Այդ թվերը «ասֆալտ ուտելու եւ բորդյուրներ լպստելու» պատասխանն էին Փաշինյանին

«Հերթական մի ելույթիցս հետո ինձ մոտեցավ մեր հայրենակիցներից մեկն ու ասաց՝ պարոն Մանուկյան, մենք արդեն փոքրամասնություն ենք, մեծամասնությունը կազմում են մարմնով ու հոգով խեղվածները»,- ասում է գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ով տարբեր առիթներով նկատել է, որ իշխող կուսակցության՝ ՔՊ-ի եւ նրա համախոհների շարքերում շատ են աղանդավորները։ Ըստ նրա՝ աղանդավորներից բացի, ՔՊ-ի համակիրների մեջ կան նաեւ թմրամոլներ, սեռախեղվածներ, ազգադավներ ու հոգեվաճառներ։ «Համացանցով մեկ տարածված է դրանց խոսքը, չե՞ք տեսել»,- հարցնում է նա։
Բանաստեղծի հետ զրուցել ենք Երեւանի ավագանու ընտրությունից 1 օր առաջ․ չբացառելով ՔՊ-ի հնարավոր հաղթանակը եւ ամեն գնով քաղաքապետի պաշտոնն առաջիկա 5 տարում «սեփականաշնորհելու» կուսակցության ջանքերը՝ Մանուկյանը փորձեց նկարագրել այն գորշ հեռանկարը, որում կարող է հայտնվել Հայաստանը՝ ՔՊ-ի հաղթանակից հետո։
«Մահաբերների հաղթանակից հետո Հայաստանն էլ ավելի շատ կխրվի կործանարար ճահճի մեջ։ Միջազգային հանրությունը վերջնականապես կհամոզվի, որ հայերը համակերպվել են պարտությանը եւ թուրքերի երախը մղվելուց զատ այլընտրանք չունեն։ Ուզում եմ հավատալ, որ իշխանության մեջ կգտնվեն մարդիկ, որոնց երկրի կործանումը կստիպի վերանայել իրենց մոտեցումները, ու հայրենիքի շահերը չստորադասեն անձնականին»։
Հիմա, երբ Երեւանի ավագանու ընտրությունն արդեն կայացած է, եւ անցողիկ շեմը հաղթահարած հինգ քաղաքական ուժերից որեւէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, բնականաբար, օրենքի ուժը որեւէ մեկի առաջին համարի վրա ազդել չի կարող, որ համարվի ընտրված քաղաքապետ։ Մնում է հուսալ, որ կուսակցություններից եւ ոչ մեկը, նույնիսկ ՔՊ-ի արբանյակ «Հանրապետությունը», չի ընդունի իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու առաջարկը։ Բանաստեղծի խոսքով՝ վերջապես վեր կկանգնի սեփական ամբիցիաներից, որ երկիրն է՛լ ավելի չխրի կործանարար ճահճի մեջ։
Ընտրության արդյունքները ՔՊ-ի համար այնքան էլ սպասելի չէին․ թեեւ երեւանցիների տրամադրություններից հասկանում էին, որ հեշտ չի լինելու, բայց հույս ունեին՝ մեծ ճիգերի գնով հաղթել։ Իսկ այն, ինչ ստացան, ըստ «Քաղպայմանագրի» մեր աղբյուրի, կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի ժամանակ «ասֆալտ ուտելու եւ բորդյուրներ լպստելու» մասին Նիկոլ Փաշինյանի «ուղերձն» էր՝ երեւանցիներին։ «Պետք էր ավելի զգույշ լինել, չափն անցավ»,-ասաց ՔՊ անդամը։
Փաշինյանի՝ չափն անցնելու մասին խոսեց նաեւ Խաչիկ Մանուկյանը, շրջանցելով ընտրության թեման եւ անդրադառնալով նրա խաղաղության օրակարգին․ «Այդ գոյանքը համոզվել է, որ իր խաղաղության կեղծ օրակարգը տապալվել է, որ Արեւմուտքի համար ինքն աննկատելի խլվլանք է ընդամենը, ով ետդարձի ճանապարհ չունի։ Նրա հետեւում մեր հազարավոր նահատակներն են, մեր գերեվարվածներն ու վիրավորները, որոնք հետեւանք են Փաշինյանի անկարողության կամ դավաճանության։ Մեր ժողովրդի հետ կատարված նման ոճիր ես չեմ կարողանում հիշել։ Երբ գա օրը, եւ դատավարությունը կայանա, մեր հայրենակիցները պարզապես կապշեն՝ տեսնելով կատարված հանցանքի ծավալներն ու չափը»։
Բանաստեղծը հավատում է համազգային համախմբմանը, հույս ունի, որ միաբանությունը կփրկի Հայաստանը, նախքան ՔՊ-ի կողմից նրա վերջնական կործանումը։
Կարծիքներ