Էլիս Ուոքեր. Իսկապե՞ս, մի՞թե հանցագործությունը չի պատժվում

Էլիս Ուոքեր. Իսկապե՞ս, մի՞թե հանցագործությունը չի պատժվում

Միրնա
Սեպտեմբեր, 1961թ․

էջ 118

Ես նստած եմ պատուհանի մոտ՝ երեսուն տարվա հիպոթեքով գնված տան մեջ, գրում եմ այս նոթատետրում՝ նայելով Հելենա Ռուբենշտեյնի ձեռքերը հիշեցնող ձեռքերիս․․․ իսկ ինչո՞ւ ոչ։ Քանի որ ես լուրջ գրող չեմ, պարտադիր չէ, որ եղունգներս կրծած լինեն, կուտիկուլներս՝ անխնամ։ Ես կարող եմ երես տալ ինքս ինձ - իմ ձեռքերին - Herbessence-ի եղունգների յուղերով, լաքերով, լոսյոններով ու քսուկներով։ Արդյունքը՝ իսկապես գեղեցիկ ձեռքեր՝ քաղցրաբույր, փոքրիկ ու փափուկ․․․

Ես բարձրացնում եմ դրանք այն էջից, որի վրա գրել եմ՝ «Իսկապե՞ս, մի՞թե հանցագործությունը չի պատժվում», ուղղում եմ դրանք դեպի վերնաշապիկիս առջեւի մասը (սպիտակ ժանյակապատ վերնաշապիկ) եւ սահեցնում եմ դեպի կոկորդիս սյունը, որտեղ գարդենիայի բույրը լողում է վարսերիս գծի տակ։ Եթե պարզեմ ձեռքերս ու ոտքերս կամ պտտվեմ, ընդամենը մի պահ, մարմնիս քաղցր բույրն ավելին կլինի, քան կարող եմ տանել։ Բայց ես հիանալի տեղավորվում եմ իմ նոր միջավայրում․ ինչպես սառը կրեմ՝ հայելային ունայնության դարակին հալվելիս։

էջ 119

-Քեզ համար անակնկալ ունեմ,- ասաց Ռուելը, երբ առաջին անգամ բերեց ինձ այստեղ։ Իսկ դուք գիտեք՝ որքան եմ հիմա խորշում նրա ժպիտից։
-Ի՞նչ,- հարցրեցի բացարձակ անտարբեր։

Ահա, այսպես եկանք տուն։ Չորս ննջարան ու երկուսուկես զուգարան։

-Գեղեցկուհի է, չէ՞,- հարցրեց՝ առանց դիպչելու ինձ, բայց իր ձայնի կեղծ ոգեւորությամբ ստիպեց ինձ դուրս գալ մեքենայից։

-Այո, «գեղեցկուհի» է,- ասացի ես։ Ինչպես բոլոր հարավային տները։ Աղյուսները նման են հում մսի խորանարդների, ցածր տանիքը՝ երկաթից պատրաստված դաշտային գլխարկի։ Պատուհանները նեղ են՝ մանր ու փայլուն աչքեր։

Ալյումինն անդրադարձնում է։ Բակը երկար, չմշակված վերք է, փոքրաթիվ ծառերը տերեւազուրկ են, ինչպես մազակալներ՝ խրված ցեխից պատրաստված տորթի մեջ։

-Այո,- ասում եմ,- իհարկե, գեղեցկուհի է։

Նա փայլում է՝ իրեն հատուկ սառնությամբ ու վստահությամբ։ Զարմանում եմ, որ նա դեռ ինչ-որ ռազմական համազգեստ չի կրում։ Բայց… ոչ։ Նա Կորեայից տուն է վերադարձել որպես հերոս ու քաղցր հոտերի սիրահար։

-Այստեղ կարող ենք մոռանալ անցյալը,- ասաց նա։

էջ 120

Մենք տեղափոխվել ենք ու նոր կահույք գնել։ Վայրից նորության գարշելի հոտ է գալիս, կանաչ պատերից սիրտս խառնում է։ Նա կանգնած է իմ հետեւում, ձեռքերը դիպչում են մազերիս ծայրերին։ Ես վերցնում եմ սանրս ու սանրով հեռացնում եմ նրա ձեռքերը։ Ես այն աստիճանի եմ օծել մարմինս, որ նա (հատկապես նա) այլեւս չկարողանա դիպչել ինձ։

Ես չեմ ուզում մոռանալ անցյալը, բայց թութակի պես ասում եմ․ «Այո։ Այստեղ կարող ենք մոռանալ անցյալը»։
Անցյալը, իհարկե, Մորդեքայ Ռիչն է՝ այն մարդը, որ, Ռուելի պնդմամբ, իմ անկման պատճառն էր։ Անցյալն այն գիշերն է, երբ փորձեցի սպանել Ռուելին՝ իր շղթայական սղոցներից մեկով։

Մայիս, 1958թ.

էջ 2

Մորդեքայ Ռիչ

Մորդեքայը չի հավատում, որ Ռուել Ջոնսոնն իմ ամուսինն է։ «Էդ ծերուկը»,- ասում է նա ծաղրանքով, դաժանությամբ։ «Ռուելը ծեր չէ,- ասում եմ ես։- Ծեր երեւալը պարզապես նրա ձեւն է»։

Ինչպես, մտածում եմ ես, երիտասարդ երեւալը քո ձեւն է, թեեւ, հավանաբար, Ռուելից այնքան էլ երիտասարդ չես։
Միգուցե պարզապես նրանից է, որ Մորդեքայը թափառաշրջիկ է, թղթին է հանձնում Հարավից ստացած տպավորությունները, եկել է ոչ մի տեղից ու ոչ մի տեղ չի գնում․․․ իսկ Ռուելը երբեք չի հեռացել Հանքոկի շրջանից, միայն մեկ անգամ, երբ խիզախաբար գնաց պատերազմ։ Նա պնդում է, որ ճամփորդելը, հատկապես՝ երկամսյա արձակուրդը Եվրոպայում, բացել է իր աչքերը։ Նա ամուսնացավ ինձ հետ, որովհետեւ, թեեւ մաշկս շագանակագույն է, իր կարծիքով, ես ֆրանսուհու նման եմ։ Երբեմն ասում է, որ ես արեւելյան տեսք ունեմ՝ կորեացու կամ ճապոնացու եմ նման։ Այս միտքն ինձ մխիթարում է։ Իմ ընտանիքի անդամների գույնը գնալով մուգանում է՝ ծերանալուն զուգահեռ։ Գուցե մի օր արթնանա ու իրեն անկողնում գտնի կատարյալ անծանոթուհու հետ։

-Նա աշխատում է խանութում,- ասում եմ։- Նաեւ հարյուր ակր գետնանուշ է մշակում։

Դա, անշուշտ, մեծ առաջընթաց է։

-Այդքան շատ,- մտորում է Մորդեքայը։

Հպարտությունից չէ, որ պատմում եմ՝ ինչ է իմ ամուսինը, ինչ է անում։ Միայն այսպես կարող եմ նրան ինքս իմ մասին պատմել։

էջ 4

Այսօր Մորդեքայը վերադարձել է։ Նա մի զվարճալի/տխուր պատմություն է պատմում քաղաքում ապրող մի մարդու մասին, որ չի կարողանում գրգռել կնոջը։ «Կաշվից դուրս եկավ,- ծիծաղեց Մորդեքայը,- բայց՝ անարդյունք։ Մի գիշեր էլ, երբ գաղտագողի մոտենում էր նրա ննջարանին, ուրախ ճիչեր լսեց։ Ներս խուժելով՝ կնոջը գտավ մի ուրիշ կնոջ գրկում։ Կինը հանգիստ հագնվեց ու սկսեց հավաքել իրերը։ Ամուսինն աղաչում-պաղատում էր․ «Ինչ որ կուզես,- խոստանում էր։- Ի՞նչ ես ուզում,- աղաչում էր։ Կինը սկսեց քրքջալ եւ, ծիծաղելով, հեռացավ տնից ընկերուհու հետ։

Ամուսինն այժմ ամեն օր հարբում է եւ ուզում է, որ հրամանագիրն ուժի մեջ մտնի։ Նա չի կարող ասել՝ ինչի դեմ է լինելու հրամանագիրը, բայց այս խոսքերով է մարդկանց գլուխը տանում․ «Ուզում եմ, որ էդ անիծյալ հրամանագիրն ուժի մեջ մտնի»։ Նրա պատմությունն իմացող մարդիկ կատակներ են անում նրա մասին։ Խղճում են նրան, ու այնքան փող են տալիս, որ հերիքում է նրան խմած պահելու համար։

էջ 5

Կարծում եմ՝ Մորդեքայ Ռիչը նույնքան սիրտ ունի, որքան տիղմ ուտող դոդոշը։ Նույնիսկ երբ ծիծաղեցնում է ինձ, հասկանում եմ, որ ոչ ոք չպետք է այդքան սառնասրտորեն նայի ուրիշի շփոթությանը։

-Բայց ես էդպիսին եմ,- ասում է նա՝ տկտկացնելով իր նոթատետրի էջերին։- Անտարբեր աչք։ Գեղեցկություն փնտրող աչք։ Ճշմարտություն փնտրող աչք։

-Ինչո՞ւ ուրիշ բաներ չես փնտրում,- ուզում եմ իմանալ։- Ո՛չ Ճշմարտություն, ո՛չ Գեղեցկություն, այլ մարդկանց կյանքի այն տեղերը, որտեղ իրերը պարզապես մի քիչ շեղվել են ճանապարհից։

-Չափազանց մշուշոտ է,- ասաց Մորդեքայը՝ խոժոռվելով։
-Ճշմարտությունն էլ է այդպիսին,- ասացի։- Էլ չասած՝ գեղեցկությունը։

էջ 10

Ռուելն ուզում է իմանալ՝ ինչու է «այդ նիհար սեւ թափառականը» - ինչպես նա կոչում է Մորդեքային - պտտվում մոտակայքում։ Ես սխալ գործեցի՝ ասելով նրան, թե Մորդեքայը մտածում է օգտագործել մեր տունը որպես միջավայր՝ Հարավի մասին իր պատմություններից մեկի համար։

-Մորդեքայը Հյուսիսից է,- ասացի ես։- Նա երբեք չի տեսել փայտյա տուն, զուգարան՝ բակում։

-Իսկ գուցե ավելի լավ է վերադառնա էնտեղ, որտեղից եկել է,- ասաց Ռուելը,- ու զուգարան գնա իր իմացած ձեւով։

էջ 11

Երբ պատմեցի Մորդեքային Ռուելի ասածը, նա ժպտաց օձի դեմքով ու ասաց․

-Իսկ դու դե՞մ ես, որ այստեղ եմ։

Ես չգիտեի ինչ ասել։ Ինչ-որ բան կմկմացի։ Ոչ նրա հարցի պատճառով, այլ՝ որովհետեւ նա վճռականորեն ձեռքը դրեց ձախ պտուկիս վրա։

Մյուս ձեռքը մտցրեց խորը մազերիս մեջ։

-Ես ավելի մանրակրկիտ եմ ամուսնացած, քան կարող է կարծել քեզ պես երիտասարդ տղան,- ասացի նրան։ Բայց չեմ ակնկալում, որ դա կկանգնեցնի նրան։ Հատկապես այն օրվանից սկսած, երբ իմացավ, որ ես՝ ինքս, ուզում եմ գրող լինել։

Դա պատահեց այսպես․ ես գրում էի խաղողի այգում՝ նստած առվի եզրին, որ թաքնված է տնից ծառերով։ Նախքան կհասցնեի նոթատետրս հեռացնել, նա ուղիղ իմ առջեւ էր։ Նա խլեց այն ինձնից ու սկսեց կարդալ։ Եվ, որ ամենավատն է՝ նա կարդում էր բարձրաձայն։ Ես մահու չափ ամաչում էի։

«Իմ կինը չպետք է ամաչեցնի ինձ անմիտ, գռեհիկ բաներով»,- կարդաց Մորդեքայը (դա Ռուելի կարծիքն էր գրվածքիս մասին)։ Ամեն անգամ, երբ նա ասում է, թե որքան տարօրինակ եմ ես՝ պատմություններ գրելու իմ ցանկությամբ, առաջարկում է երեխա ունենալ կամ գնալ գնումների, ասես դրանք նույն բանն են։ Պարզապես ինչ-որ բան՝ լցնելու ժամանակս։

-Եթե ձեռքիդ տակ ժամանակ կա,- ասաց նա այսօր,- ինչո՞ւ չես գնումների գնում քաղաքի այն նոր խանութը։

Գնացի։ Գնեցի վեց տեսակի դեմքի քսուկ, հոնքերի երկու մատիտ, հինգ գիշերազգեստ եւ երկարամազ կեղծամ։ Շուրթերի երկու մատիտ եւ շուրթերի փայլ։

Իսկ այդ ամբողջ ընթացքում ես վշտացած էի իմ վերջին պատմության պատճառով։ Ուրվագծված - որքանով ես հասկանում եմ հիմա պատմությունները - բայց մահացած՝ որպես սաղմ։ Ձեռքս՝ անշարժացած վախկոտությունից, սիրտս՝ ստրուկի սիրտ։

էջ 14

Մորդեքայը, իհարկե, ուզում էր տեսնել պատմությունը։ Ի՞նչ ունեի կորցնելու։

-Թերթիր մի քանի էջ,- ասացի ես։- Սա պատմության կմախքն է, միգուցե մի օր կգրեմ։

-Միոտնանի կինը,- Մորդեքայը սկսեց բարձրաձայն կարդալ, իսկ հետո շարունակեց մտքում։

Կերպարներն աղքատ անասնապահներ են։ Մի առավոտ ամուսինը խումհարի պատճառով չի կարողանում կթել կովերը։ Կինը կթում է կովերը, բայց երբ վերջացնում է, կովերը վախենում են ամպրոպից ու խուճապահար վազում են՝ ոտնահարելով նրան։ Նրա ոտքը լրջորեն վնասվում է։ Ամուսինը քնած է եւ չի լսում կնոջ ճիչերը։ Վերջապես նա քարշ գալով հասնում է տուն ու արթնացնում նրան։ Ամուսինը լվանում է նրա վերքերը եւ աղաչում է ներել իրեն։ Նա բժշկի չի դիմում․ վախենում է, որ բժիշկը կմեղադրի իրեն ծույլ ու հարբած լինելու, իր կնոջն արժանի չլինելու մեջ։ Նա ուզում է, որ բժիշկը հարգի իրեն։ Կինն ըմբռնումով հարմարվում է։

Այնուամենայնիվ, փտախտ է սկսվում, եւ գալիս է բժիշկը։ Նա կշտամբում է ամուսնուն եւ անդամահատում է կնոջ ոտքը։ Կինն ապրում է ու փորձում ներել ամուսնու թուլությունը։

Մինչ նա հիվանդ է, ամուսինը փորձում է ցույց տալ, որ սիրում է նրան, բայց չի կարողանում նայել կտրված ոտքին։ Երբ կինն ապաքինվում է, ամուսնուն պարզ է դառնում, որ այլեւս չի կարող սիրով զբաղվել նրա հետ։ Կինը, զգալով նրա խորշանքը, հասկանում է, որ իր զոհաբերությունն իզուր էր։ Նա քարշ է տալիս իրեն գոմ ու կախվում։

Ամուսինը, ամաչելով, որ ինչ-որ մեկը կիմանա, որ ինքն ամուսնացած է եղել միոտնանի կնոջ հետ, թաղում է նրան, իսկ ավելի ուշ ասում է բոլորին, որ կինը գնացել է մորն այցելելու։

Մինչ Մորդեքայը կարդում էր պատմությունը, ես նայում էի դաշտերին։ Եթե նա ցանկացած լավ բան ասի գրածիս մասին, խոստացա ինքս ինձ՝ նրա հետ անկողին կմտնեմ (էլ ինչպե՞ս կարող էի փոխհատուցել։ Իմ ողջ ունեցվածքը սառը քսուկի տարաներն էին։) Ասես կարդալով մտքերս՝ նա ընկղմվեց բազմոցի մեջ՝ իմ կողքին, եւ տարօրինակ կերպով նայեց ինձ։

-Նման բաների մասի՞ն ես մտածում,- հարցրեց։

Նա իր գիրկն առավ ինձ, հենց այնտեղ՝ խաղողի այգում։ «Իսկապես՝ շատ ծանր, սեքսուալ վարսեր ունես»,- ասաց նա՝ պառկեցնելով ինձ գետնին։ Մորդեքայի մատների տակ մարմինս բացվեց ծաղկի պես ու զգուշորեն ծաղկեց։ Եվ դա տարօրինակ էր, բայց հրաշալի։ Քանի որ չեմ կարծում, թե սա ինչ-որ կապ ուներ սիրո հետ։

էջ 17

Դրանից հետո Մորդեքայը գովում էր իմ խելքը, իմ զգայունությունը, իր տեսած աշխատանքի խորությունը - եւ, բնականաբար, ես նրան ցույց տվեցի այն ամենը, ինչ ունեի՝ ավագ դպրոցից մնացած հին ամսագրեր, նոթատետրեր, որ պահում էի գոմի տակառի տակ, պատմություններ՝ գրված թղթե տոպրակների, անձեռոցիկների, նույնիսկ լվացարանի վերեւի դարակի թղթի վրա։ Ես ապշած եմ - նույնիսկ ավելի ապշած, քան Մորդեքայը - իմ գրած նյութերի քանակով։ Ավելի քան քսան տարվա արժեք, որ հեշտորեն կլցներ մի փոքրիկ ցախատուն։

-Սրանք ինձ տուր,- վերջապես ասաց Մորդեքայը՝ խառը կույտից իր ընտրած երեք նոթատետրերը ձեռքին։- Տեսնեմ ինչ կարելի է անել սրանց հետ։ Կարող ես նոր Զորա Հուրսթոն կամ Սիմոնա դը Բովուար լինել,- ժպտաց նա։

Ես, իհարկե, շոյված եմ։ «Վերցրո՛ւ, վերցրո՛ւ»,- բացականչում եմ։ Արդեն տեսնում եմ ինձ այնպիսին, ինչպիսին՝ նա։ Հայտնի հեղինակ՝ մղոններով հեռու Ռուելից, մղոններով հեռու բոլորից։ Կապույտ ջինսով, անխնամ ձեռքերով։ Ինձնից քրտինքի հոտ է գալիս։ Ես փայլում եմ երջանկությունից։

-Ինչպե՞ս կարող են այսպիսի գեղեցիկ շագանակագույն մատներն այդքան տգեղ, խորը բաների մասին գրել,- հարցնում է Մորդեքայը՝ համբուրելով դրանք։

էջ 20

Մեկ շաբաթ շարունակ մենք իրար ոչինչ չենք մերժում։ Եթե Ռուելը գիտի (ինչպե՞ս կարող է չիմանալ․ նրա սավանները երբեք թարմ չեն), նա ոչինչ չի ասում։ Ես հասկանում եմ հիմա, որ նա երբեք Մորդեքային որպես սպառնալիք չի նայել։ Որովհետեւ Մորդեքայը, թվում է, ոչինչ չունի առաջարկելու, բացի իր նիհարությունից ու զվարճալի զրույցներից։ Ես չարախնդում եմ՝ սա իմանալով։ Այժմ Ռուելը կհասկանա, որ ես արգանդ չեմ՝ առանց ուղեղի, որին կարելի է գնել ճապոնական լոգարաններով ու գնումների հաճույքով։ Իմ փրկության պահը մոտ է։

էջ 24

Մորդեքայն այսօր չեկավ։ Ես նստած եմ տաղավարում, գրում եմ այդ բառերը, ու կոկորդս սկսում է խեղդել։ Ես համարյա խեղդվում եմ իմ վախից։

էջ 56

Շաբաթներ շարունակ ոչինչ չեմ նկատում։ Ո՛չ Ռուելին, ո՛չ տունը։ Ամեն ինչ շշնջում է, որ Մորդեքայը մոռացել է ինձ։ Երեկ Ռուելն ասաց ինձ, որ չգնամ քաղաք, իսկ ես ասացի, որ չեմ գնա․ մինչ այդ փողոցներով վերուվար էի արել՝ փնտրելով Մորդեքային։ Մարդիկ տարօրինակ հայացքով են նայում ինձ, նրանց հայացքները տարօրինակ ձեւով սահում են իմ վրայով։ Ասես դեմքիս վրա տեսնում են մի բան, որ շփոթեցնում է նրանց։ Մի՞թե բոլորը գիտեն իմ ու Մորդեքայի մասին։ Այսքան շո՞ւտ է երեւում մեծ սերը․․․ Թեեւ այնքան էլ շուտ չէ։ Նրա բացակայությունն ավելի երկար է, քան ճանաչել եմ նրան։

էջ 61

Ռուելն ասում է, որ միտքս քնած է։ Քնած է, իհարկե։ Ոչինչ չի արթնացնի այն, բացի նամակից, որում Մորդեքայն ասում է, որ հավաքեմ իրերս ու թռչեմ Նյու Յորք։

էջ 65

Եթե կարողանայի կարդալ Մորդեքայի գրապահոցը, հաստատ կիմանայի, թե ինչ է մտածում իմ մասին։ Բայց հիմա եմ հասկանում, որ նա ոչ մի անգամ չի առաջարկել ցույց տալ այն ինձ, թեեւ հնարավորություն է ունեցել կարդալու իմ երբեւէ ունեցած յուրաքանչյուր լուրջ միտք։ Ես վախենում եմ իմանալ, թե ինչ էր նա մտածում։ Ես խեղված, դեֆորմացված եմ զգում։ Բայց եթե նա երբեւէ գրի առներ, ինձ համար ամեն ինչ պարզ կլիներ։

էջ 66

Այսօր Ռուելն ինձ ներս բերեց խաղողի այգուց՝ անձրեւի տակից։ Ես չգիտեի, որ անձրեւում էր։ «Մեր նման ծերուկները ռեւմատիզմով կհիվանդանան, եթե զգույշ չլինեն»,- կատակեց նա։ Չգիտեմ՝ ինչ նկատի ունի։ Ես երեսուներկու տարեկան եմ։ Նա՝ քառասուն։ Այս ամսվանից առաջ ես երբեք ինձ ծեր չեմ զգացել։

էջ 79

Անցած գիշեր Ռուելը մտավ անկողին ու, բառի բուն իմաստով՝ լացեց իմ գրկում։ Ասում է՝ ամեն ինչ կտար երեխա ունենալու համար։

-Կարո՞ղ ենք երեխա ունենալ,- ասաց։

-Իհարկե,- ասացի ես,- ինչո՞ւ ոչ։

Սկսեց համբուրել ինձ ու գովաբանել իմ արժանիքները։ Ես սկսեցի ծիծաղել։ Նա շատ բարկացավ, բայց ավարտին հասցրեց սկսածը։ Իսկապես մտադիր է երեխա ունենալ։

էջ 80

Իսկապես պետք է ավելի լավ բան մտածել, քան ինքնասպանությունն է։

էջ 81

Ռուելն ուզում է, որ բժշկի գնամ՝ երեխայի բեղմնավորումն արագացնելու համար։

-Կգնա՞ս, սիրելիս,- խնդրում է մուրացկանի պես։

-Իհարկե,- ասում եմ։- Ինչո՞ւ ոչ։

էջ 82

Այսօր բժշկի գրասենյակում ամսագիր էի կարդում, երբ հանդիպեցի միոտնանի կնոջ մասին պատմությանը։ Նրա նկարն էլ կար՝ նկարված մեկի կողմից, ով կովերը նարնջագույն ու կանաչ  էր նկարել, իսկ կնոջը՝ սպիտակ, ինչպես կրեկեր՝ փոքրիկ ու նեղ կապույտ աչքերով։ Ոչ սեւամորթ ու ծանր, ինչպես իմ հորինած պատմության մեջ։ Այդուհանդերձ, դա իմ պատմությունն էր՝ լրացված ու շաղկապված նույնկերպ։ Ասում են՝ հեղինակը Մորդեքայ Ռիչն է։ Հետեւի էջում նրա փոքրիկ նկարն է։ Լուրջ տեսք ունի, մորուք է աճեցրել։ Եվ նրա նկարի տակ նրա նույն պնդումն է՝ Ճշմարտության որոնումների մասին։

Ասում են՝ նրա հաջորդ գիրքը կոչվելու է «Սեւամորթ կնոջ դիմադրությունը ստեղծարար արվեստին»։

էջ 86

Անցած գիշեր, երբ Ռուելը խռմփացնում էր մահճակալի իր մասում, լվացի նրա մատնահետքերն իմ մարմնի վրայից։ Հետո միացրեցի նրա շղթայական սղոցներից մեկն ու փորձեցի կտրել նրա գլուխը։ Ձախողվեց աղմուկի պատճառով։ Ռուելն արթնացավ հենց վերջին պահին։

էջ 95

Օրերն անցնում են մշուշի մեջ, ինչը տհաճ է։ Բժիշկներն ու բուժքույրերն ինձ լուրջ չեն ընդունում։ Նրանք թունավորում են ինձ դեղերով եւ նույնիսկ չեն բարեհաճում կողպել դուռը։ Երբ մտածում եմ Ռուելի մասին, հիշում եմ բրիտանացիների «Ռուել Բրիտանիա» երգը։ Նույնիսկ կարող եմ սուլել կամ մատներով թմբկահարել մեղեդին։

էջ 218

Մարդիկ անընդհատ ասում են ամուսնուս, որ ես նման չեմ խենթի։ Արդեն գրեթե մեկ տարի է՝ ինձ դուրս են գրել, եւ նա սկսում է հավատալ նրանց։ Գիշերները նա մագլցում է ինձ վրա իր նվնվոցով ու հույսով՝ անիծելով Մորդեքայ Ռիչին՝ իր կյանքը խառնաշփոթ դարձնելու համար։ Հետաքրքիր է՝ զգո՞ւմ է նա, թե ինչպես են մեր ցանկությունները բախվում մթության մեջ։ Երբեմն տեսնում եմ կայծերի թռիչքը գլխիս մեջ։ Զարմանալի է՝ որքան սովորական է ամեն ինչ։

էջ 223

Տունը դեռ չի արթնանում փոքրիկ քաղցր տոտիկների թփթփոցից, որովհետեւ, որպես իմ սուրբ պարտք, ես օգտագործում եմ Դեղահաբը։ Դա միակ հումորային պահն է իմ ողջ օրվա ընթացքում․ կուլ եմ տալիս այդ փոքրիկ դեղին հաբը եւ վրայից խմում գազավորված ըմպելիք կամ թեյ։ Ռուելը երկար ժամեր է անցկացնում խանութում ու գետնանուշի դաշտում։ Գալիս է քրտնած, կեղտոտ, հոգնած, իսկ ես սպասում եմ նրան՝ բուրելով Arpège-ի, My Sin-ի, Wind Song-ի եւ Jungle Gardenia բուրմունքներով։ Համայնքի կանայք խղճում են նրան՝ այն բանի համար, որ ամուսնացած է այսպիսի դատարկության հետ։

Ես սպասում եմ՝ գեղեցիկ ու իդեալական յուրաքանչյուր դետալում, պատրաստում եմ ընթրիք՝ ասես կյանքս դրանից է կախված։ Առանց դիմադրելու պառկում եմ նրա անկողնում՝ ինչպես ափ նետված խեղդված դի։ Իսկ նա արդեն գիտի, որ ոչինչ անելու մտադրություն չունեմ, բացի «այո» ասելուց, մինչեւ նա վերջնականապես ուժասպառ լինի։

Օրական երկու անգամ գնում եմ նոր առեւտրի կենտրոնը՝ առավոտյան ու կեսօրին կամ գիշերը։ Գնում եմ գլխարկներ, որ նույնիսկ չէի երազի կրել կամ նույնիսկ ունենալ։ Զգեստներ, որ արդեն Գուդվիլի ճանապարհին են։ Կոշիկներ, որ կբորբոսնեն նկուղում։ Եվ ես պահում եմ օծանելիքի սրվակները, մաշկի փափկեցուցիչները, փայլերի ու ստվերաներկի տարաները։ Ես զվարճանում եմ՝ ներկելով սեփական դեմքս։

Երբ նա ամբողջովին, ամբողջովին կհոգնի ինձնից, կասեմ նրան, թե որքան ժամանակ եմ ապավինել Դեղահաբի պաշտպանությանը։ Երբ ես ամբողջովին, ամբողջովին կհոգնեմ իմ մարմնի քաղցր, քաղցր բույրից ու այս՝ Հելենա Ռուբենշտեյնի ձեռքերից, կլքեմ նրան ու այս տունը։ Կլքեմ ընդմիշտ՝ առանց գեթ մեկ անգամ հետ նայելու։

Անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ