում եմ, որ իրավական հիմքերով պետք է գործընթացն առաջ գնա։ Եվ «Հայաստան» դաշինքը, որը պայքարում է այդ ապօրինությունների դեմ, հիմնականում պետք է փաստարկված ներկայացնի համատարած ընտրախախտումների վերաբերյալ։ Խոսքս վերաբերում է թե՛ վարչական լծակների օգտագործմանը, թե՛  քարոզչության ժամանակ բռնության կոչեր անելուն։


- Նկատի ունե՞ք՝ Փաշինյանի սպառնալը մուրճով ։

- Միայն «մուրճը» չէր, այլ հանգամանքներ շատ կան։ Մասնագիտական խմբեր ունեն, փառք Աստծո, որակյալ իրավաբաններով, այդ բոլորն իմի կբերեն և կներկայացնեն Սահմանադրական դատարան։ Եվ հասարակությունը շատ մեծ ուշադրությամբ կհետևի Սահմանադրական դատարանի սահմանադրական գործելակերպին։ Որովհետև նախորդ քվեարակության ժամանակ, երբ որ հակասահմանադրական ճանաչվեց Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը [Սահմանադրական կարգը տապալելը], թիվ 1 շահագրգռվածը Նիկոլ Փաշինյանն էր, որ այդ հոդվածը վերանա։


- Որպեսզի հետո ինքը չմեղադրվի՞ նույն հոդվածով։

- Որպեսզի ինքը չմեղադրվի դրանով, որովհետև անառարկելի էր այդ հոդվածով իր մեղադրանքը։ Ինքը կնքել էր միջազգային պայմանագիր հայտարարության [Նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունը] անվան տակ։ Դա Սահմանադրության 116-րդ հոդվածին [Միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը և չեղյալ հայտարարելը] ուղիղ հակասում էր։ Եվ քանի որ դա ակնհայտ էր, Նիկոլն էլ ինքը նպաստեց, որպեսզի Սահմանադրական դատարանն այդպիսի որոշում կայացնի, անվավեր ճանաչի։ Շատերը մտածում են, թե արդարությունը հաղթեց։ Իհարկե, կասկածի տակ չեմ դնում ՍԴ որոշումը, և գտնում եմ, որ իրավաչափ էր, բայց նաև Նիկոլի շահերից էր բխում, որովհետև գոնե այդ մի հոդվածն իր վրայից դուրս է գալիս։ Բայց մնացած հոդվածները մնալու են, մեկ է։