Իրո՞ք, ավելի լավ է լինել թուրքի շուն...

Իրո՞ք, ավելի լավ է լինել թուրքի շուն...

«Ավելի լավ է մեզ Ալիեւը սպանի, քան թե Ռոբա-Սերժը»: Սա Փաշինյան Նիկոլի ժողովրդի, սակայն իրականում նիկոլական ժեխի (ներողություն եմ խնդրում բառի համար, բայց այլ բառ ուղղակի չի տալիս տվյալ խավի բնութագրականը) ներկայացուցիչ ինչ-որ կնոջ արտահայտություն է: Ասողը, բնականաբար, այնքան գիտակցություն չունի, որ հասկանա՝ թուրքն իրականից է սպանում, իսկ իր ասած «Ռոբա-Սերժը» չեն ունեցել եւ չեն կարող ունենալ նման մտադրություն: Բայց, մեծ հաշվով, այդ անիմաստ արտահայտությունը տվյալ կնոջ ուղեղի սեփական արտադրությունը չէ: Այն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն անօրինականորեն գրաված անձի՝ նախկինների դեմ ատելության խոսքի եւ միաժամանակ հակահայկականության բազմաթիվ անհեթեթ արտահայտությունների ածանցյալ դրսեւորումն է: 

Նախկինների դեմ ատելության խոսքի առումով շատ է խոսվել ու գրվել: Ու կշարունակվի խոսվել ու գրվել, քանի որ Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի կյանքի նպատակը նախկինների դեմ կռիվ տալն է: Նույնիսկ այն դեպքում, երբ պետք է մեկ բռունցք դառնալ թշնամու դեմ հաջողությամբ պատերազմելու եւ հաղթելու համար: Այդ մտայնության մեկ այլ դրսեւորում է (մեդալի մյուս երեսը) նրա ասույթների թրքամետությունը կամ հակահայկականությունը:

Թուրքի՝ լինի դա Արեւելքի թե Արեւմուտքի թուրք, հետ բարեկամանալու նիկոլական մտադրությունը նույնիսկ քննարկման թեմա լինել չի կարող: Ինչպե՞ս կարող ես բարեկամանալ թուրքի հետ, եթե պարտվել ես նրա հետ պատերազմում: Եվ դա այն դեպքում, երբ համարյա հազար տարի այսօրվա թուրքի նախնիները քեզ որպես ստրուկ են դիտարկել: Թուրքի հետ, գոնե արտաքնապես, բարեկամանալու համար պետք է լինել նրանից ուժեղ կամ գոնե հավասար՝ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, Իսրայել պետությունն է:  

Փաշինյանական դատողություններից բացի, զոմբիացած կենսազանգվածի մտածողական կարծրատիպերի առաջնային հիմքերից կարող են լինել նաեւ այնպիսի արտահայտություններ, ինչպիսին էր, օրինակ, Լեւոն Շիրինյան (ժամանակին՝ իբրեւ թե քաղաքագետ, հիմա՝ իբրեւ թե քաղաքական գործիչ) անունով մեկի՝ «Հայն ավելի լավ է թուրքի շուն լինի, քան թե օտար պետության գործակալ» «մտքի գոհար» դատողությունը:

Պարզ է, որ տվյալ դատողության երկրորդ մասն («օտար պետության գործակալ») անուղեղ կենսազանգվածը ո՛չ կհասկանար եւ ո՛չ էլ կհիշեր: Սակայն թուրքի շուն լինելու մասը համարյա հազար տարի թուրքի ստրուկ ժողովրդի սրտում արձագանք կստանար. սա ցավով եմ ասում: Եվ եթե չլիներ համարյա հազարամյա այդ դարաշրջանը, ու մեր օրերում նման աբսուրդային խոսքեր անընդհատ չկրկնվեին մեր երկրում, վերը նշված կինն էլ նման հիմարություն չէր արտասանի: Եվ որպեսզի այլեւս որեւէ մեկի մտքով դա չանցնի, պետք է, առաջինը, ազատվել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի անձից, եւ երկրորդը՝ պետք է վերափոխվի մատաղ սերնդի դաստիարակության դրվածքը: Եվ միաժամանակ դրվի հասուն մարդկանց վերադաստիարակման հարցը: