Ես ամեն օր եմ բարեգործություն անում, բայց դա ոչ մի տեղ չի երևում․ Սամվել Ալեքսանյան

Ես ամեն օր եմ բարեգործություն անում, բայց դա ոչ մի տեղ չի երևում․ Սամվել Ալեքսանյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Նորագավիթում բացվեց «Սարտեքս» տեքստիլի ֆաբրիկան, որի բաժնետեր է նաև գործարար Սամվել Ալեքսանյանը։ Ընկերությունը Ալեքսանյանը հիմնադրել է իտալական «Սարտիս» ընկերության հետ համատեղ։ Ներկայումս ընկերությունը ունի 400 աշխատակից, ապագայում նախատեսվում է այդ թիվը հասցնել 2500-ի։ «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց Ալեքսանյանին․ նախ հարցրինք, թե ո՞րն է իր բիզնես հաջողությունների գաղտնիքը․

«Տեսեք ինչքան մարդիկ աշակերտներին, ուսանողներին դաս են տալիս, որ էթան բիզնես անեն, չէ՞, աշխարհում ինչքան էդ ձև դասախոսներ կան, չէ՞, որ երեխեքին դաս են տալիս, թե ոնց անեն բիզնեսը, ոնց փող աշխատեն, չէ՞։ Հիմա էդ նույն դասախոսներին աշխարհում, ո՞ւմ եք ուզում, գնանք, 100 մլն դոլար տամ, որ բիզնես դնեն, չեն կարողանա»։

-Իսկ ինչո՞ւ Ձեր փորձով չեք կիսվում երիտասարդ բիզնեսմենների հետ, որ բոլորն էլ կարողանան հաջողված բիզնես ունենալ։

- Ես աշխատող մարդ եմ , իմ համար ինչ տարբերություն, 15 տարեկանից ես աշխատում եմ։

- Ինչ կասեք տնտեսական հեղափոխության մասին, այն առաջ գնո՞ւմ է, ի՞նչ փուլում է հիմա։

-Շատ լավ փուլում ա, էս ա, նայեք ( ցույց է տալիս նորաբաց ֆաբրիկան)։ Էս ծրագիրը հենց տնտեսական հեղափոխության շրջանակներում ա։ Մյուս տարի Արտաշատում բացում ենք ( Նկատի ունի Արտաշատում բացվելիք տրիկոտաժի գործարանը․ խմբ․), էս շենքը իտալացիների հետ համատեղ ա լինելու։ 

- Մոտ ապագայում էլի ունե՞ք նախագծեր։

- Շուտով նոր սրբիչի գործարան ենք բացում, տեքստիլի արտադրություն ենք բացում։ Էստեղ մեր արտադրանքը գնում են, բայց սաղ դուրս ենք հանելու, արտահանելու ենք Իտալիա, Ռուսաստան, Ֆրանսիա։

- Իսկ տեքստիլի շուկայի մասին ի՞նչ կասեք, մրցակիցներ ունե՞ք, թե մենաշնորհը Ձերն է։

-Այ ցավդ տանեմ, ի՞նչ մենաշնորհ, էն ա, սաղ աշխարհից հրավիրել ենք, մեր սաղ մրցակիցներին հրավիրել ենք։ Ցավդ տանեմ, ես աշխատող մարդ եմ, թող մեկը ասի, որ ինձ առաջ ա բրթել։

- Իսկ բարեգործական ծրագրեր ունե՞ք։

- Լիքը։ Ես բարեգործություն անում եմ, բայց դա ոչ մի տեղ էլ չի երևում, ամեն օր էլ անում եմ ։

- Իսկ անձա՞մբ եք անում, թե փոխանցում եք Աննա Հակոբյանի հիմնադրամին։

-Արի մեր գործերից խոսենք։ Վերջ։