«Հրապարակ»․ Բոլոր դատավորների դիմումները ՄԻԵԴ-ը քննելու է առաջնահերթության կարգով

2025 թ. հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դադարեցված լիազորությունների գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել։ ՄԻԵԴ-ը կասկածի տակ է առել Անտոնյանի գործով Կարեն Անդրեասյանի՝ որպես ԲԴԽ նախագահի անաչառությունը եւ նշել, որ գործընկերային եւ անձնական կապերին վերաբերող փաստերը վկայում են Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի շատ սերտ հարաբերությունների մասին, որը դուրս է եղել «մասնագիտական հարաբերությունների» շրջանակից, հետեւաբար, կարող էին կասկածներ առաջանալ Կարեն Անդրեասյանի անաչառության վերաբերյալ, եւ 2023 թվականին դատավորին համակարգից հեռացնելու որոշումն էլ, ըստ այդմ, իրավաչափ չէ:
Բայց Անտոնյանը Մինասյան- Անդրեասյան զույգի ջանքերով համակարգից ազատված միակ դատավորը չէ: Այս տանդեմը, բնականաբար, իրենց նշանակող Նիկոլ Փաշինյանի հրահանգով, այսպես կոչված, «վեթինգ» էր իրականացնում, եւ մեկ տասնյակից ավելի դատավորների լիազորություններ են դադարեցվել: Ամիսներ առաջ, օրինակ, դադարեցվեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները։ Ըստ լուրերի՝ ոչ էական խախտումները պատճառ բռնելով, վերեւների հրահանգով դատավորը պատժվեց` վերը նշված դատավճռի համար։
Վահե Միսակյանն էլ է բողոք ներկայացրել ՄԻԵԴ՝ բողոքի հիմքում դնելով նաեւ Անդրեասյանի ոչ անաչառ լինելու հանգամանքը։
Նախկին դատավորին հարցրինք՝ ի՞նչ հիմքերով է ներկայացրել իր բողոքը։ «Բոլորը վերաբերում են խորհրդի անկախությանը, անկողմնակալությանը՝ կապված Անդրեասյանի ֆակտորի հետ, այսինքն՝ Մինասյանի հետ իրենց ունեցած ընտանեկան, ոչ միայն կնոջ, այլ նաեւ ծնողի հետ կապի վերաբերյալ, ոչ միայն գույքային, այլ նաեւ՝ փոխադարձ կապերով։ Ինձ հետ կապված իր կողմնակալ վերաբերմունքը, որը հետո է հայտնի դարձել։ Օրինակ, պարզ բան․ ես դատավոր եմ, մտնում եմ սպանության գործով խորհրդակցական սենյակ, հետո տեսանյութ եմ հրապարակում Տիկ-տոկով ու «վճարովի» եմ դնում, որ բոլորը տեսնեն, ու ասում եմ՝ տեսնես այս մարդը պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ չէ, կամ` այս մարդուն դատում են մարդ սպանելու մեղադրանքով, եւ դրա մասին խոսում է այն մարդը, որը պետք է ապահովի դատավորի անկախությունը, դատական իշխանության հեղինակությունը։ Փոքր բաներից մեկն եմ ասում»։
- Պարոն Միսակյան, Սուրեն Անտոնյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռից հետո, իրավաբանական համայնքից մարդիկ կային, որոնք ասում էին, որ Կարեն Անդրեասյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում հարուցվի՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով։
- Ես, ճիշտն ասած, որպես իրավաբան՝ նման փաստի չեմ տիրապետում, ձեռնպահ կմնամ նման գնահատական տալուց, գնահատականն առավելագույնը սահմանափակվում է ՄԻԵԴ հրապարակմամբ, որ այս հիմքերը բացարկի հիմք էին։ Մի քիչ օդի մեջ կլինի գնահատական տալը, եղած հիմքերով ես հանցակազմի հատկանիշներ չեմ տեսնում, սա իրենց պարտականությունների կամ էթիկայի կանոնների ոչ ճիշտ պահպանման հետ է կապված։
- Ի՞նչ է ստացվում` Գրիգոր Մինասյանը եւ Կարեն Անդրեասյանը հեռացան, իսկ մի քանի դատավորներ, որոնք ընկան նրանց «դռբի տակ», կա՛մ համակարգից հեռացվեցին, կա՛մ էլ պատասխանատվության ենթարկվեցին...
- Խնդիրն այն է, որ նախարարը միջնորդությունը ներկայացնում է, իսկ միջնորդության լուծողը խորհուրդն է, Անդրեասյանը միայնակ չի որոշում՝ օրենքի տեսանկյունից։ Բայց ես համոզված չեմ, որ Անդրեասյանի ազդեցությունն ընդհանուր առմամբ չի եղել, ՄԻԵԴ-ի վճռից էլ ենք մենք անուղղակի արձանագրում, ու նաեւ մի շարք որոշումներով ՄԻԵԴ-ն իր մտահոգությունն է հայտնում՝ այն անձը, որը բացարկման ենթակա է, մենք չգիտենք՝ խորհրդակցական կամ գաղտնի քվեարկության ժամանակ ինքն իր ազդեցությունն ունենո՞ւմ է խորհրդի վրա։ Իսկ թե ինչ պատասխանատվություն կարող էր լիներ. իրենց խորհրդի անդամի կարգապահական պատասխանատվության հարցը՝ խորհրդի անդամների միջնորդությամբ, կարող էր քննվել, բայց քանի որ ինքը էլ խորհրդի անդամ կամ նախագահ չէ, դա չի կարող քննության առարկա լինել։
- Տեսանք, որ Անտոնյանի վերաբերյալ վճիռը բավականին արագ եղավ, Ձեր բողոքի քննությունն ու որոշումը ե՞րբ կլինեն, ե՞րբ եք ակնկալում։
- Ես պատասխանը չեմ ստացել, բայց չեմ ուզում առաջ ընկնել։ Իմ իմանալով՝ բոլոր դատավորները, որոնք դիմել են, Կոնվենցիայի կարգավորումներով եւ դատարանի գործունեության կարգով այնտեղ իրավունք կա դիմելու, որ գործն արագ քննվի եւ առաջնահերթության կարգով, գրեթե բոլոր դատավորների գործերին առաջնահերթություն է տրվում, ինչը ենթադրում է նույն ժամանակահատվածում։ Օրինակ, էնտեղ, իմ պատկերացմամբ, ավելի ցայտուն իրավիճակներ կային, որոնց ՄԻԵԴ-ն ավելի լայն անդրադարձ պետք է անի, որոնք Անտոնյանի գործով չեն եղել, այնտեղ արդար դատաքննության իրավունքի խնդիր կա, մարդ կա, որ լսված լինելու իրավունքն է վիճարկում, մարդ կա, որ տույժի գնահատման հետ կապված սխալ եզրահանգումներ են եղել։ Բայց քննությունը հնարավորինս արագ է լինելու, ի համեմատ մյուս գործերի։
Կարծիքներ