Իրենց հնարավորություն տվեցինք մեր մի մասը զգալ` չուզեցին, իզուր տեղը եկան՝ գնացին

Իրենց հնարավորություն տվեցինք մեր մի մասը զգալ` չուզեցին, իզուր տեղը եկան՝ գնացին

Մայր Աթոռ վերաօծման արարողությունը դեռ չավարտված Փաշինյանն, իր հետ եկած իշխանական վերնախավի հետ, լքեց տաճարն այն պահին, երբ Ամենայն հայոց կաթողիկոսն իջնում էր խորանից՝ ներկաներին հնարավորություն տալով համբուրել սուրբ խաչն ու ստանալ հայրապետական օրհնությունը։ Իշխանականներից ոչ մեկը հաղորդություն չստացավ՝ հեռացավ եկեղեցուց, պատարագը չավարտված։ 

«Պիտի հաղորդություն ստանալու գիտակցությունը, հասկացողությունն ու ըմբռնումը ունենան, մեղքերի թողության եւ ապաշխարհության անհրաժեշտությունը ունենան։ Իշխանականներից ոչ մեկը չի մնացել մինչեւ վերջ, հաղորդություն չի ստացել, որքան ես գիտեմ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Հաղորդություն ստանալ նշանակում է՝ զղջալ եւ ցավ ապրել գործած մեղքերի համար, ապաշխարել: Պետք է մասնակցել Խոստովանության կարգին, որը տեղի է ունենում Ս. Պատարագի ժամանակ: Խոստովանել մեղքերը Աստծու և Նրա պաշտոնյայի՝ հոգևորականի առջև: Խոստովանության կարգի ժամանակ պետք է ծնկի իջնել և աղոթքով ու զղջումով հետևել ընթերցվող մեղքերի ցուցակին` ամեն անգամ քահանայի հետ կրկնելով «Մեղայ Աստուծոյ» արտահայտությունը: Առանց խոստովանության չի կարելի մոտենալ Ս. Հաղորդության խորհրդին: 

«Իզուր տեղը եկան, իզուր տեղը գնացին»,- ասում է Աջապահյանը՝ վերահաստատելով ավելի վաղ արտահայտած իր կարծիքը․ «Կարելի էր եւ չհրավիրել»։ 

«Որովհետեւ չօգտվեցին այդ օրվա ուրախությունից, շնորհից, շնորհական ներկայությունից, Աստծո օրհնությունից։ Իրենք պարզապես ներկա եղան։ Ուզում էին ցույց տալ, որ մեզնից մաս եւ բաժին ունեն, մեր մի մասն են։ Մենք էլ իրենց այդ հնարավորությունը տվեցինք` չուզեցին, իրենք օտարի պես մտան, օտարի պես գնացին»,-ասաց նա։

Հանրության մի մասը մեղադրում է եկեղեցուն՝  իշխանությանը հրավիրելու համար, առհասարակ հրավիրատոմսեր ուղարկելու, հավատացյալներին սորտավորելու համար։ Աջապահյանը կարծում է՝ դատարկամտություն է ընկնել դրա հետեւից, ըստ նրա, հրավիրված են եղել հայ առաքելական եկեղեցու բոլոր հետեւորդները, բոլորի առաջ դռները բաց էին։

«Այո, կային պահեր, երբ անհրաժեշտությունից ելնելով պիտի տեղերը սահմանափակվեին։ Ուղղակի անհրաժեշտությունից, ոչ թե մարդկանց դասակարգերի բաժանելուց։ Հրավիրատոմսերով էր, որովհետեւ աննկարագրելի իրավիճակ կառաջանար, մեծ պրոբլեմներ կլինեին»,-նշեց Սրբազանը։
Նիկոլ Փաշինյանը ասես եկել էր ռազմաճակատ, նրա անվտանգության հարյուրավոր ՊՊԾ աշխատակիցները շրջապատել էին եկեղեցու ներսն ու դուրսը։ Մի մասը՝ քաղաքացիական հագուստով, առանց տարբերանշանի՝ տպավորություն ստեղծելու համար, որ սովորական քաղաքացիներ են։ Ինչի՞ց եւ ումի՞ց է եկեղեցում վախենում Փաշինյանը։ «Ինձնից եւ ձեզնից, Հայր Ռուբենից, Բագրատ Սրբազանից»,-ծիծաղելով պատասխանում է Աջապահյանը։

Միքայել Աջապահյանի խոսքով՝ պետությունը մի լումայով չի մասնակցել Մայր Տաճարի վերանորոգմանը, եկեղեցին իր ուժերով եւ կապերով է այս աննախընթաց գործը գլուխ բերել։
«Շատ բարձր մակարդակով անցավ, մարդիկ դեռ չեն գիտակցում, թե Մայր տաճարի վերաբացումը եւ նորոգությունն ինչ պատմական արժեք եւ նշանակություն ունի։ Սերունդներն ավելի կգիտակցեն։ Ամենայն հայոց հայրապետը արեց մի բան, որը պետությունը չէր կարողանա։ Եթե պետությունը նախաձեռներ Մայր տաճարի նորոգումը՝ ի վիճակի չէր լինի։ Այն որ մեծ-մեծ խոսում են, որ պետությունն ավելի կարեւոր է, քան եկեղեցին, թո՛ղ իմանան, թե ով է ավելի կարեւոր։ Պետությունը պիտի վաստակի ավելի կարեւոր լինելը, ոչ թե պիտի հանպատրաստից ասի՝ ես ավելի կարեւոր եմ։ Եթե Մայր տաճարի վերանորոգումը թողնվեր պետության հույսին՝ 150 տարի չէր նորոգվի։ Եթե Վեհափառ հայրապետի մոտ նույնիսկ ինչ-որ մեղանչումներ տեսնում եք, որը իրավունք չունեք տեսնելու, նա իր այս մեծագործությամբ ամեն ինչ սրբագրեց։ Սա մի գործ է, որ ազգով ոտքի կանգնեիք` չէիք կարողանա անել։ Ամենայն Հայոց հայրապետը արեց, իսկ դուք կանգնել ասում եք՝ սրան հրավիրեց, նրան չհրավիրեց»,-ասաց նա։

Եկեղեցու հավատացյալները, սովորական քաղաքացիները հնարավորություն չունեցան հաղորդություն ստանալ, Մայր տաճար մտնելն արգելված էր՝ Փաշինյանի անվտանգության նկատառումներից ելնելով։ 

Մանրաամասն՝ տեսանյութում։