Հայաստանում Ձմեռ պապը նստավայր կունենա
«Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում հայտարարված շուրջ 3000 եվրո բյուջեով փոքր դրամաշնորհային ծրագրի պայմանագրերից մեկը պաշտոնապես ստորագրվեց հուլիսի 9-ին, Շիրակի մարզի Սարապատի համայնքապետարանի հետ: Ծրագիրն իրականացվելու է քաղաքացու բյուջե նախաձեռնության համատեքստում: Նմանատիպ ծրագրեր իրականացվելու են Հայաստանի 50 խոշորացված համայնքում: Նպատակն է խթանել համայնքների բնակիչների մասնակցությունը իրենց համայնքի զարգացմանն ուղղված գործողություններին քաղաքացու բյուջե մասնակցային բյուջետավորման գործիքի միջոցով: Այն թույլ է տալիս քաղաքացիներին առաջարկել գաղափարներ իրենց համայնքներում միջոցառումների կազմակերպման, հանրային վայրերի (օրինակ՝ խաղահրապարակներ, բացօթյա ժամանցի վայրեր, գրադարաններ, համայնքային կենտրոններ, և այլն) կառուցապատման/վերանորոգման վերաբերյալ:
Սարապատ համայնքում ընտրված ծրագիրը նախատեսում է կառուցել Ձմեռ պապի նստավայր՝ Շիրակի մարզի երկատարև ձմեռային ամիսների ընթացքում համայնքին զբոսաշրջային գրավչություն հաղորդելու նպատակով:
Պայմանագրի ստորագրման արարողությանը հաջորդեց մամուլի ասուլիս Գյումրի քաղաքի «Երկխոսություն մեդիա կենտրոնում»:
«Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի ղեկավար, «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը և «Տեղական ժողովրդավարական գործակալությունների ասոցիացիա» հիմնադրամի նախագահ Լուսինե Ալեքսանդրյանը ներկայացրեցին ծրագիրը, խոսեցին տեղական ինքնակառավարման ներկա վիճակի և կարևորությունների մասին, ինչպես նաև պատասխանեցին լրագրողների հարցերին համայնքների խոշորացման վերաբերյալ և այլն:
Կարծիքներ