Լաչինի միջանցքում որոշվում է, թերեւս, Ադրբեջանի ապագան 

Լաչինի միջանցքում որոշվում է, թերեւս, Ադրբեջանի ապագան 

Լաչինի միջանցքը քառասուն օրից ավելի շրջափակված է եւ ի տարբերություն առաջին մի քանի օրերին լրատվամիջոցների բարձրացրած զգացմունքային աղմուկին, թե` Արցախում հումանիտար աղետ է, սով, ցրտահարում, այժմ աղմուկը չափավորվել է: Երեւի պատասխանատու աթոռներին նստած ոմանց գիտակցությանը հասավ, որ Աֆրիկայի, Եմենի, Աֆղաստանի, Մյանմայի ու մնացյալ հումանիտար աղետների համեմատ Արցախում պետք չէ հումանիտար աղետ տեսնել: Այլ հարց եւ ձեւակերպում, որ Արցախում բնականոն կյանքն է խաթարված` Ադրբեջանի հակաօրինական ու դատապարտելի գործողությունների եւ Ռուսաստանի թողտվության արդյունքում, ինչի մասին պետք է ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի ամբիոներից սկսած ամենուր ահազանգել, պայքարել եւ հաղթահարել: 

Արցախի իշխանություններին պատիվ է բերում, որ առաջին օրերի զգացական ճառերը թողնելով, ինչ-որ պահից սկսեցին իշխանության կրողի գիտակցություն դրսեւորել` կտրոներով ներմուծվող սննդամթերք բաժանել, հովհարային անջատումներով էլեկտրաէներգիա ապահովել եւ այլն: Պետք չէ մոռանալ, որ 1992-94թթ. Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանում ու Երեւանում ոչ թե շաքարը կամ ձեթը, այլ հանապազօրյա հացն էր կտրոններով բաժանվում, գազ ու ջերմություն չկար ոչ թե մի քանի օր կամ մի քանի ժամ, այլ մի քանի տարի, սառնամանիքը -200C էր հասնում, քաղաքային տրանսպորտը ոչ թե կես, գուցե քառորդ հզորությամբ էր գործում, էլեկտրաէներգիան ոչ թե հովհարային անջատում էին, այլ հովհարային միացնում` օրը ընդամենը երկու-երեք ժամ: Ու այդպես ողջ Հայաստանը, Երեւանը խորհրդային բարեկեցիկ պայմաններից հետո մի քանի տարի անտրտունջ դիմացավ: 
    Լաչինի ճանապարհի շրջափակումը ընդամենը շաբաթների խնդիր է եւ առանց իրական կամ ցուցադրական զգացմունքայնության ավելի արագ կհաղթահարվի: Հասկանալու համար, թե ինչու մինչ այժմ այդ միջանցքը չի բացվում եւ երբ կբացվի հայաստանյան փոխադրամիջոցների անարգել երթեւեկության համար, պետք է տեսնել ոչ միայն առարկայականը, այլեւ` վերացականը: 

Թե ինչու է Ադրբեջանը Լաչինի ճանապարհը փակել եւ Ռուսաստանն էլ դրա խաղավարությունը ստանձնել` վերջանահաշվում միայն իրենք գիտեն: Մնացյալ բոլորը այդ մասին կարող են ունենալ միայն ենթադրություններ: Մեծագույն հավանականությամբ խթան է հանդիսացել երկու տարով Հայաստան ժամանող ԵՄ առաքելության EUMA-ի պարագան: Այդ մասին Բրյուսելից, EEAS-ից նախնական տեղեկությունը պաշտոնապես տարածվեց դեկտեմբերի 20-ին, ինչը նշանակում է, որ դեկտեմբերի 10-ից կամ ավելի վաղ արդեն Փարիզում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Երեւանում, Թեհրանում, Անկարայում, եւ բազմաթիվ այլ մայրաքաղաքներում իշխանություններն այդ մասին տեղյակ էին: 

Տեղեկանալուց հետո Ադրբեջանը, գուցե Ռուսաստանին փաստի առաջ կանգնեցնելով, իսկ գուցե հակառակը` փոխհամաձայնությամբ, որոշել է մինչ EUMA-ի ժամանումը մնացած կարճ ժամկետում մի վերջին եւ իր արսենալում առկա ամենազորեղ շանտաժը գործադրել Հայաստանի հանդեպ: Հնարավոր է` ինչ-որ հարցում, ինչ-որ զիջման հասնելու հույսով, հնարավոր է` իրավիճակի ապակայունացմամբ ԵՄ առաքելության տեղակայմանը խոչընդոտելու համար, հնարավոր է` այլ հաշվարկով: Այստեղ պետք է նշել, որ Հայաստանի իշխանությունները չափազանց ճիշտ վարվեցին Լաչինի միջանցքի փակումից ի վեր ոչ Ադրբեջանի, ոչ Ռուսաստանի հետ բանակցություն չվարելով: Ինչպես փակել են ճանապարհը, այնպես էլ թող բացեն, հետո կբանակցեն: 

Բաքվի քայլերը եւ նպատակները

Ռուսաստանը եւ Ադրբեջանը Լաչինի փակման գործողությունում եթե անգամ համատեղ գործեն, միեւնույնն է հետապնդում են տարբեր շահեր: Ադրբեջանի նպատակը, մեծագույն հավանականությամբ, Լաչինի միջանքը փակելով Հայաստանի ներսում իրավիճակն ապակայունացնելն էր, եւ այդ ճանապարհով խոչընդոտելը, որ ԵՄ առաքելություն տեղակայվի Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով` փաստացի Հայաստանի սահմանները դարձնելով Ադրբեջանի համար անձեռնմխելի, եւ Ադրբեջանը Նախիջեւանից բաժանելով այլեւս չորս կարդոնով:     

Սակայն Լաչինի միջանցքը փակելով Ադրբեջանը ստացավ իր ակնկալությունհերի ճիշտ հակառակը: Ոչ միայն Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը հաստատվեց, այլեւ Ադրբեջանի եւ Հայաստանի շփումները առկախվեցին: Այլեւս չասած, որ Եվրոպայի նոր իրողություններով պայմանավորված Լաչինի միջանցքի փակման շուրջ այնպիսի աղմուկ բարձրացավ, որ Ադրբեջանը միջազգայնորեն ավելի շատ ասոցացվեց ագրեսորի ու հանցագործի կերպարի հետ, քան 2020-ի 44-օրյա պատերազմին էր արել: Լաչինի շուրջ այսօր բարձացած տեղեկատվական ալիքը, ձեւավորվող ըմբռնումները, ընդունվող բանաձեւերը արժեքավոր հիմք եւ խաղաթուղթ են «անջատում հանուն փրկության» սցենարով Արցախը Կոսովոյին հավասարեցնելու եւ Արցախի (ԼՂԻՄ սահմաններով) անկախության ճանաչման հարցը միջազգային ատյաններում առաջ մղելու համար: Փաստարկները, թե Հայաստանը (իրականում` Արցախը) երեսուն տարի ադրբեջանական յոթ շրջան էր գրաված պահում, տարբեր գնահատականներով 700 000-ից մինչեւ մեկ միլիոն մարդ էր տեղահանել, արդեն քիչ մարդու վրա է տպավորություն գործում, այն լույսի ներքո, որով Լաչինի միջանցքը փակելու արդյունքում այսօր Ադրբեջանն է աշխարհին երեւում: 

Արդյունքում կարելի է ասել, որ Ադրբեջանը Լաչինի օպերացիան կազմակերպելով նպաստավոր ոչնչի չհասավ, եւ արդեն ինքնանպատակ շարունակում է լոկ այն պատճառով, որ անհրաժեշտ ուժգնության հարված Մոսկվայից կամ Վաշինգտոն-Բրյուսելից չի ստանում: Ասենք, այնպիսի շեշտակի հարված, ինչպեսին ստացել էր 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի զանգով կամ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ԱՄՆ-ի միջամտությամբ: Սակայն հարված Ալիեւը անխուսափելիորեն կստանա: Ուղղակի պետք է գիտակցել, որ որքան էլ խնդրո առարկան Լաչինի փակ միջանցքն է, դրա շուրջ ստեղծված ճգնաժամի միջազգային արծարծումը այլեւս ոչ միջանցքի բացման հարթությունում է, ոչ էլ նույնիսկ ԼՂ խնդրի կարգավորման: 

Միջազգային դիրքորոշումը ԼՂ կարգավորման առնչությամբ հավանաբար կվերադառնա այն կետին եւ սցենարին, որը համաձայնեցված է եղել դեռ 1997-ին, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ, եւ որի իրագործումը վիժեցվեց 1998-ին Հայաստանում իրականացված պալատական հեղաշրջմամբ: Ըստ այդ սցենարի` ԼՂԻՄ սահմանի երկայնքով տեղակայվում են միջազգային խաղաղապահներ` երկարաժամկետ կամ անժամկետ մանդատով, միջազգայնորեն ապահովվում է ԼՂԻՄ-Հայաստան կապը Լաչինով անցնող այս կամ այն լայնության միջանցքով, իսկ ԼՂԻՄ կարգավիճակի որոշման հարցը մնում է ապագա սերունդներին ու տասնամյակներին: 1997-ին այս լուծումն է եղել սեղանին եւ քառորդ դար ծավալված բոլոր վայրիվերումներից հետո դարձյալ դա է մնում ԼՂ խնդրի ամենաբանական կարգավորումը` քանի որ ադրբեջանցիները դեռ երկար չեն համաձայնի Արցախի անկախությանը, արցախցիներն էլ չեն համաձայնի Ադրբեջանի կազմում ապրելուն: Թե այդ սցենարը վերջնական ինչ վարիացիայով կյանքի կկոչվի` ժամանակը եւ Հարավային Կովկասի ուրվագծվող երկատումը ցույց կտա: 
    
Մոսկվայի խնդիրներն ու հարթությունը 

Ըստ իս, այս պահին ոչ միայն Մոսկվային հետաքրքրողը այլեւ միջազգային հարթությունում արծարծվողը այն ֆունդամենտալ հարցն է` թե արդյոք ՌԴ-ի՞ն տալ միջազգային մանդատ, թե՞ միջազգային խաղաղապահ կոնտինգենտին: Իհարկե, Արցախի ապագայի տեսակետից ոչ մի տարբերություն չկա, թե ով միջազգային մանդատով կկանգնի ԼՂԻՄ սահմաններին: Բայց դա սկզբունքային, որոշիչ եւ հիմնարար հարցն է Հարավային Կովկասի առնչությամբ եւ Ադրբեջանի ապագայի համար: 

Եթե ԼՂԻՄ-ում կանգնելու միջազգային անժամկետ մանդատ է տրվում Ռուսաստանին, դրանով պատկերավոր ասած` Ադրբեջանը ՌԴ ազդեցության գոտուն է փոխանցվում: Ով աստվածաշնչյան այն ասույթի վիճակում չէ, որ «տեսնելով չտեսնի», չի կարող չտեսնել եւ չգիտակցել, որ քրիստոնյա, այս կամ այն չափով ժողովրդավարական եւ ԵՄ-ի հետ ասոցացված Հայաստանը եւ Վրաստանը վերջնահաշվում ինտեգրվելու են ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին եւ EUMA-ի հաստատումը Հայաստանում հենց դրա խարիսխն է: Ռուսաստանը սեփական շահերից ելնելով, ինչպես այսօր այդ ընթացքին չի խոչընդոտում, այնպես էլ վաղը չի խոչընդոտելու: Որովհետեւ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի` Վրաստանում ու Հայաստանում կանգնելը, թուլացող Ռուսաստանի համար երաշխավորում է Հյուսիսային Կովկասում եւ այլ թաթարաբնակ-թյուրքաբնակ տարածքներում իր իրավազորությունը, խլրտումերի կանխումը, Թուրքիայի ազդեցության արգելափակումը:

Սակայն Հարավային Կովկասում կա եւս մեկ պետություն` Ադրբեջանը, որը ակնհայտ է, որ մնալու է ԵՄ սահմաններից դուրս, այդքանով էլ հայտնվելու է սահմանակից հզոր տերություններից մեկի` Ռուսաստանի, Իրանի, կամ Միջին Ասիայում գերիշխող Չինաստանի ազդեցության ներքո: Այս իրականությունը չի կարող փոխվել եւ ուժերի այս դասավորւթյան մեջ` Արեւմուտքի համար միանգամայն հավանական է, որ նախընտրելին լինի Ռուսաստանի ներկայությունը Արցախում, Ադրբեջանում եւ Հարավային Կովկասում, ոչ թե Իրանի կամ Չինաստանի: 

Սակայն նման նախընտրության դեպքում էլ ծառանում են հաջորդ առնվազն երկու խնդիրները, որ այս պահին անլուծելի են: Առաջինը, Ռուսաստանին այսօր կամ մոտ ապագայում չի կարող տրվել միջազգային խաղաղապահ ուժի եւ երկրի մանդատ, քանի որ ողջ ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի ԳԱ-ն Ռուսաստանին ճանաչում են ագրեսոր, ոմանք էլ պետական ահաբեկչության երկիր: Երկրորդ, միջազգային մանդատով օժտված խաղաղապահները չեն կարող տեղակայման այլ իրավական հիմք եւ սահման ունենալ, քան խորհրդային ԼՂԻՄ սահմանները: 

Հետեւաբար, պետք է ուղիղ շփումներ լինեն, ինչ-որ ջենտլմենական պայմանավորվածություններ ձեռք բերվեն Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ Հարավային Կովկասի երկատման վերաբերյալ, որից հետո Ալիեւին ճնշելը եւ Լաչինի միջանցքը բացելը արդեն ածանցյալ, տեխնիկական հարց է: Պատահակա՞ն է, արդյոք որ Հայաստանում ՍՄՆ դեսպանին Վաշինգտոնը ուղիղ Երեւանից տեղափոխեց Մոսկվա: Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ դա արվել է, ի թիվս այլնի, կամ գուցե հատկապես ՌԴ-ի հետ Հարավային Կովկասին վերաբերող բանակցություները վարելու համար: Լին Թրեյսին այս շաբաթ էր ժամանում կամ արդեն ժամանել է Մոսկվա: Սպասելի է, որ հաջորդ շաբաթ արդեն ՌԴ ԱԳՆ-ի հետ դեսպան Թրեյսիի ուղիղ շփումները սկսվեն` նվազագույնը Լաչինի միջանցքին վերաբերող արդյունքներով, առավելագույնը` Ադրբեջանի ապագան կանխորոշող: