Ատեստավորում չանցնելու դեպքում կզրկվեն աշխատանքից

Ատեստավորում չանցնելու դեպքում կզրկվեն աշխատանքից

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչ կկարողանա դպրոցում աշխատել մինչեւ օգոստոսի 10-ը, իսկ ատեստավորման գործընթացին չմասնակցելու դեպքում կզրկվի աշխատանքից:
«Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու եւ համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում կկարողանան իրենց աշխատանքը շարունակել»,- հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանն ու տեղեկացրել, որ կամավոր ատեստավորման համար դիմողների գրանցման գործընթացը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը: Այս տարի կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները:
«Բացի այդ, չաշխատող ուսուցիչները կամ այն մասնագետները, որոնք 30 կրեդիտ ստանալու դեպքում պատրաստ են

աշխատել դպրոցներում, կարող են համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում միանգամից ընդունվել աշխատանքի ավելի լավ պայմաններով»,- նշել է փոխնախարարը:

Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները եւս կարող են մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին եւ ունենալ հավելավճար ստանալու հնարավորություն:

Բացի այդ, կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար կանցկացվի վերապատրաստում։

«Այս տարի մենք ունեցել ենք ուսուցիչներ, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորման գործընթացին, սակայն բավարար արդյունքներ չեն գրանցել, եւ, գործող իրավակարգավորումների համաձայն, իրենք մեկ տարի հետո պետք է մասնակցեն պարտադիր ատեստավորման գործընթացին»,- ասել է նա։

Ի դեպ, Հայաստանի հինգ բուհ ներկայացրել է կամավոր ատեստավորման նախապատրաստական գործընթացների վերապատրաստման մոդուլներ եւ ծրագրեր, որոնք արդեն երաշխավորվել են նախարարի հրամանով:
Ըստ այդմ՝ բոլոր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի մասնակցել են կամավոր ատեստավորմանը եւ բավարար արդյունքներ չեն գրանցել, այդ 5 բուհից ցանկացածը կարող են ընտրել, գրանցվել վերապատրաստման դասընթացի եւ հաջորդ փուլում մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին։

Հարցին՝ եթե ուսուցիչները կրկին չհաղթահարեն կամավոր ատեստավորումը, ի՞նչ է սպասվում, փոխնախարարը պատասխանել է, որ նրանք, հավանաբար, կզրկվեն իրենց աշխատանքից․ «Ենթադրվում է, որ այդ ուսուցիչները չպետք է շարունակեն իրենց գործունեությունը»։

Հիշեցնենք, որ վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-26-ը։