Հայաստանի վարչապետի խնդիրը չէ մտածել և գտնել կոմպրոմիսներ. Արթուր Ղազինյան

Հայաստանի վարչապետի խնդիրը չէ մտածել և գտնել կոմպրոմիսներ. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին։

Այս հայտարարությունը մեծ ուրախություն է պատճառել իշխանության ներկայացուցիչներին, որով նրանք փորձում են մեր հանրությանը համոզել, որ Լավրովը կրկնել է Փաշինյանի միտքը։

Ափսոսում եմ, որ իշխանության ներսում դեռ չեն հասկացել, որ Լավրովը Մինսկի խմբի համանախագահ պետության արտաքին գործերի նախարարն է, և նա կարող է, նաև պետք է, արտաբերի նման բովանդակության տեքստեր։

Որքանով որ տեղյակ եմ, Նիկոլ Փաշինյանն առայժմ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը և չի պատրաստվում միջնորդական առաքելություն իրականացնել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև։

Իմ պատկերացմամբ և ընկալմամբ, ՀՀ վարչապետը պետք է մտածի ԲԱՑԱՌԱՊԵՍ Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահի մասին և անձնուրաց ծառայի այդ շահին՝ արհամարհելով Ադրբեջանի ժողովրդի սպասելիքներն ու նկրտումները։

Հայաստանի և Ադրբեջանի շահերը Արցախի հարցում 99%-ով հակադրվում են և Հայաստանի վարչապետի խնդիրը չէ մտածել և գտնել կոմպրոմիսներ։

Դա կանեն և այդ մասին կխոսեն միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչի շուրջ նրանք աշխատում են արդեն 25 տարի։

Չեմ ցանկանում մտածել, որ Փաշինյանը, հայտարարելով այս մասին, ակնարկում է համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոններին, որ պատրաստ է ավելիին, քան թույլ է տալիս Հայաստանի և Արցախի ազգային ու պետական շահը»։