Այ ուսապարկեր, խոսեք ձեր հանդեպ անվստահությունից, ոչ թե դատական համակարգի

Այ ուսապարկեր, խոսեք ձեր հանդեպ անվստահությունից, ոչ թե դատական համակարգի

Դատական իշխանության հանդեպ, եթե անգամ կա հանրային անվստահություն, ապա այն պայմանավորված է նրանով, որ իշխանությունը ճնշում է դատավորներին եւ ստիպում իր քաղաքական հակառակորդների դեմ վճիռներ կայացնել։ Մանավանդ ծիծաղելի եք՝ երբ ասում եք՝ մենք ժողովրդին ենք ներկայացնում։ Այն ժողովրդի՞ն, որ Հրապարակում ասում էր՝ Շուշին էլ ա Ադրբեջան, Ղարաբաղն էլ։ Այն ժողովրդի՞ն, որին սուրույով քշել էիք Հրապարակ՝ ցույց տալու, որ ընտրողներ ունեք։ Բայց էնքան էլ լավ չէր ստացվել՝ ամբողջ երկրով մեկ աշխատել էիք ու հազիվ մի 10 հազար մարդ բերել։

Լսում ես Ռուբեն Վարդազարյանի դեմ Ազգային ժողովի ուսապարկերի հարձակումները ու մտածում՝ կեցցե Վարդազարյանը, կեցցե այն դատական համակարգը, որը կարողացել է տարանջատվել իշխանությունից եւ արժանանալ այս իշխանություններին վրդովմունքին ու մերժմանը։ Կնշանակի՝ մեր ազգը դեռ կորած չէ, դեռ հույս կա, որ կան ազնիվ, արժանապատիվ, ինքնուրույն մարդիկ, որոնք պատվեր չեն կատարում եւ չեն վախենում ձեզնից։ Ապրեն այն դատավորները, որոնք չեն կատարել ձեր պատվերները, չեն ենթարկվել հիվանդագին հրահանգներին՝ սրան-նրան բռնելու, այս կամ այն որոշումը կայացնելու եւ արժանացել են ձեր նման փոքրիկ ստալինիկների զայրույթին։ 

Մարտի 1-ի ելույթում Նիկոլ Փաշինյանը դատապարտում էր դատավորներին, որ իր կյանքին սպառնացող, իրեն ոչնչացնելու ծրագիր ունեցողներին դատավորներն ազատ են արձակում։ Եւ սա ասում էր մի մարդ, ով 2008-ի մարտի 1-ին ելույթներում ասում էր՝ սիրտս փառավորվում է, որ տեսնում եմ զինվում եք, ու մարդկանց տանում էր բախումների, ու եթե չլիներ Լեւոն-Տեր-Պետրոսյանը, շատ ավելի արյուն կթափվեր երկրում։ Սակայն երբ նրան դատում էին մենք բոլորս, ինքը հատկապես, հայտարարում էինք, որ նա քաղբանտարկյալ է, ում դատում են քաղաքական հայացքների համար։ 

Հիմա ինքն, ըստ էության, ասում է՝ տեղերը փոխվել են, այն ժամանակ ինձ էին հետապնդում, հիմա իմ հերթն է եկել հետապնդելու։ Ու ես կպարտադրեմ դատավորներին դատել ձեզ ու կատարել իմ հրահանգները։ Եւ մի կարծեք, որ ինքը չի հասկանում, որ իր պահանջներն՝ ուղղված դատավորներին, քաղաքական հետապնդումների դասական օրինակներ են։ Շատ էլ լավ հասկանում է, ուղղակի կարծում է, որ ինքը վաստակել է այդ իրավունքը։ Քոչարյանը, Սերժը չունեին նման իրավունք, իսկ ինքն՝ ունի։ Եւ իր ուսապարկերն էլ իրավունք ունեն դատական համակարգից հաշիվ պահանջել, պարտադրել, որ իրենց հրահանգները կատարեն, չէ որ իրենք իշխանություն են։ Կարող են խոսել դատական համակարգի հանդեպ անվստահությունից ու դա ներկայացնել որպես հանրային կարծիք։

Գուցե խոսեք ձեր հանդեպ տոտալ անվստահությունի՞ց, այն ամենից, ինչ արեցիք այս երկրի հետ, այն իրավիճակից, որտեղ հայտնվեցինք մենք ձեր ապաշնորհ ու տգետ կառավարման արդյունքում։ Այն աղետալի ու անարժանապատիվ կյանքից, որը դուք մեզ շնորհեցիք այս 3 տարվա կառավարման արդյունքում։