Ավելի մեծ հակառեկլամ չինական պատվաստանյութին, քան ԱԺ-ի խեղկատակությունն էր, պատկերացնել հնարավոր չէ

Ավելի մեծ հակառեկլամ չինական պատվաստանյութին, քան ԱԺ-ի խեղկատակությունն էր, պատկերացնել հնարավոր չէ

Թայվանում աշխատող հայ ֆիզիկոս, Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սասուն Գեւորգյանի հետ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասին խոսել էինք մեկ տարի առաջ։ Համեմատելով Քովիդ-19-ին լավագույնս դիմակայող երկրներից մեկի՝ Թայվանի իրավիճակը հայաստանյանի հետ, նա եզրակացրել էր՝ Հայաստանի իշխանությունը վարակի դեմ պայքարելու ճիշտ մարտավարություն չունի, եւ դա է վարակի արագ տարածման պատճառը։
Այն ժամանակ Հայաստանում հաստատված դեպքերի թիվն ընդամենը 2 հազար էր, օրական մոտ 100 հոգի էր վարակվում, եւ ունեինք մոտ 4 տասնյակ մահ։ Այսօր մահերի թիվը մոտ 5 հազար 200 է, հաստատված դեպքերինն անցել է 200 հազարը, իսկ Թայվանը, ըստ Bloomberg-ի փորձագետների, կորոնավիրուսի 10 առաջամարտիկների շարքում է՝ Սինգապուրից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից եւ Իսրայելից հետո։

- Անցել է մեկ տարի։ Ի՞նչ համեմատություններ կանեք հիմա, ինչպիսի՞ն է Թայվանում վիճակն այսօր։

- Երկու օր առաջ Թայվանում վարակման 1111-րդ դեպքը գրանցվեց։ Դրանց 90 տոկոսը բերովի է, մնացածը տեղում են վարակվել։ Մահացել է ընդամենը 7 մարդ։ Երկրի ազգաբնակչությունը 24,8 մլն է, դրսից եկածների հետ՝ մոտավորապես 25 մլն։ Թվերի տարբերությանը նայեք։ Երեք օր առաջ Թայվանի առողջապահության նախարարը ելույթ ունեցավ եւ ասաց, որ շատ վատ է վիճակը, խստացումներ են մտցվում։ Ի՞նչ էր եղել։ Ուրեմն 5 նոր դեպք էր հայտնաբերվել՝ տարբեր երկրներից եկած մարդկանց մոտ, եւ երկու կլաստերային դեպք, երբ տեղում հայտնաբերում են հիվանդի եւ նրա շրջապատի բոլոր անձանց ստուգում են։ Եվ դա համարվում է իրենց համար հատուկ դեպք, որի պատճառով նախարարը խստացնում է պայմանները։ Այստեղ 5 հոգի է վարակվում, առողջապահության նախարարը հիստերիա է սարքում, այդտեղ առողջապահության նախարարն ինչ-որ անհասկանալի բաներ է դուրս տալիս ԱԺ-ում, իսկ Լենա Նազարյանը հատուկ շնորհակալություն է հայտնում նրան լավ աշխատելու համար։ 5 հազար մարդ է մահացել, դրանցից 2 հազարը, ենթադրենք, ծանր հիվանդ էր, կարող է մահանային, մի 1000-ն էլ տարեցներ էին, բայց 2 հազար մարդ դեռ երկար պետք է ապրեին, եթե դրանք պատշաճ ձեւով աշխատեին։ Ո՞վ է նրանց արյան տակից դուրս գալու։ Կանգնել, իրար շնորհավորում են լավ աշխատանքի համար։

- Ի՞նչ տպավորություն ստացաք Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթից։

- Երեկ լսեցի այդ ելույթը, որում վարչապետը երկրի համար մեկ ամբիոնից հայտարարում է, որ նվեր են ստացել 100 հազար չինական պատվաստանյութ՝ հատուկ նշելով, որ երկիրը Չինաստանն է, եւ շուռ է գալիս, նայելով ԱԺ ղեկավար կազմին, ասում՝ հույս ունեմ, որ դուք կպատվաստվեք սրանով, եւ սկսվում է ապուշ հիստերիկան։ Արարատ Միրզոյանն ու Ալենը, իրենց «սուր» հումորի ձեռքը կրակն ընկած, սկսում են՝ հա-հա, հի-հի, չէ՝ ես, չէ՝ դու, դահլիճը սկսում է հռհռալ, եւ ավելի մեծ հակառեկլամ չինական պատվաստանյութին, քան ԱԺ-ի խեղկատակությունն էր, պատկերացնել հնարավոր չէ։ Այսինքն, նվեր ստացած 100 հազար դոզան, որ 50 հազար մարդու պետք է փրկեր, իրենք ավտոմատ, իրենց ապաշնորհ վարվելաձեւով սարքեցին չորրորդ տեղ։ Իրենք տեղաբաշխել են արդեն՝ ընդ որում հատուկ նշելով երկիրը, ոչ թե ֆիրման։ Սրանից հետո իրենք հույս ունեն, որ ինչ-որ մեկն իրենց էլի պատվաստանյո՞ւթ նվեր կտա։ Եվ բողոքում են, որ մարդիկ չեն գալիս պատվաստվելու։ Ցուցադրաբար ցույց տվեցիք, որ դուք դեմ եք դրան, էլ ո՞վ կգա պատվաստվելու։

- Ինձ թվում է, Հայաստանում չինական վակցինայով շատերը կուզեն պատվաստվել, քանի որ այստեղ սարսափում են Astra Zeneca-ից։

- Իսկ ո՞վ է ասել, որ Astra Zeneca-ն ամենավատն է։ Որեւէ մասնագետի խոսք եղե՞լ է։

- Ես ստատիստիկան նկատի ունեմ, եւ որ երկրները հրաժարվել են Astra Zeneca-ից։

- Ստատիստիկան մեծ չէ։ Ինչ մնում է երկրներին՝ Չեխիան հրաժարվել է «Sputnik V»-ից, ամբողջ պարտիան հետ է ուղարկել։ Ո՞ւր է տանելու Ռուսաստանն այդ խմբաքանակը։ Մտածե՞լ եք։ Բրազիլիան հրաժարվել է։ Որեւէ մեկը խոսո՞ւմ է այդ մասին։ Ընդհանրապես, որեւէ պրոֆեսիոնալ կա՞, որ բացատրի։ Անիմաստ 550 հազար դոլարի չափով տվեցին մի անիմաստ հայկական ինստիտուտի՝ մոլեկուլային կենսաբանության, որ իբր թեստեր պատրաստեն։ Պետք էր քաղպաշտպանության եւ սանէպիդկայանի մակարդակի պայքար կազմակերպել, որպեսզի վարակն արագ չտարածվեր․ դա ասում էի 1 տարի առաջ։ Մինչեւ հզոր գիտություն ունեցող երկրները ստեղծեին պատվաստանյութ։ Այդ գումարն էլ կարելի էր ծախսել աշխատանքները կազմակերպելու համար։ Բայց՝ չէ, խանգարված երեւակայություն ունեն, քարի դարի սարքերով ինչ-որ գիտելիքահեն բաներ պետք է ստեղծեն։

- Թեստերը սարքեցին, այլ բան է, որ անորակ են համարվում, վստահելի չեն։

- Հայկական թեստերով իրավունք էլ չկար աշխատելու՝ մի պարզ պատճառով, որ կա պարզ տեխնիկական հարց։ Որպեսզի դու կարողանաս օգտագործման համար թույլատրելի թեստ սարքել, պետք է քո սարքավորումները, քո լաբորատոր սենյակները բավարարեն որոշակի պայմանների, եւ ոչ մեկը, չունենալով դա, պարզապես փողը մսխել էր, եւ ապուշ PR: Էլ չեմ ասում, որ փողերը տրվեցին մի ինստիտուտի, որի աշխատակիցը նկարած դիպլոմով թեկնածուական պաշտպանեց։ Ես այդ մասին գրել եմ դեռ 4 տարի առաջ՝ Էլ ի՞նչ խոսենք այդ ինստիտուտի մասին։ Դրանք կարո՞ղ էին ինչ-որ բան պատրաստել։ Ամեն ինչ վերածել են խեղկատակության։

- Վարչապետը բոլորին հորդորում է պատվաստվել, բայց տրանսպորտում, մետրոյում ոչ ոք դիմակ չի կրում, երթուղայինները լեփ-լեցուն են։

- Դա ուղղակի ապաշնորհություն եւ հանցագործություն է։ Թայվանում, որը 10-15 անգամ ավելի հարուստ է, քան Հայաստանը, եւ ունի շատ ավելի հզոր գիտություն, երեք տարբեր տեղական կամպանիաներ ստեղծում էին պատվաստանյութ եւ հայտարարեցին, որ պատրաստել են, բայց երկիրը խաչ քաշեց երեքի վրա էլ եւ առավ դրսից։ Նույն Astra Zeneca-ն։ Անիմաստ տեղը ինչ-որ պրովինցիալներ մտքեր են ասում թերթերում։ Չի կարելի։ Ենթադրենք, 7 տրոմբի դեպք են հայտնաբերել, իսկ ո՞վ է ասել, որ այլ վակցինայից այդ մարդկանց մոտ տրոմբ չէր առաջանա։ Ի վերջո, կարելի է, չէ՞, այդ ամենը բացատրել ժողովրդին։ Եթե պատերազմ եք հայտարարել կորոնավիրուսին, ինչո՞ւ գլխավոր հրամանատարը, որն առողջապահության նախարարն է, ոչ միայն բժիշկ չէ, այլեւ որպես անհատականություն էլ իրենից բան չի ներկայացնում։ Նրան լսելուց հասկանում ես, որ նորմալ իրավաբան էլ չէ։ Նա կարո՞ղ է բացատրել, թե որն է այդ երեք տարբեր պատվաստանյութերի տարբերությունը։ Կամ՝ մի քանի օր առաջ ԱԺ-ում մի պատմաբան տղա կա՝ Կոնջորյան, լուրջ տեսքով մեղադրում էր ընդդիմությանը, որ լուրեր է տարածում, թե վիրուս չկա։ Բայց առաջինն ո՞վ հայտարարեց, որ պինցետով պետք է բռնենք վիրուսն ու արաղով սատկացնենք։ Հիշողությո՞ւնն է կարճ, թե՞ խելքն է պակաս դրանց։

- Թայվանում շարունակվո՞ւմ է խիստ վերահսկողությունը։

- Խիստ են, բայց խստությունը դու չես էլ նկատում։ Տրանսպորտ առանց դիմակի չեն թողնում, մեծ խանութներ մտնել առանց դիմակի չեն թողնում, համալսարան ես մտնում, չեն թողնում։ Շառը գցել են, թե ժողովուրդը կարգապահ չէ։ Ժողովրդին ավտոբուսներով մարզերից բերեցին մարտի 1-ին միտինգի՝ մի դատարկաբանության, եւ ասում են՝ ժողովուրդը կարգապահ չէ։ Աստված գիտի, թե քանի մարդ գյուղերում մահացավ դրանից հետո։ Ոչ ոք այդ վիճակագրությունը չգիտի։ Եվ երկու օր հետո կառավարության նիստում հայտարարեցին, թե վիրուսը շատացել է։ Կշատանա, բա ի՞նչ կանի։ Մի անգամ, դեռ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ասել եմ՝ ոչնչությունների դիկտատուրա է Հայաստանում։ Ու հիմա եթե ինչ-որ բան փոխվել է, ապա լավագույն դեպքում դիկտատուրան դարձել է անկառավարելի եւ հիստերիկ։ Մնացածը նույնն է։