Հայ գերիների հարցը չդարձավ օրակարգային․ ի՞նչ ստվերային հարցերով են զբաղված իշխանությունները 

Հայ գերիների հարցը չդարձավ օրակարգային․ ի՞նչ ստվերային հարցերով են զբաղված իշխանությունները 

2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունից արդեն երկար ժամանակ է անցել, բայց դեռ Ադրբեջանի Հանրապետությունում հայտնված մեր մոտ 200 հարյուր կամ ավելի քաղաքացիները շարունակում են գերու և պատանդի կարգավիճակով մնալ։

2021-ի հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում այդպես էլ չընդգրկվեց հայ ռազմագերիներ, այլ պահվող անձանց վերադարձի ձգձգման հարցը, որի համար Հայաստանի պատվիրակությունն առաջարկ էր արել։

Ընդունելով իր վերջնական օրակարգը 2021 ձմեռային լիագումար նստաշրջանի բացմանը` Վեհաժողովը որոշեց անցկացնել այս թեմաներով քննարկումները՝ «Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը և կալանավորումը 2021 թվականի հունվարին» (չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին) և «Խոսքի ազատությունը (ՄԻԵԿ-ի Հոդված 10) «Մեծ տեխնոլոգիական» ընկերությունների սպառնալիքի տակ» (հինգշաբթի առավոտյան):

Հայկական պատվիրակությունը գլխավորում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Իմքայլական պատգամավորը, և ոչ միայն նա, շարունակ «դուխով» ֆեյսբուքյան ստատուսներ են գրում արտաքին քաղաքականության վերաբերյալ, բայց գործնականում ոչ մի օգուտ չեն կարողանում բերել պետությանը։ Սա դեռ մինչև պատերազմը։ Իսկ ինչ վերաբերում է դրան հաջորդած ժամանակահատվածին, արդեն իսկ ակնհայտ դարձավ նաև հերթական տապալումով։

Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում ԵԽԽՎ-ում իր հունվարյան ելույթի տեսանյութն է հրապարակել, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 26-ին ֆեյսբուքյան գրառում կատարել։ Գրառման մեջ նա նշել է, որ Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։ «Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում։ Խոսել ենք նաև ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին»,- նշել է իմքայլականը։ 

Հարցերը մնում են, ու գնալով շատանալու են։ Ու ամենակարևորը՝ ի՞նչ կուլիսային հարցերով էին զբաղված ու զբաղվում գործող իշխանությունները, որ հերթական դիվանագիտական ֆիասկոն գրանցեցին հայոց պետականության համար։  

Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի և Դեմոկրատական ալյանսի անդամ ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովի անդամ Զոհրաբյանի գնահատմամբ՝ այսօր տրենդային է դարձել Եվրոպական կառույցնելում լինել հակառուս, եվրոպական գերտերությունները խնդիր ունեն Ռուսաստանի հետ։ 

«Ինձ համար զարմանալի է, որ Եվրոպական Միությունը հատուկ հայտարարություն է ընդունում Նավալնու հետ կապված, Միացյալ Նահանգների, Կանադայի, Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները հատուկ հայտարարություն են անում Նավալնու հետ կապված։ Իսկ մեր բոլոր կոչերը, նամակները, այն է՝ վիդեոսյուժեները, նկարները, որոնք ես ուղարկել եմ Եվրոպական բոլոր կառույցներին, գործիչներին՝ գլխատված զինվորների, խոշտանգված ռազմագերիների մասին, նրանց պատասխանը «Շնորհակալություն, Ձեր նամակը ստացանք, շատ ցավում ենք» շրջանակներում է»,- նշեց ԱԺ պատգամավորը։ 

Հարցին՝ այստեղ Հայաստանի արտաքին քաղաքականության, նաև պատվիրակության ղեկավարի, մեր իշխանությունների մեղքը չկա՞, որ նախօրոք չեն նախապատրաստվել, պատասխանեց, որ Հայաստանում չկա արտաքին քաղաքականություն։ 

«Հայաստանում այլևս չկա արտաքին գործերի նախարարություն, Հայաստանում խորհրդարանական դիվանագիտություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Եվ ես չեմ ցանկանա առանձնացնել մի պատվիրակություն, ասեմ, որ «Սա ԵԽԽՎ պատվիրակության մեղքն է»։ Հայաստանը չունի արտաքին քաղաքական օրակարգ։ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը քաոտիկ օրակարգ է, որը թելադրվում է պահի նպատակահարմարությամբ։ Եվ եթե մենք միջազգային կառույցներում չենք կարողանում հետևողական և ստատիկ օրակարգ մշակել, բնական է, որ որևէ պատվիրակություն չի կարող հաջողել։ Եթե մենք ունենք արտաքին գործերի նախարար, որի «դուխը» չի հերիքում ձայն բարձրացնել և ասել Նիկոլին․ «Պարո՛ն վարչապետ, այն, ինչը Դուք հիմա անում եք, դիվանագիտության կապ չուենցող, ձեր յուրային մարդկանց նշանակում եք դեսպաններ, դա հակասում է ձեր իսկ հայտարարություններին, որոնք արել եք որպես ընդդիմադիր լրագրող, ընդդիմադիր պատգամավոր»։ Եթե արտգործնախարարի «դուխը» չի հերիքում ասել, որ «չի կարելի Ամերիկայի նման առանցքային երկրում դեսպան նշանակել քո անգլերենի ուսուցչուհուն [«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց] միայն նրա համար, որ ինքը քո մերձավորն է», ի՞նչ արտաքին քաղաքականության մասին է կարելի խոսել»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։    

«Հրապարակը» նաև արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին հարցեր է ուղղել այս թեմայով։

- Ինչո՞ւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը։ Կամ գոնե ինչո՞ւ հայկական կողմն ամեն ինչ չարեց, որ զուգահեռ ընդգրկվեր ռուս գործիչ Ալեքսեյ Նավալնուն առնչվող թեմայի
հետ։

- Ինչո՞ւ նախօրոք աշխատանքներ չեն տարվել Եվրոպական խմբակցությունների, այլ երկրների պատվիրակությունների հետ։

- Ըստ Ձեզ՝ ո՞րն էր հայկական կողմի թերացումն այս հարցում։

ԱԳՆ-ն առաջին հատվածը ներկայացրել է որպես մեկնաբանություն, իսկ երկրորդը՝
որպես հարցերի պարզաբանում:

Մեկնաբանություն. «Առաջնահերթորեն պետք է Ձեր ուշադրությունը հրավիրեմ առ այն, որ բարձրացված հարցերը վերաբերում են խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որոնց հասցեատերը հանդիսանում է ՀՀ Ազգային ժողովը։

Հայ ռազմագերիների և այլ գերիների վերադարձի հարցը կազմակերպության հետ մեր աշխատանքների ներկայիս օրակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասն է հանդիսանում։ Ռազմագերիների փոխանակման հրատապ իրագործման անհրաժեշտությունն ամրագրվել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացների վերաբերյալ բանաձևում։ Ռազմագերիների հարցը դիտարկվելու է նաև ԵԽԽՎ միգրացիայի կոմիտեում մշակվող՝ պատերազմի հումանիտար հետևանքներին վերաբերող զեկույցում։ Վերջապես, ընդգծենք նաև, որ գերիների հայրենադարձման հարցը ոչ միայն ԵԽԽՎ-ի, այլև ՄԻԵԴ-ի, կազմակերպության ղեկավարության և այլ մարմինների հետ մեր աշխատանքների կիզակետում է գտնվում»։

Պարզաբանում. «ԵԽԽՎ հունվարյան նիստին ՀՀ պատվիրակությունն առաջարկել էր որպես «ընթացիկ բանավեճ», այն է՝ Վեհաժողովի կողմից զեկույց չնախատեսող քննարկում, դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենադարձման ձգձգման խնդիրը։ Ըստ ԵԽԽՎ օրակարգի՝ առկա էին ևս 6 այլ հարցերի առաջարկներ, որոնց թվից էլ ԵԽԽՎ բյուրոն, իր լիազորությունների շրջանակներում, լիագումարին ներկայացրել է իր նախապատվությունը։ Նշենք, որ հայ ռազմագերիների հարցին իրենց ելույթներում անդրադարձել են ԵԽԽՎ երեք քաղաքական խմբերի ղեկավարները»։

ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացների վերաբերյալ բանաձևի մասով Զոհրաբյանն ասաց, որ քանիցս նշվել է, որ պետք է կատարվի գերիների և աճյունների փոխանակում, որովհետև դա է պահանջում 1949 թվականի Ժնևի 3-րդ կոնվենցիան։ «Որտեղ հստակ նշված է, որ պատերազմի անմիջապես ավարտից հետո ռազմագերիներն առանց որևէ նախապայմանի պիտի վերադարձվեն։ Բայց քանի որ Ադրբեջանը շարունակում է մեր ռազմագերիներին պահել որպես քաղաքական վալյուտա այս իշխանությունների հետ իր «բազարները» շարունակելու համար, մենք շատ էինք ուզում, որ հատուկ քննարկում լիներ ռազմագերիների հետ կապված, որպեսզի կարողանայինք այս հարցերը բաց և հրապարակային քննարկել»,- նշեց պատգամավորը։