Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումը ՀՔԾ-ում չեն ստացել

Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումը ՀՔԾ-ում չեն ստացել

Հատուկ քննչական ծառայությունը դեռեւս չի ստացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին մեր հրապարակումը։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասացին Հատուկ քննչական ծառայությունից։

Գլխավոր դատախազությունից էլ փոխանցեցին՝ Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հրապարակ»-ը գրել էր, որ  Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն և անգամ դատապարտված է եղել։ 

Նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հաստատել էր նյութի բովանդակությունը եւ տեղեկացրել էր՝ խոսքն ինչի մասին է: Ուղիղ եթերի վերջում Պապիկյանը դիմել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ոստիկանապետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել  լրատվամիջոցին։