Հուշագիր, տեխնոլոգիաների փոխանակում․ ի՞նչ է ստորագրվել ու քննարկվել Իրանում

Հուշագիր, տեխնոլոգիաների փոխանակում․ ի՞նչ է ստորագրվել ու քննարկվել Իրանում

Հունվարի 22-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն։

«Նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի, ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերի նախարարի, ԻԻՀ էներգետիկայի նախարարի, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահի, Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի, Սպահանի նահանգապետի հետ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Իրանական լրատվամիջոցները մանրամասն անդրադարձ են կատարել Քերոբյանի այցելությանը։ Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարությանը, ապա նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել են միայն Իրանում ՀՀ դեսպանության տարածած սուղ հաղորդագրությունները։ 

Հունվարի 2-ին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը գրել էր, որ Իրանի առևտրի խթանման կազմակերպության մի պաշտոնյա հայտնել է, որ Հայաստանը հայտարարել է, թե պատրաստվում է 2250 թուրքական ապրանք փոխարինել իրանական ապրանքով:

«Թուրքական պատժամիջոցների պատճառով Հայաստանի կիրառած պատժամիջոցները, որ ուժի մեջ են մտել 2021-ի հունվարի 1-ից, Հայաստանը մտադիր է իրանական ապրանքները փոխարինել Թուրքիայից ներմուծված 2250 ապրանքներով», - «ՄԵՀՐ»-ի փոխանցմամբ՝ ասել էր իրանցի պաշտոնյան: Վերջինս նաև հավելել էր, որ հաջորդ քայլով Հայաստանն իր պահանջվող հումքը կմատակարարի նաև Իրանից:

Եվ ահա Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել էր Իրան։

Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, անդրադառնալով (23.01.2021) հայկական պատվիրակության այցելությանը, գրել է, որ Իրանի արդյունաբերության, հանքային և առևտրային նախարար Ալիռեզա Ռազմ-Հոսեյնին հայտարարել է Իրանի և Հայաստանի միջև համաձայնագիր ստորագրելու մասին՝ նշելով, որ այն կօգնի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը խթանելուն:

Նախարարն ասել է, որ ներկայումս Իրանից արտահանումը Հայաստան կազմում է շուրջ 300 միլիոն դոլար, այս հուշագրի ստորագրումը կօգնի բարձրացնել այս ցուցանիշը: «Հայաստանը Եվրասիական (Եվրասիական տնտեսական միության) երկրներից մեկն է, և մենք դրական վերաբերմունք ունենք Եվրասիայի հետ առևտրին», - նշել է իրանցի նախարարը՝ հավելելով, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու բանակցությունները պետք է մշտապես անցկացվեն, և Հայաստանը կարող է լուրջ ներդրում ունենալ առևտրաշրջանառության զարգացման մեջ։ Ռազմ-Հոսեյնին նաև ասել է, որ հանքավայրերի, սննդամթերքի և կենցաղային տեխնիկայի ոլորտները երկու երկրների առևտրականների համար հարմար առիթ են փոխգործակցությունը խթանելու համար:

«Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համաձայնագիրը ստորագրելուց հետո նույնպես ասաց, որ իր երկիրը պատրաստ է փոխադարձ առևտրի և համագործակցության ու համատեղ արտադրությունների` օգնելու Իրանին այլ երկրների շուկաներ մուտք գործել»,- գրել է իրանական լրատվամիջոցը հունվարի 23-ին:

Նշելով, որ Հայաստանը մեծ շուկա ունի, Քերոբյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել իրանցի առևտրականներին, որպեսզի կարողանան մուտք գործել երրորդ երկրներ: Նա նույնպես շեշտել է առևտուրը դյուրացնելու և երկու երկրների գործարարների առջև ծառացած խնդիրները լուծելու անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ, իրանական և հայկական մի շարք փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ղեկավարները քննարկել են տեխնոլոգիաների փոխանակման կենտրոն ստեղծելու հարցը, քննարկում է եղել երկու երկրների ՓՄՁ-ների միջև համագործակցության վերաբերյալ:

Իրանի փոքր արդյունաբերության և արդյունաբերական քաղաքների կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Ռասուլյանն ընդգծել է փոխադարձ համագործակցության զարգացման, իրանական ու հայկական ընկերությունների կողմից ցուցահանդեսների անցկացման անհրաժեշտությունը Թեհրանում և Երևանում: Անդրադառնալով արդյունաբերական քաղաքներում ու տարածքներում ենթակառուցվածքներ ստեղծելու և զարգացնելու իր կազմակերպության փորձին, ինչպես նաև փոքր և միջին արդյունաբերության զարգացումը հայրենական դարձնելուն՝ նա պատրաստակամություն է հայտնել տրամադրել տեխնիկական ծառայություններ ու փորձի փոխանակում Հայաստանի հետ: Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնի ղեկավար (ԻՌՆԱ - Ներդրումների և փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության հայկական կենտրոնի ղեկավար) Լևոն Օհանեսյանն իր հերթին բացատրել է կենտրոնի ծրագրերն ու գործունեությունը:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, անդրադառնալով (24․01․2021) Իրանի արդյունաբերության, հանքային և առևտրային նախարար Ալիռեզա Ռազմ-Հոսեյնիի և Քերոբյանի հանդիպմանը, հիշեցրել է 2020 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակության՝ Թեհրան կատարած այցի շրջանակներում Իրանի նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումների մասին:

Հատկանշական է, որ ՀՀ ՏԿԵ նախարարության թե՛ պաշտոնական կայքում, թե՛ ֆեյսբուքյան էջում որևէ տեղեկություն չկա տեղադրված այս աշխատանքային քննարկումների մասին։ Տեղեկությունն այդ տարվա դեկտեմբերի 27-ին տարածել էր Իրանում ՀՀ դեսպանությունը։    

«Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան դեկտեմբերի 26-ին բանակցություններ վարեց ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ (պաշտոնն այսպես է ներկայացված «ՖԱՐՍ»-ում) Հակոբ Վարդանյանի հետ տարբեր էներգետիկ հարցերի շուրջ, մասնավորապես` 2004-ին երկու կառավարությունների կողմից կնքված փոխանակության (barter) երկարացման մասին, որը կնքվեց 2004-ին` գազն էլեկտրաէներգիայի հետ փոխանակելու համար»,- գրել է իրանական լրատվամիջոցը:

«Գազի արտահանման և գազն էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակելու վերաբերյալ որոշ տեխնիկական հարցերի շուրջ քննարկումները հետաձգվեցին մոտ ապագայի համար, որից հետո երկարաժամկետ պայմանագիր կստորագրվի», - ասել էր Զամանինիան։

Վարդանյանն իր հերթին ասել էր. «Մենք մեկուկես տարի բանակցություններ ենք վարել Իրանի հետ գազի արտահանման և գազի փոխանակման պայմանագրի երկարաձգման շուրջ: Այսօրվա բանակցություններն ամենակառուցողականների շարքում էին»: «Երկու պատվիրակությունները փորձեցին հաշվի առնել երկու երկրների փոխադարձ շահերը», - հավելել էր նա, հաղորդում է իրանական լրատվամիջոցը:

2004-ին Թեհրանը և Երևանը ստորագրեցին գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման 20-ամյա պայմանագիր, համաձայն որի՝ Իրանի կողմից արտահանվող գազը Հայաստանում կօգտագործվի էլեկտրակայանների կողմից: Իրանը դրա դիմաց էլեկտրաէներգիա կներմուծի Հայաստանից: Կողմերի միջեւ 2004 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն՝ Հայաստանն իրանական գազի դիմաց վճարում է էլեկտրաէներգիայով. յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց` 3 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: