Ջո Բայդենը Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով ղեկավար
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայազգի Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով ղեկավար:
Հայկ Հաջինազարյանը նախկինում եղել է Բայդենի քարոզարշավի Արևմտյան Փենսիլվանիա նահանգի մամուլի քարտուղար: Ավելի վաղ՝ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, տեղեկատվական աջակցություն է ցուցաբերել Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում:
Քարոզարշավին միանալուց առաջ նա աշխատում էր ԱՄՆ Կոնգրեսում՝ սկզբում որպես Ինդիանա նահանգի սենատոր Ջո Դոնելիի մամուլի օգնական, ապա Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ:
Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալ ծնողների ընտանիքում: Հաջինազարյանը ավարտել է Ինդիանայի համալսարանը և Վաշինգթոնի համալսարանի քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:
Կարծիքներ