Վլադիմիր Աբրահամյանի «Կյանքի ճանապարհը» կներկայացվի «Դալան» ցուցասրահում

Վլադիմիր Աբրահամյանի «Կյանքի ճանապարհը» կներկայացվի «Դալան» ցուցասրահում

Oգոստոսի 16-ին «Դալան» ցուցասրահում կբացվի եւ 10 օր շարունակ կգործի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: 
Սա նկարչի 4-րդ անհատական ցուցահանդեսն է, նախորդը տեղի էր ունեցել 2 տարի առաջ՝ Նկարիչների միությունում։ «Սա իր մասշտաբներով ավելի կամերային ցուցահանդես է, ներկայացված է մոտ 30 աշխատանք՝ տարբեր տարիների, տարբեր թեմաների, կան նաեւ 19թ․ արված մի քանի գործեր»,- ասում է նկարիչն ու հավելում, որ ներկայացված գործերը հավաքել է «Կյանքի ճանապարհ» խորագրի ներքո։

Թե ինչքանով է ցուցահանդես-վաճառքի մշակույթը գործում Հայաստանում եւ հնարավորություն տալիս նկարչին գումար աշխատել, Աբրահամյանն ասում է, որ ինքը նույնպես մտավախություններ ունի, բայց որոշել է փորձել։ «Տեսնենք ինչ կլինի, մարդկանց հնարավորությունները կներե՞ն ցուցահանդեսից նկար գնել, թե՞ ոչ»,- ասում է նկարիչն ու հավելում, որ սովորաբար ցուցահանդեսների բացման ժամանակ այցելուները գնելու ցանկություն են հայտնել, հատկապես, որ ինքն այնքան է գնահատում, որ մարդկանց գրպանին հարմար լինի, եւ արվեստասերը կարողանա նկար գնել ցուցահանդեսից։    

Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են հայաստանյան տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան): Վ. Աբրահամյանը նաեւ շուրջ 250 գրքի գեղարվեստական ձեւավորման հեղինակ է։