Ինչու հեռացավ ԿԳՄՍ փոխնախարարը

Ինչու հեռացավ ԿԳՄՍ փոխնախարարը

Կրթության փոխնախարար Գրիշա Թամրազյանը երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հիմնականում ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով, մասնավորապես դեմ էր արտահայտվում կրթության ոլորտում տարվող քաղաքականությանը եւ հատկապես՝ կրթության չափորոշիչներին, ու տարաձայնություններ ուներ կրթական հարցերում սորոսական դիրքորոշում ունեցող իշխանական թեւի հետ։ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին վաղուց էր հասկացրել, որ չի կարող ստացվել այնպես, որ սեփական թիմի անդամն իրենց որդեգրած քաղաքականությանը դեմ լինի, սակայն Հարությունյանը ԿԳՄՍ արդեն նախկին փոխնախարարից հրաժարականի դիմում չի պահանջել, որպեսզի չհաստատի մամուլում շրջանառվող այն լուրերը, թե իր եւ Թամրազյանի միջեւ սեւ կատու է անցել, որ իր գլխավորած նախարարությունում տարբեր խմբավորումներ են գործում։

Սակայն, ինչպես փոխանցում են ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրները, վարչապետի համբերության բաժակը լցվել է այն բանից հետո, երբ իմացել է, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներից մեկը հենց Թամրազյանն է կազմակերպել․ խոսքը Տնտեսագիտական համալսարանի դասախոսների ու ուսանողների բողոքի ակցիայի մասին է, իսկ Թամրազյանի ու Գալոյանի մտերմիկ հարաբերությունների մասին եւս բազմիցս գրվել է։

Բանն այն է, որ դեռեւս հուլիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը: Նույն օրը՝ զուգահեռ, ԿԳՄՍ Բարձրագույն որակավորման կոմիտեն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Այս որոշումը ԿԳՄՍ նախարարությունը չեղյալ համարեց, քանի որ քննություն էր իրականացրել ու պարզել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անհիմն որոշում է կայացրել:

Դրանից հետո անցել է 2 ամիս, սակայն վարչապետը ցայսօր չի ստորագրում այն հրամանագիրը, որով Գալոյանը  պետք է հաստատվի ռեկտորի պաշտոնում, եւ դժվար էլ ստորագրի, քանի որ վերջին դեպքից հետո ստացվում է, որ Թամրազյանը, ամեն կերպ փորձելով օգնել Գալոյանին, նրան ավելի է հեռացրել ՀՊՏՀ ռեկտորի աթոռից։ Ընդ որում՝ ռեկտորի պաշտոնն այնքան բաղձալի է, որ դասադուլ, գործադուլ կազմակերպեցին եւ կաթվածահար արեցին բուհի աշխատանքները։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն անգամ հայտարարություն էր տարածել, թե տնտեսագիտականում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական պրոցեսը, սակայն ժամեր անց նույն Գալոյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում բանից անտեղյակ ձեւանալով, ասաց, որ դասերի դադարեցումն իր համար ընդունելի տարբերակ չէ, ինքը հորդորում է, որ դասերը վերսկսվեն, իրենք արդարության համար այլ հարթակներում կպայքարեն։ Ըստ մեր աղբյուրի՝ ուսումնական պրոցեսը դադարեցնելու որոշումից Գալոյանը, դասախոսներն ու ուսանողները հետ են կանգնել Փաշինյանի կոշտ արձագանքից հետո։ Ի դեպ, այնպես չէ, որ Գալոյանն ունի ուսանողության մեծամասնության աջակցությունը, անգամ եղան ուսանողներ, որոնք դեմ արտահայտվեցին դասերի դադարեցմանը՝ նշելով, որ ոտնահարվում են իրենց իրավունքները, իրենք պանդեմիայի պայմաններում մի կերպ վարձի գումար են վճարում, որ սովորեն։ Մենք մի քանի անգամ փորձեցինք կապվել Թամրազյանի հետ, սակայն չստացվեց։

ՀԳ․ Այս նախարարությանը փոխնախարար չի գալիս՝ Հովհաննես Հովհաննիսյանը գնաց ԱԺ, Արեւիկ Անափիոսյանն ու Լուսինե Առաքելյանը առեղծվածային պայմաններում հեռացան, Գեւորգ Լոռեցյանը կաշառքի մեղադրանքով կալանավորվեց, հիմա հեռանում է Գրիշա Թամրազյանը։