«Դեսանտ» են իջեցնում, որ շոշափեն հանրային տրամադրությունները. Մետաքսե Հակոբյանը՝ Մարուքյանի՝ Արցախ այցի վերաբերյալ

«Դեսանտ» են իջեցնում, որ շոշափեն հանրային տրամադրությունները. Մետաքսե Հակոբյանը՝ Մարուքյանի՝ Արցախ այցի վերաբերյալ

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում հանդիպել էր Արցախի Աժ պատգամավորների հետ։

Հանդիպման մանրամասների և ԱԺ դիմաց տեղի ունեցած քաղաքացիների գործողությունների վերաբերյալ զրուցել ենք Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

Պատգամավորը հաստատեց, որ Արցախի խորհրդարանի երեք ընդդիմադիր խմբակցությունները՝ «Արդարություն», ՀՅԴ, ԱԺԿ, հրաժարվել են հանդիպել Էդմոն Մարուքյանի հետ։ Հավելելով, որ ընդդիմադիր խմբակցություններն ի սկբանե՝ առանց օրակարգին ծանոթնալու, հրաժարվել են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հատուկ ներկայացուցչի հետ, որովհետև դժվար չէր նույնիսկ ենթադրել, թե օրակարգում ինչ հարց կարող էր լինել։

Տիկին Հակոբյանը մեզ հայտնեց նաև, որ հանդիպումը, ոչ թե պատգամավորների հետ էր, այլև՝ խմբակցությունների ղեկավարների հետ և արդյունքում Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել են միայն «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական Հայրենիք» խմբակցությունների ղեկավարները։

Մեր հարցին, թե ինչու՞ Էդմոն Մարուքյանն այդպես էլ չպատասխանեց ԱԺ դիմաց հավաքված Արցախի քաղաքացիների այն հարցադրմանը, թե, արդյո՞ք նա կարող է ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչու՞ էր Մարուքյանն այդքան «անդրդվելի», տիկին Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Էդմոն Մարուքյանի չպատասխանելն այդ հարցին որևէ մեկին պիտի զարմացնի, որովհետև Մարուքյանը, ըստ էության, խոսնակ է, և, բնականաբար, եթե Մարուքյանը փորձեր «արդարանալ», արդարանալու էր նույն տեքստով, ինչպես վերջերս Ալեն Սիմոնյանը հնչեցրեց, այսինքն՝ ասելու էր, որ այդ արտահայտությունը վնասելու է իրենց բանակցություններին։ Այստեղ շատ կարևոր է ընդգծել, որ եթե մինչև 2018թ., երբ ՀՀ իշխանություններին հարցնում էին, թե ինչու չեն ճանաչում Արցախի անկախությունը, պատասխանում էին, որ դա կվնասի բանակցային գործընթացին, սակայն այստեղ շատ կարևոր է ընդգծել ու հասկանալ, թե որքան էր այն ժամանակ բարձր բանակցություններում մեր այսպես ասած նշաձողը, ինչպես սիրում է ասել Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա փաստում ենք, թե ինչքան են ՀՀ ներկայիս իշխանություններն իջեցրել այդ «նշաձողը», որ նույնիսկ ՀՀ իշխանությունները կամ այսպես ասած «փոքրիկ իշխանիկները» վախենում են ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հենց այդ չասելն ինքնին վտանգ է, դա հենց բնորոշում է բանակցային գործընթացը, այսինքն՝ դրա շուրջ են ընթանում իրենց բանակցությունները»։

Իսկ մեր հարցին, թե արդյո՞ք տեղյակ եք՝ հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է դրսում սպասող քաղաքացիների բարձրացված հարցի մասին՝ այսինքն Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու հարցի վերաբերյալ, արցախցի պատգամավորը պատասխանեց. «Ինպես նշեցի, ընդդիմադիրներս հրաժարվել ենք հանդիպել Մարուքյանի հետ, արդյունքում նրա հետ հանդիպել են միայն երկու խմբակցությունների ղեկավարներ։ Արդյո՞ք, այդ հարցը բարձրացվել է, թե՝ ոչ, չեմ կարող ասել, չեմ էլ հետաքրքրվել իրենցից»։

Հարցին, թե ի՞նչ նպատակով է Մարուքյանը ժամանել Արցախ, ո՞վ է հրավիրել նրան հանդիպման Արցախի ԱԺ-ում և ի՞նչ նպատակով, տիկին Հակոբյանը ասաց. «Վստահ չեմ, բայց չեմ կարծում, որ հրավերը Արցախից է եղել, և կարծում եմ, որ սա հենց Մարուքյանի նախաձեռնությունն էր։ Այդ «դեսպան» բառը ես կփոխարինեմ  «դեսանտ» բառով, այսինքն՝ «դեսանտ» են իջեցնում, որպեսզի այստեղ շոշափեն հանրության տրամադրությունները։ Սա Էդմոն Մարուքյանի առաջին այցը չէ Արցախ ու կարծես թե գալիս է հատուկ հետախուզության և ինչ-որ բաներ փոխանցելու։ Ես առիթ եմ ունեցել ասելու, որ ինքը եկել է ոչ թե որևէ բան քննարկելու, այլև՝ այսպես ասած «փափուկ բարձ» դնելու Արցախի իշխանությունների գլխի տակ ու, երբ հարցնում են, թե ինչ բարձ, պատասխանում եմ բնականաբար «Նիկոլի փափուկ բարձը»։