Նոր աղբամաններ քաղաքապետից

Նոր աղբամաններ քաղաքապետից

Արդեն երեք օր է՝ բակից Աճառյան փողոց մտնելիս քիչ է մնում մեքենայով շրջեմ Հայկ Մարությանի տուն-տնտեսությունը՝ աղբամանները, որ բերել-շարել են փողոցում: Կարելի՞ է, միթե, այդքան անուղեղ լինել: Դուք մեքենա չե՞ք վարում, չգիտե՞ք, թե ինտենսիվ երթևեկության պայմաններում ինչ է նշանակում բակից գերբեռնված փողոց դուրս գալը: Այս դեպքում Հր. Աճառյան 18, 20 և 22 շենքերի բակից դուրս եկեղ ավտոմեքենան, որին թույլատրվում է երթևեկել միայն աջ, նորատեղադրյալ աղբամանների պատճառով հայտնվում է երկրորդ շարքում՝ դառնալով խոչընդոտ այդ շարքով սուրացող ավտոմեքենաների համար:

Աղբամանները փակում են նաև վարորդի տեսադաշտը: Աստված մի արասցե, բայց եթե դրանց հակառակ կողմում աղբը թափող քաղաքացի լինի, վարորդը կարող է աղբամանների հետ նաև քաղաքացուն «հրել» ու սեղմել վերգետնյա անցումի բետոններին:

Հարգելի քաղաքապետ, եթե այս նորարարությունն արել եք, որպեսզի, ինչպես Ավանի շատ բարձրահարկերում, զմռսեք 18 և 20 բարձրահարկ շենքերի աղբատարները, ապա բարի լինեիք ձեր աղբամանները տեղադրել հենց այդ շենքերի հարևանությամբ և ոչ թե Աճառյան փողոցի վրա՝ 22 շենքի պատշգամբների տակ: Հասկանալի է, խնդիրը ձեր «Կամազներն» են, որոնք չեն կարողանում մտնել բակ, բայց դրա մասին պետք է նախօրոք մտածեիք և ձեռք բերեիք առավել հարմար մեքենաներ:
Կցանկանայի այս հանգամանքի վրա հրավիրել նաև նորանշանակ ոստիկանապետի ուշադրությունը:

Պարոն ոստիկանապետ, Դուք, որ այդքան շահագրգիռ եք օրինակելի երթևեկության և քաղաքացիների անվտանգության խնդիրներով, չե՞ք նկատել Երևանի քաղաքապետի այս ինքնագլխությունը: Ո՞վ է նրան իրավունք տվել միջամտելու Ձեր գործերին և երթևեկության նոր կարգեր հաստատելու մայրուղիների վրա: