Անիմաստ անցնող օրերի համար շատ ենք ափսոսելու 

Անիմաստ անցնող օրերի համար շատ ենք ափսոսելու 

Ադրբեջանն ուղիղ երեք ամիս՝ բնապահպանների անվան տակ, փակել է Լաչինի միջանցքը եւ աշխարհից մեկուսացրել Արցախի 120 հազար բնակչությանը: Այդ ժամանակահատվածում Հայաստանը եւ Արցախը դիմեցին աշխարհի մի շարք երկրների եւ միջազգային կառույցների՝ փորձելով նրանց միջամտությամբ լուծել խնդիրը, սակայն նրանց հորդորները՝ անհապաղ բացել միջանցքը, որեւէ արդյունք չտվեցին: Ավելին, Ստրասբուրգի եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանների վճիռները եւս մնացին թղթի վրա՝ միջանցքը փակ է, եւ այդ հարցում չնչին տեղաշարժ անգամ չկա: Փաստորեն, հայկական կողմը դեմ է առել պատին ու ոչ մի քայլ չի կարողանում ձեռնարկել: Միայն Կարմիր խաչի ու ռուսական խաղաղապահների օգնությամբ, շտապօգնության մեքենաներով ծանր հիվանդներին են Ստեփանակերտից տեղափոխում Երեւան եւ սնունդ հասցնում։ Տպավորություն է, թե այդ վիճակը մշտական է լինելու։ Հայերը կարծես հաշտվել են այդ իրողության հետ ու այլեւս փորձ էլ չեն անում իրավիճակը փոխելու: Ստեղծվել է ցուգցվանգային իրավիճակ, իսկ հայկական կողմը խոր սպասման մեջ է: Աշխարհը եւ միջազգային կառույցները եւս կոնկրետ քայլ չեն անում, իսկ օրերը գնում են՝ քայլ առ քայլ վատացնելով Արցախի բնակչության վիճակը: 

Գուցե օրենսդրությունն իրո՞ք թույլ չի տալիս պատժամիջոցներ կամ գործուն միջոցներ կիրառել։ Իսկ ժամանակը գնում է եւ ի վնաս Արցախի բնակչության է աշխատում: Մի՞թե միջազգային դատարաններն անգամ հաշվի չեն առել, որ եթե ստեղծվում է ֆորսմաժորային իրավիճակ, եւ իրենց վճիռները պատասխանողի (ների) կողմից ի կատար չի (չեն) ածվում, ինչպիսի պահուստային մոտեցում կարելի է կիրառել, որպեսզի իրավիճակին հանգուցալուծում գտնվի: Չէ՞ որ կարեւորը ոչ թե դատական վճռի կայացումն է, այլ այդ ծանր իրավիճակից մարդկանց դուրս բերելը։ Ո՞ւմ է պետք այն դատարանը, որի վճիռները չեն կատարվում: Եվ ի՞նչ իմաստ ունի իզուր ժամանակ ծախսել նման դատարան դիմելու, հայցն ապացուցելու եւ վճռի կայացման համար, եթե, միեւնույն է, կա հավանականություն, որ այն կյանքի չի կոչվելու։ Փաստորեն, ստացվում է, որ դատական օրենսդրությունն անկատար է, եւ որքան էլ աշխարհով մեկ թմբկահարեք, թե ունեք միջազգային դատարան, որը պետք է միջազգային կոնֆլիկտների հանգուցալուծմամբ զբաղվի, դա շատ ձեւական դատարան է եւ ոչ ավելին: Մի՞թե պարզ չէ, որ պետք է դատարանի լիազորություններն ընդլայնել այնպես, որ նմանատիպ իրավիճակներում նաեւ վճիռների կատարման մեխանիզմներ մշակվեն, պատժամիջոցներ սահմանվեն, որ ոչ մեկը չկարողանա չկատարել դատարանի որոշումները։ Այլապես այդ վճիռները գրոշ իսկ չարժեն։

Պարզ է, որ այս անցնող օրերը շատ թանկ են նստում հայկական կողմի վրա, այն առումով, որ թուրք-ադրբեջանական կողմը շատ ինտենսիվորեն վերազինվում է եւ թափով պատրաստվում հերթական հարձակմանը, իսկ մենք ոչինչ չենք ձեռնարկում: Մի օր մենք դեմ ենք առնելու «խաղաղության համաձայնագրի» ստորագրմանը, որի արդյունքում, նվազագույնը, Արցախը թողնելու ենք Ադրբեջանի կազմում, ու անգամ Լաչինի միջանցքի հարցը չի լինելու, եւ մնալու ենք մենակ Ադրբեջանի կողմից հավանական պատերազմի վտանգի առջեւ: Այդ ժամանակ մեր գլխին տալու ենք, որ մինչեւ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը, որը համընկավ նաեւ Լաչինի միջանցքի երկարատեւ փակման հետ, ոչ մի կոնկրետ քայլ չձեռնարկեցինք, չգիտակցեցինք, թե ինչ է մեզ սպասվում։ Իսկ այդ համաձայնագրի ստորագրումից հետո այլեւս անհնար ու անիմաստ է լինելու որեւէ լուրջ քայլ կատարելը։

Չաշխատեցինք ամռանը՝ սոված կմնանք ձմռանը... Մեզ ընձեռված այս հարաբերական դադարի ժամանակը ճիշտ չօգտագործեցինք, իսկ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից հետո ոչինչ չենք կարող անել եւ ամբողջությամբ կհանձնվենք Ադրբեջանի քմահաճույքներին... Այլ խոսքով, այսօրվա չարվածը վաղը մեր քթից է գալու...
Որ իշխանությունն այս ամբողջ ժամանակահատվածում ոչինչ չարեց, զարմանալի չէ, քանզի նրանք արդեն հայտնել են սեփական դիրքորոշումը՝ իրենք Արցախի հետ գործ չունեն։ Սակայն այն, որ ընդդիմությունը եւս ոչինչ չարեց, դա է զարմանալին։ Փաստացի, առաջին անգամ իշխանության եւ ընդդիմության դիրքորոշումները համընկնում են։
Այ քեզ զարմանալի բան...     

Անանիա Մաղաքյան