Ամեն տարի 2, 3, 4, 5 տոկոսանոց անկումներ, ավելի ու ավելի խոցելի դարձող գյուղացիներ 

Ամեն տարի 2, 3, 4, 5 տոկոսանոց անկումներ, ավելի ու ավելի խոցելի դարձող գյուղացիներ 

«Հրապարակի» զրուցակիցն է գյուղատնտեսության փորձագետ, տնտեսագետ Վարդան Ալեքսանյանը:

-Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ադրբեջանական նուռ է Վրաստանով Հայաստան մտել: Լծակներ կա՞ն նմանատիպ գործընթացները վերահսկելու համար:

-Գյուղատնտեսության ոլորտում գործում են հազարավոր, տասնյակ հազարավոր արտադրողներ, վաճառողներ, դրան երբ գումարում ենք մաքսային հարցերը, արտահանում-ներկրում, այդ ոլորտում առկա հիմնահարցերը, որոնք տասնամյակներ է ինչ կան, նույն Վրաստանից ներկրվող ապրանքը, ժամանակին թուրքական լոլիկը, որ ընդհուպ ադրբեջանական ապրանք էր Հայաստան գալիս՝ դա որևէ կերպ վերահսկման ենթակա չի: Եթե պետությունն իր բոլոր լծակները փորձի կարգավորել, օգտագործել, իհարկե, անհնար ոչինչ չկա, պետության խոշորացույցից ոչինչ չի կարող վրիպել, եթե կա պետություն, պետական հաստատություն, եթե բոլոր կառույցները ըստ արժանվույն գործում են ու աշխատում: Բայց բոլորս էլ գիտենք, որ այդ շուկաները միշտ աչքի են ընկել ոչ նորմալ կարգավորումներով, վերահսկողություններով, մեղմ ասած: Ես չեմ բացառում, որ դրանք կարող են իսկապես լինել ադրբեջանական, ավելին ասեմ, մեր ամենօրյա բանջարեղենի շատ տեսակներ նույնպես կարող են լինել ադրբեջանական: Ինչո՞ւ․ տեսեք անցած տարի նախարարն ասում էր, որ ռեկորդ ենք սահմանել կարտոֆիլի արտահանման՝ 35 հազար տոննա արտահանել ենք, պատմության մեջ չի եղել այդպիսի դեպք, բայց միևնույն  ժամանակ մենք ունեցել ենք կարտոֆիլի արտադրության ռեկորդային քիչ ծավալներ: Հիմա հարց է առաջանում՝ տեղական պահանջարկը ինչի՞ հաշվին բավարարվեց, կասկածները կարող են ընդհուպ հասնել այնտեղ, որ կարտոֆիլն էլ կարող է լինել ադրբեջանական: Այնպես որ այդ խնդիրը կա, այդ խնդիրը պետք է շատ լուրջ ուշադրության ներքո պահել, բացահայտել այդ երևույթները, եթե, իհարկե, կա ցանկություն: Ես հասկանում եմ ֆերմերներին ու գյուղացիներին, որոնք մենակ են մնացել, իսկ խնդիրները գնալով ավելի են խորանում:

-Անկախ այն հանգամանքից, թե որքան են դրսից ներկրել արքայանարինջ ու նուռ, պետությունն ի՞նչ լծակներ կարող է գործադրել՝ սեփական քաղաքացու մթերքն առաջին հերթին իրացնելու համար, որպեսզի վերջինս նման լուրջ խնդրի առաջ չկանգնի:

-Մաքսային քաղաքականությունը պետք է ուղղված լինի տեղական արտադրանքի, արտադրության խթանմանը, եթե ներկրվող ապրանքի սանիտարական, ֆիտո-սանիտարական, սննդամթերքի անվտանգության հետ կապված հարցերին ըստ արժանվույն հետամուտ լինեն, փորձաքննություն անցնեն այդ ապրանքները, դա ճանապարհներից մեկն է, որ մեծամասամբ Հայաստան մտնող ապրանքները պարզապես չեն կարող մտնել՝ մեկ, երկրորդը՝ մաքսային քաղաքականությամբ կարող են որոշակի դրույքաչափեր սահմանվել, որոնցով այդ ապրանքը պարզապես մրցունակ լինի տեղական արտադրանքի հետ: Սրանք գործիքներ են, որոնք պետությունը միշտ էլ կիրառել է ու իր զինանոցում ունի նմանատիպ հարցերի ի հայտ գալու դեպքում: Կան գործիքներ, մնում է ցանկության առկայություն, կոմպետենտ մարդիկ, ինչու չէ նաև հայրենասիրական մղումներ՝ տեղական արտադրողին պաշտպանելու, խթանելու, այս ամեն ինչը հնարավորություն են տալիս խուսափել նման իրավիճակներից: Ես չեմ ասում դրանք հարյուր տոկոսով կբացառեն, բայց հիմնականում կհաջողվի խուսափել ու հաղթահարել նման իրավիճակները: Պետությունն իր աջակցության գործիքակազմերը պետք է ուղղի ներկրման ու արտահանման հարցերին, փաթեթավորման, պահեստավորման, սառնարանային տնտեսություններին, այս ուղղություններով թիրախային, հասցեական աջակցություն ցույց տա նման տնտեսություններին:

-Գյուղատնտեսության նախարարության լուծարումը, Էկոնոմիկայի նախարարության հետ միավորվելը, արդյոք նաև դա չէ՞ այս խնդիրների պատճառը: Թե՞ նմանատիպ խնդիրներ նաև նախկինում են եղել:

-Նախկինում էլ ենք ունեցել, պետք է ազնիվ լինենք: Բայց կա խնդիր՝ կա լուծում, հիմա մեր կառավարությունը խնդիրը ո՞նց է լուծում, արդեն ավանդական դարձած լուծումը ո՞րն է՝ ուղղակի կտրում -գցում է ու խնդիրը չկա: Կա խնդիր պետական կառավարման ոլորտում՝ փակել գյուղնախարարությունը, այդ խնդիրը լուծվեց, իհարկե, չակերտների մեջ, ոչ թե լուծվեց, այլ վերացվեց խնդիրը: Այսինքն, փոխանակ պետական կառավարման համակարգը արդյունավետությունը բարձրացներ, մասնագիտական խորհրդատվական մարմինները զարգանային, ավելի ընդլայնվեին, ավելի հիմնավորված աշխատեին, ավելի պատասխանատու գործեին՝ պարզապես վերացրեցին՝ թողեցին Էկոնոմիկայի նախարարության կազմում: Որոշ կարևորագույն վարչություններ ընդհանրապես չեն գործում, ինչպիսիք են մոնիթորինգի վարչությունը, սրանք հարցեր էին, որոնք նաև պայմանավորում են այսպիսի խնդիրները: Ընդհանրապես եթե համակարգված քաղաքականություն չի մշակվում և իրականացվում՝ արդյունքը լինում է այն, ինչ ունենք: Բարձիթողի, տարերային, հախուռն զարգացումներ:

-Արդյոք դա չի՞ հանգեցնի գյուղատնտեսության փլուզմանը, վերջնական քայքայմանը:

-Իհարկե: Ի՞նչ ենք մենք տեսնում վերջին տարիներին՝ ամեն տարի երկու, երեք, չորս, հինգ տոկոսանոց անկումներ, տարին տարվա վրա կրճատվող ցանքատարածություններ, ավելի ու ավելի խոցելի դարձած գյուղացիներ, ձեռներեցներ, ավելի ու ավելի մեծ մարտահրավերներ, սպառնալիքներ՝ սա է արդյունքը: Բնական է, որ նաև դրա հետ է կապված:

-Այս տարի ֆերմերներն ու բնակիչներն ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել ընդհանուր Հայաստանի մասշտաբով:

-Այդ խնդիրները, որոնք կային, հիմնականում, կապված էին արտադրության գործընթացների հետ: Այս տարի ահագնացող գնաճը պարարտանյութերի, թունաքիմիկատների զգացնել տվեց: Նույն արտադրանքը, եթե կիլոգրամի ինքնարժեքը 150 դրամ էր, այս տարի 200, 220, 250 դրամ, մինչդեռ գյուղարտադրանք արտադրողների իրացման գների ինդեքսը համահունչ չէր ագրոներդրումների իրացման գների ինդեքսի հետ, այսինքն, ինքնարժեքի մաս կազմող ծախսերը, որը կատարում է ֆերմերը, իրականում դրանց գնաճն ավելին է եղել, քան իրենց վաճառած արտադրանքի գնաճը, հետևաբար իրենք ավելի խոցելի են դարձել: Եկամուտներն ավելի անկայուն ու սահմանափակ են դարձել, իրացման ոլորտում պահպանվել ու ավելի են խորացել խնդիրները: Արտահանման առումով Լարսը դարձել է իսկական պատուհաս: Հարյուրավոր ֆուռեր կանգնած են Լարսում, պետությունը այդպես անկարող գտնվելով, ըստ էության, ամեն ֆերմեր կամ արտահանող ընկերություն, տասնյակ հազարավոր դոլարների տուժել է և վարկային ռեսուրսների հաշվին փորձելու է հաղթահարել իրավիճակը, բայց դա գիտենք, որ հավերժ չի: Այս պահին հասունացած խնդիրը մյուս տարի լինելու է շատ ավելի լուրջ:

-Ավելի մեծ մասշտաբներո՞վ:

- Չկանխատեսենք Լարսի հետ կապված իրադարձությունները, քանի որ դրանք ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական կարող է կոնտեքստ ունենան, բայց այն, որ այս տուժած տնտեսություններն արդեն վատ մեկնարկային պայմաններով են սկսելու հաջորդ տարին՝ դա փաստ է: Այսինքն ավելի աղքատացած, ավելի սնանկացած վիճակում փորձելու են 2023 թվականին գործունեություն սկսել, ավելի խոցելի, ավելի շատ պարտքային բեռի տակ կքած, ավելի լուրջ խնդիրների մեջ խճճված:

-Դա հանգեցնելու է էլ ավելի մեծ գնաճի՞ գյուղմթերքների շուկայում:

-Միանշանակ, ավելի մեծ գնաճի է բերելու, իր հերթին հանգեցնելու է և սպառողական կառուցվածքներին ապրանքների: Այսօր հացի և կարտոֆիլի սպառմանն է միտված մեր բնակչության հիմնական սպառումը, ունենք վիճակագրություն, որ օրինակ Արագածոտնի մարզի բնակչության 70 տոկոսից ավելին կազմում է հացը և կարտոֆիլը և սա պաշտոնական տվյալներն են 2020 թվականի: Դա Արագածոտնի բնակչության հիսուն տոկոսից ավելիի կառուցվածքն է, դա խոսում է ավելի ու ավելի սրվող սոցիալական հարցերի մասին: Ստացվում է, որ գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին չի կարողանում պարենային զամբյուղի գծով ապրանքները պատշաճ սպառել: