Քաղաքացու բնակարանի կեսը համայնքապետը հատկացրել է մեկ այլ ընտանիքի

Քաղաքացու բնակարանի կեսը համայնքապետը հատկացրել է մեկ այլ ընտանիքի

Հրազդան քաղաքի բնակչուհի Սուսաննա Ավագյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանի, 03.10.2018թ. Հրազդան, Կենտրոն 33 շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Հրազդան համայնքի սեփականության իրավունքի գրանցման մասին վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Ըստ Սուսաննա Ավագյանի ներկայացուցիչ Ալինա Ղազարյանի՝ Հրազդանի քաղաքապետը բնակարանը նվիրաբերել է իրենց տան աշխատողին, ով քաղաքապետի հետ նաեւ խնամիական առնչություններ ունի:

Կինը, ում նվիրաբերվել է բնակարանը, 56 տարեկան է, ապրում է Վանատուր թաղամասում, նույն թաղամասում, որտեղ ապրում է Հրազդանի քաղաքապետը, ամուսնացած չէ, եւ, կարելի է ասել, ոչ էլ սոցիալապես անապահով ընտանիք են. «Խոսքը մի բնակարանի մասին է, որը ժամանակին եղել է հանրակացարան: 90-ական թվականներին հանրակացարանային հիմունքներով այն տրամադրվել է 4 ուսուցչի: Հետագայում այդ ուսուցիչներից 3-ը, տեղափոխվելով այլ աշխատանքի, լքել են բնակարանը, իսկ Սուսաննան շարունակել է բնակվել այդ բնակարանում: Քանի որ 2002-ին բնակարանները սեփականաշնորհվել են, Սուսաննան իր մասը սեփականաշնորհել է: Հետագայում դիմել է քաղաքապետարան՝ մնացած մասը սեփականաշնորհելու համար: Նախկին քաղաքապետը բանավոր պատասխանել է, որ կարող է ապրել, եւ ոչ ոք իրեն չի կարող զրկել բնակարանի մյուս հատվածից: Միքայելյանի ժամանակ նա կրկին դիմել է քաղաքապետարան՝ նույն խնդրանքով, քանի որ երկար ժամանակ վարձավճար է մուծել, վերանորոգումներ կատարել: Միքայելյանն այդ առնչությամբ եւս պատասխանել է, որ այդ հարցին լուծում կտա: Վերջին դիմումից հետո անցնում է 2 տարի, 2021 թվականի մարտին Սուսաննային զանգահարում է ոմն Վահե, ով աշխատում է քաղաքապետարանում, տեղեկացնում է, որ իր մորաքույրը՝ Անժելան, Սուսաննա Ավագյանի հետ տան համասեփականատեր է, եւ առաջարկում է հանդիպել՝ հարցին լուծում տալու համար:

Համայնքի գույքն օտարելիս համայնքի ղեկավարն առաջնորդվել է նեղ անձնական, բարեկամական շահերով՝ անտեսելով օրենսդրական նորմերի պահանջները եւ խախտելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը: Անտեսվել է Սուսաննայի՝ բնակարանի մյուս մասը ձեռք բերելու նախապատվության իրավունքը: Փաստորեն, Սուսաննան այդ մասին տեղեկացել է նվիրատվությունից եւ սեփականաշնորհումից 2,5 տարի անց՝ զանգով, երրորդ անձից: Նրանք առաջարկել են․ կա՛մ Սուսաննան պետք է բնակարանը վաճառի՝ Անժելան գնի, կա՛մ էլ՝ հակառակը»:

Ալինա Ղազարյանը նշում է, որ բնակարանի նվիրատվության պատմությունը եղել է հետեւյալը. 23.08.2019 թ. Անժելա Մկրտչյանը դիմում է Հրազդանի քաղաքապետին, որ իր ընտանիքը բազմաշունչ է՝ 15 հոգուց բաղկացած, եւ բնակվում են 120 քմ տարածքում: 2019 թ. սեպտեմբերի 12-ին ավագանու թիվ 111 որոշմամբ այդ բնակարանի 3 սենյակներն անհատույց օտարել են Անժելա Մկրտչյանին, իսկ խոհանոցը, սանհանգույցը, միջանցքը եւ պատշգամբը թողել ընդհանուր օգտագործման. «Հարց ենք տալիս՝ եթե այդ անձն ունեցել է այդ բնակարանի կարիքը, ինչո՞ւ մինչեւ այսօր չի բնակվում այդ բնակարանում: Ասեմ, որ զուգահեռ նաեւ քրեական գործ է ընթանում, եւ հետաքրքիրն այն է, որ քրեական գործի շրջանակներում Սեւակ Միքայելյանն իր բացատրության մեջ նշում է, որ որեւէ ազգակցական կապ չունի Անժելայի հետ, վերջինիս չի էլ ճանաչում, եւ սենյակները տրամադրվել են անհատույց, առանց որեւէ շահագրգռության: Քրեական մասով դատախազությունը գործը կարճել է: Բողոքարկել ենք, հունվարի 31-ին Չարենցավանի նստավայրում նիստ կկայանա: Իսկ վարչական մասով՝ ամսի 17-ին կայացավ շատ արագ դատաքննություն, քաղաքապետի կողմից ներկայացուցիչ չկար, եւ քանի որ առարկող կողմ չկար, ներկայացված փաստերի շրջանակներում փետրվարի 7-ին դատավորը վճիռ կկայացնի»:

- Ի՞նչ եք ակնկալում դատարանից:

- Հույս ունեմ, որ դատարանն անվավեր կճանաչի 2019 թվականի ավագանու թիվ 111 եւ Հրազդան համայնքի ղեկավարի 16.09.2019թ. որոշումները, եւ որպես հետեւանք՝ անվավեր կճանաչվեն 03.10.2019թ. նվիրատվության պայմանագիրը եւ դրա հիման վրա կատարված պետական գրանցումը:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանը, ով իր վրա է վերցրել նաեւ քաղաքապետարանի իրավաբանի ֆունկցիան, այս դատական գործի վերաբերյալ կարճ պատասխան տվեց. «Խոսքը գնում է մի բնակարանի մասին, որի մի մասն է պատկանում Սուսաննա Ավագյանին, մյուս մասը համայնքի սեփականությունն է: Մեզ դիմել էր 10 անձից բաղկացած մի անապահով ընտանիք, մենք էլ տրամադրել ենք բնակարանը: Ստում են, որ ասում են՝ Միքայելյանների բարեկամն են: Գործը դատարանում է, թող դատարանն էլ որոշի»: