Բաց նամակ՝ Գագիկ Ծառուկյանին

«Հրապարակ»-ին դիմած քաղաքացի Սուրեն Բարումյանը Գագիկ Ծառուկյանին խնդրում է ֆինանսավորել Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով Մարշալ Բաղրամյանի մոմե արձան սարքելու նախաձեռնությունը, որը մայիսի 9-ին կարող են ներկայացնել` որպես Մեծ հայրենականի հաղթանակին` հայերի մասնակցության խորհրդանիշ։
«Գագիկ Ծառուկյանը կոչ է արել՝ մեծ շուքով նշել Հայրենական պատերազմի 80-ամյակը, ասել է՝ ովքեր ծրագրեր ունեն, թո՛ղ ներկայացնեն՝ կֆինանսավորի։ Մենք իր կոչին նամակով արձագանքել ենք: Ցանկանում ենք մասնակցություն ունենալ, առաջարկում ենք մեր Մարշալ Բաղրամյանի մոմե արձանը պատրաստել։ Մենք կարող ենք կազմակերպել արձանի պատրաստման կազմակերպչական աշխատանքները, ուղղակի ֆինանսավորող է պետք։ Մեկ ամիս առաջ նամակով դիմել ենք, բայց դեռ արձագանք չկա»,-ասաց Բարումյանը:
Նա իր նամակում գրել է․
«Մեծարգո պարոն Ծառուկյան, հայ-ռուսական դարավոր բարեկամության լույսի ներքո, Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված՝ «Ոչ մեկը չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» խորագրով պատրաստ ենք կազմակերպել «Փառքի ցուցահանդես» մարշալներ՝ Բաղրամյանի, Ժուկովի․․․ մոմե արձաններով։ Զուգահեռ կարող ենք ստեղծել մոմե քանդակների «Փառքի թանգարան», իր բաժիններով, պատմական առանցքային հերոսների արձաններ՝ հանձինս մեր առաջին օլիմպիական չեմպիոն Վարազդատ թագավորի»։
Կարծիքներ