Ուժայինները ունեցե՞լ էին վերադասից հրաման` բիրտ վերաբերմունք ցուցաբերելու

Ուժայինները ունեցե՞լ էին վերադասից հրաման` բիրտ վերաբերմունք ցուցաբերելու

Այսօր,  Եռաբլուր զինվորական պանթեոնում, վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել զոհված զինծառայողների և ուժայինների միջև։ Վերջիններս բիրտ ուժ կիրառելով ծնողներին բերման էին ենթարկել ոստիկանական բաժանմունքներ։ Սակայն ժամեր անց բաց էին թողել։ Ծնողները փակել էին պանթեոնի ճանապարհը, որպեսզի  վարչապետ Փաշինյանն ու իր թիմակիցները չմտնեն պանթեոն։ 

«Հրապարակը» զրուցել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ։

-Պարոն Ասլանյան, ի՞նչ իրավական գնահատական կտաք այսօր Եռաբլուրում  տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
 
-Հայրենիքի պաշտպանության համար մարտերում զոհված հերոսների ծնողների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը ոչ միայն քրեորեն պատժելի արարք է, այլ նաև դատապարտելի է բարոյական իմաստով։ Իսկ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում սեփական բարոյականության սահմանը, իհարկե այն ի վերջո գնահատում է հասարակությունը, շրջապատը։

-Հնարավո՞ր է քրեական գործեր հարուցվեն այն ծնողների դեմ, ովքեր  բարձրաստիճան պաշտոնյաների բերած ծաղկեպսակները դեն նետեցին։

-Չեմ կարծում, որ քրեական վարույթներ նախաձեռնվեն, քանի որ նրանց գործողություններում բացակայում են որևէ հանցակազմի հատկանիշները։

-Ինչ իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն այն ուժայինները, ովքեր անհավասարաչափ բիրտ ուժ էին կիրառում զոհվածների ծնողների նկատմամբ։ 

-Ոստիկանության այդ աշխատակիցները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն իրենց լիազորություններն անցնելու համար։ Սակայն կյանքը ցույց է տվել, որ ՀՀ գործող իշխանության պայմաններում դեռևս անպատիժ կմնան։

-Արդյոք կարմիր բերետավորներն իրենց վերադասից ունեցել են հրաման` ծնողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերելու:

-Ես չեմ կարծում, թե նրանք գործել են առանց հանձնարարության, քանի որ նման «ինքնիրավչությունը» նրանց չէր ներվի։ Ավելին՝ վերջին քաղաքական իրադարձություններից նաև ակնհայտ դարձավ, որ ոստիկանական բռնությունները առերևույթ պատվիրված են, հետևաբար ունեն հատուկ հովանավորչություն, քանի որ նրանցից որևէ մեկը այդպես էլ քրեական պատասխանատվության չենթարկվեց։ Կարծում եմ, որ սա հերթական նման իրավիճակն է։

-Նման միջադեպերը հետևանք ունենո՞ւմ են:

-Ինչպես արդեն նշեցի, դրանք որևէ իրավական հետևանք չեն ունենա ներկայումս, սակայն իշխանափոխության պարագայում հետևանքները օրենքով և բավականաչափ խիստ են լինելու՝ ինչպես մյուս անտեսված դեպքերում։ Իսկ իրավիճակի բարոյական հետևանքները, դրանց հասարակական արձագանքը տեսանելի է ողջ համացանցում, գիտակից հայրենակիցներն այդ ամենի պատշաճ բնորոշումներն արդեն տվել են։ Բայց ումի՞ց ինչ սպասել։