Անահիտ Մանասյանն ուզում է իր գոյության համար իրեն շնորհակալություն հայտնեն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանրային շահերի իրական պաշտպան դառնալու փոխարեն ՄԻՊ աշխատաոճի նոր ավանդույթներ է փորձում ձեւավորել երկրում: Նախկին բոլոր ՄԻՊ-երը` ինչ որ փուլից սկսած, խնդիրներ էին ունենում գործող իշխանությունների հետ, որովհետեւ նրանց վարքն ու բարքն էին քննադատում, ՀՀ քաղաքացիների իրավունքներն էին պաշտպանում եւ ակամայից հայտնվում էին իշխանության հետ հակառակ բարիկադներում: Իսկ իրեն Հայաստանի թիվ 1 իրավաբան հռչակած Անահիտ Մանասյանն այդ ուղով չգնաց` նա «շոկոլադային» հարաբերությունների մեջ է ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ իշխանությունների, կառավարական տարբեր օղակների, իրավապահների գործողությունների մեջ, որպես կանոն, թերություններ չի տեսնում: Նա, ի տարբերություն իր նախորդների, իշխանության մաս է կազմում` մասնակցում է իշխանական բոլոր հավաքներին, անգամ` Աննա Հակոբյանի մասնավոր հավաքներին, որոնց ժամանակ երբեմն նույնիսկ երգում է:
Ցանկացած ցույց, պայքարի շարժում, որի ժամանակ ընդդիմության նկատմամբ ոտնձգություններ են կատարվում, ՀՀ քաղաքացիներին են ծեծում եւ բռնության ենթարկում, նրա ընդվզումը չեն առաջացնում: Առավելագույնը, որ անում է ՄԻՊ-ը` մի հերթապահ հայտարարություն է տարածում, թե` մենք հետեւում ենք, մշտադիտարկում ենք անում: Իսկ թե այդ հետեւելու եւ մշտադիտարկման արդյունքում ինչ «հետեւության» է հանգում, որ կառույցն է գերազանցել իր իրավասությունների սահմանները, ինչպես են ոտնահարվել իրենց բողոքն արտահայտող մարդկանց իրավունքները, այլեւս` ոչ մի բառ: Սպասում են, որ բողոքի ալիքն անցնի, մարդիկ մոռանան վայրագությունները եւ ՄԻՊ արձագանքի բացակայությունն էլ ոչ ոք չնկատի: 2004 թվականից գործող ՄԻՊ կառույցը երբեւէ նման անհաջող, իշխանամետ, գործող քաղաքական ուժին սպասարկող օմբուդսմեն չի ունեցել:
Բայց ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկու «նորամուծություն», այնուամենայնիվ, բերել է մեր կյանք: Մեկը նրա մշտական մուննաթն ու դժգոհությունն է, թե` ինձ մի քննադատեք, ՄԻՊ ինստիտուտը մի վարկաբեկեք, ես պետք է անձեռնմխելի լինեմ: Պարբերաբար նման հայտարարություններ է տարածում: Իսկ վերջերս անգամ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին Քրեական օրենսգրքով էր սպառնացել: Եւ երկրորդ «նորամուծությունը», որն ուղղակի «հանճարեղ» մտահղացում է` ՄԻՊ գրասենյակ դիմած մարդկանց ստիպում են շնորհակալական նամակներ գրել եւ պարբերաբար հրապարակում են դրանք: Ընդ որում, դատելով դրանց նմանությունից` ինչ որ շաբլոն են մշակել, երեւի տալիս են, որ մարդիկ իրենց ձեռքով արտագրեն, հետո` հրապարակեն:
Այսօր, մասնավորապես, ՄԻՊ գրասենյակից նման տեքստ են ուղարկել մեզ.
«Կարևոր է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի համար առաջնային է յուրաքանչյուր քաղաքացու կողմից բարձրացված խնդրի ճիշտ հասցեավորումն ու լուծումը: Մշտապես ստացվող շնորհակալական նամակներն այսուհետ պարբերաբար կհրապարակվեն ՄԻՊ աշխատակազմի պաշտոնական հարթակներում»:
Եթե անգամ ՄԻՊ գրասենյակը ինչ որ մասնավոր հարցեր կարգավորում է եւ մարդիկ անկեղծորեն են շնորհակալություն հայտնում, նախ, այդ գրասենյակը բյուջեից ահռելի ֆինանսավորում է ստանում եւ նման հարցերով զբաղվելը նվազագույնն է, որ նա պետք է անի` դա մտնում է իր անմիջական գործառույթների մեջ: Եւ երկրորդը` նման շնորհակալություններով հպարտանալը նույնն է, որ մարդիկ գրավոր շնորհակալություն հայտնեն փողոցում կանգնող պարեկներին` երթեւեկությունը կարգավորելու համար, ավտոբուսի վարորդներին` ավտոբուս վարելու համար, կառավարության շենքը հսկող պահակին` պահակություն անելու համար, լրագրողներին` հոդված գրելու համար, գազի տեսուչին` հաշվիչի ցուցմունքները գրելու համար եւ այդպես շարունակ:
Այսինքն, ի՞նչ էր ակնկալում Մանասյանը, որ պետք է ահռելի աշխատավարձ ստանա ու այդ նվազագույնն էլ չանի՞:
Արեգ Մարգարյան
Կարծիքներ