Արցախի փրկությունը Նիկոլի հեռացումն է

Արցախի փրկությունը Նիկոլի հեռացումն է

Մեկ-երկու տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ արցախցիները ռուսական անձնագրեր են ստանում, մեր ռուսատյացներն աղմուկ-աղաղակ բարձրացրին: Ոնց թե, արցախցիները պատրաստվում են ներառվել ՌԴ կազմում, ինչպես է դա հնարավոր... Հետո աղմուկը լռեց, իսկ այսօր արդեն հայտնի է դառնում, որ Նիկոլի իշխանությունը նրանց պատրաստ է «նվիրել» Ռուսաստանին, եթե չկարողանա ապահովել միջազգային մեխանիզմով արցախցիների անվտանգությունը: Հենց սկզբից ասեմ, որ դա բլեֆ է՝ ոչ մի միջազգային մեխանիզմ առկա չէ ու չի կարող լինել տեսականորեն: Չի կարող, քանի որ Ադրբեջանի մաս հանդիսացող որևէ տարածքի բնակչության առումով նույնիսկ մտահոգությունը միջամտություն կլինի այդ երկրի ներքին գործերին: Ասում եմ՝ ընդամենը մտահոգությունը՝ էլ ուր մնաց, թե ինքնավարություն կամ այլ բան: Դրա վկայությունը հենց միայն այն ապտակն է, որ ստացել է Նիկոլը Մոսկվայում՝ երբ Իլհամը մի քանի անգամ օգտագործել է Խանքենդի անվանումը: Իսկ Նիկոլն արդեն համաձայնել է Արցախն Ադրբեջանի մաս համարելու տարբերակին:

Վերադառնալով Արցախը Ռուսաստանին «նվիրելու» ֆանտաստիկ երևույթին՝ անմիջապես հանգստացնեմ ռուսատյացներին: Եվ ասեմ, որ դա ևս չլինելու «պյան» է. և դրա պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է: Եթե ՌԴ-ն չկարողացավ, այսպես կոչված, էկոակտիվիստներից հետ վերցնել միջանցքը, ապա ինչպես է ողջ Արցախը «տանելու» Իլհամի քթի տակից: Ռուսատյացները կարող են հանգիստ լինել՝ առաջիկա տարիներին նման հեռանկար Արցախին չի «սպառնում»: Իսկ եթե ռուսները պարտվեն, ինչպես «ռուսատյաց հայերնասերներն» են ցանկանում, ապա ոչ միայն կկորցնենք Արցախը, որն արդեն կարելի է կորած համարել, այլև Հայաստանը: Չտեսնել, որ ուկրաինացիների հաղթանակի դեպքում Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա՝ կարող են միայն նրանք: Իսկ Ադրբեջանի թիկունքին կանգնած ՆԱՏՕ-ական Թուրքիային Արևմուտքի կողմից խոչընդոտելու հավանականությունը կարող են տեսնել կրկին միայն նրանք: Որովհետև միայն ռուսատյացը կարող է չտեսնել ակնհայտը և տեսնել այն, ինչ գոյություն չունի: 

Ինչ մնում է Արցախին, ապա այն արդեն կարելի է կորած համարել, քանի որ դրա դեմն առնելու միակ տարբերակը Նիկոլին հեռացնելն է, սակայն մեր ժողովուրդը դա մեծ հաշվով չի ցանկանում: Եթե ցանկանար, ապա դուրս կգար փողոց՝ ճիշտ այնպես, ինչպես 1988 թվականի փետրվարին: Կամ էլ ինչպես Սերժին էր մերժում 5 տարի առաջ: Եվ այդ պարագայում միակ հնարավոր տարբերակը կարելի է համարել, գոնե առաջիկայում, արցախցիների տեղափոխումը Հայաստան։ Իսկ այդ տարբերակի դեպքում արցախցիների մեծամասնությունը, բնականաբար, կփորձի գաղթել Ռուսաստան: Եվ այն, ինչի հավանականության դեմ մեկ-երկու տարի առաջ կռիվ էին տալիս «ռուսատյաց հայերնասերները», կյանքի կկոչվի ինքնաբերաբար: Ուղղակի մեկ ճշտումով՝ նրանք կմեկնեն Ռուսաստան՝ Արցախը թողնելով ադրբեջանցիներին: Ճիշտ այնպես, ինչպես այսօր արդեն թողել են Շուշին ու Հադրութի շրջանը: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, ստիպված եմ կրկնվել, Փաշինյան Նիկոլը պետք է հեռացվի վարչապետի պաշտոնից: Եվ հնարավորինս արագ: