«Մոցարտը՝ քաղաքում» 

«Մոցարտը՝ քաղաքում» 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Լոֆթը ներկայացնում են «Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն (սեպտեմբերի 23-ին, ժամը 19։30-ին)՝ LOFT ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնի բակում: Մոցարտյան երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների կատարմամբ՝ զուգակցվելով ուրբանիստական ոճի գեղանկարների ցուցահանդեսով: 

Երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Նարեկ Ավագյանի (ֆլեյտա), Արամ Ասատրյանի (ջութակ), Մերի Դոլմազյանի (ալտ) եւ Վահե Դանիելյանի (թավջութակ) կատարմամբ կհնչեն Մոցարտի դո մաժոր, ռե մաժոր եւ լա մաժոր կվարտետները, ինչպես նաեւ կցուցադրվեն նկարիչ Արթուր Հովհաննիսյանի «Forms and reflections» գեղանկարչական շարքի աշխատանքները։

Համերգի ջութակահար Արամ Ասատրյանը, ով ՀԱՖՆ առաջին ջութակների խմբի կոնցերտմայստերն է, ծրագրի ընտրության հետ կապված նշում է. ‹‹Մոցարտը հանճարեղության մարմնացում է, նա ե՛ւ ակադեմիական է, ե՛ւ ժամանակակից: Ես տարիներ առաջ Ֆրանսիայում նվագել եմ այս ձեւաչափով համերգներ, եւ տպավորություններն ուղղակի անմոռանալի էին››:

Ֆլեյտահար Նարեկ Ավագյանը (ՀԱՖՆ ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր) հավելում է, որ Մոցարտը միակ կոմպոզիտորն է, ով կվարտետներ է գրել ֆլեյտայի եւ լարայինների համար։ Վերջիններիս կատարումը համերգը դարձնում է ավելի բացառիկ, քանի որ երաժիշտները նման կազմով հավաքվում են միայն այս կվարտետները նվագելու համար եւ միայն շատ հատուկ առիթների ժամանակ։ Արտակարգ դրությունից հետո առաջին կենդանի կամերային համերգն արժանի առիթ է, որպեսզի հնչեն արվեստի այս երեք նրբագեղ գլուխգործոցները։