«Հրապարակ». Ո՞ւմ համար են այս տները սարքում՝ թուրքերի՞

«Հրապարակ». Ո՞ւմ համար են այս տները սարքում՝ թուրքերի՞

Երեկ գերլարված իրավիճակ էր Մոնումենտի Բաբայան 2 հասցեում՝ Մոնումենտի զբոսայգուն հարակից տարածքում: Կառուցապատող «Ռիդ» ՍՊԸ-ն, ըստ բնակիչների, ծառապատ այգին գնել է ութ տարի առաջ եւ այժմ պատրաստվում է կառուցապատման աշխատանքներ իրականացնել: Բնակիչներն էլ վրդովված դուրս էին եկել, որ թույլ չտան։ 

Նրանք ասում էին, որ այգին իրենց երեխաներինն է, այստեղ են նրանք խաղում, իսկ «Ռիդ» ՍՊԸ-ն ամեն գնով այգին փորձում է ոչնչացնել: Նշում էին, որ շինթույլտվությունն անօրինական է` պայմանագիրը կնքվել է ութ տարի առաջ, սակայն ութ տարիների ընթացքում որեւէ աշխատանք չի իրականացվել, քանի որ կառուցապատողը հրաշալի տիրապետում է բնակիչների տրամադրություններին, իսկ նման թույլտվություններն այդքան երկար չեն գործում։

«Մտածեցին՝ ութ տարի կանցնի, կմոռանանք, կհանգստանանք, բայց ոչ՝ սա մեր երեխաների համար նախատեսված խաղահրապարակ է, ո՞վ է սրանց թույլ տվել քանդել մեր խաղահրապարակը: Ո՞ւմ համար են սարքում էս շենքերը, թուրքերի՞, ո՞վ ա գալու ստեղ ապրի՝ թո՞ւրքը: Ինչ ուզում, անում են, էս ի՞նչ են անում էս քաղաքի հետ, էսա բնապահպաններ էլ ենք կանչելու, թող գան տեսնեն, թե քանի ծառ են արմատախիլ արել, ինչքան վնաս են հասցրել բնությանը: Անտերություն ա լրիվ։ Բայց շինթույլտվությունը ստացել են ութ տարի առաջ` Տարոն Մարգարյանի ժամանակ: Դիմում ենք քաղաքապետարան, թաղապետարան, կա՛մ ասում են՝ կգանք տեղում կհասկանանք իրավիճակը, կա՛մ էլ հեռախոսազանգերին չեն պատասխանում»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբայան փողոցի բնակիչներից մեկը:

Մյուս բնակիչն էլ պնդեց, որ ոմն Արթուր, ով տարածքում հսկում է բանվորների աշխատանքը, Կադաստրի պետական կոմիտեից կեղծ շինթույլտվության փաստաթուղթ է ներկայացրել տեղի բնակչությանը՝ որպես ապացույց, թե ամեն բան օրինական է, սակայն այդ Արթուրն իրենց անգրագետի տեղ է դրել՝ ցույց տալով կեղծ պայմանագիր, որտեղ ո՛չ կնիք կա եւ ո՛չ էլ ստորագրություն: «Այգին տնօրեն ունի, նրան եւս հրավիրել ենք, որ տեսնի, թե այս այգին ինչի են վերածել: Մինչեւ վերջ գնալու ենք, չենք թողնելու մեր քթի տակ էսպես անեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Մենք փորձեցինք զրուցել շինարարությունն իրականացնող խմբի վերադասի՝ ոմն Արթուրի հետ, ով ինքնագոհ հրամաններ էր արձակում աջ ու ձախ եւ մեզ էլ հորդորում էր իրեն չնկարել, քանի որ դա իրենց սեփական տարածքն է: Մենք հանգամանալից բացատրեցինք, որ լրագրողն ու լրատվամիջոցն իրավունք ունեն լուսանկարելու, տեսանկարահանելու եւ լուսաբանելու ցանկացած հանրային միջոցառում, եւ նրան հարց ուղղեցինք, թե ինչու են ծառահատման աշխատանքներ իրականացնում եւ ինչ շինարարական աշխատանքներ են առաջիկայում պատրաստվում իրականացնել:

«Այս պահին ոչ մի շինարարական աշխատանք էլ չենք իրականացնում, զուտ տարածքն ենք մաքրում էս զիբիլից: Էդ բնակիչները, որ բողոքում են մեզնից, չե՞ն ասում, թե ոնց են էս սաղ տարածքը վառել, զիբիլ լցրել, եկեք նկարեք, թող բոլորը տեսնեն էս զիբիլը: Մի տոննա զիբիլ ենք տարածքից հանել, էդ սաղ էս բնակիչների շնորհքն ա, դուք ստեղ խաղահրապարակ տեսնո՞ւմ եք: Սա օրինական տարածք ա, ինչ ցանկանանք, կանենք մեր տարածքում, բայց առայժմ ոչ մի բան չենք կառուցում, զուտ հողն ենք հարթեցնում տրակտորով եւ տարածքն ենք կեղտից մաքրում»,- նշեց նա:

Ամենուր տարածված կառուցապատման այս տենդը, որ ցանկացած հողակտորի վրա մի բարձրահարկ կանգնեցնեն եւ յուրաքանչյուր քառակուսի մետրը ֆանտաստիկ գներով վաճառեն, փաստորեն, ոչ միայն նախկինների օրոք էր տարածված, այլ նաեւ այսօր։ Փոխանակ վերականգնեն Մոնումենտի այգին, ըստ էության, կանաչ տարածքների դեմ պայքարը շարունակվում է։