Ես Նիկոլին չեմ գնահատել, այդ մարդկանց պետք էր խրախուսել․ Տեր Պետրոսյան

Ես Նիկոլին չեմ գնահատել, այդ մարդկանց պետք էր խրախուսել․ Տեր Պետրոսյան

Այսօր Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասուլիս էր հրավիրել։ Նրան հիշեցրինք 2020 թվականի իր «Պատերազմական իրավիճակի թելադրանքով» վերտառությամբ հոդվածը, որում առաջին նախագահը պաշտպանում էր իշխանությանը և մեղադրում էր ընդդիմությանը, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանին համարում է ազգակործան պատուհաս․

«Իմ տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները, գուցեև ինչ-որ սխալներով ու բացթողումներով հանդերձ (չսխալվող իշխանություն չկա), պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին, հիմնականում կատարելով իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ ու հնարավոր քայլերը։ Դատելով հասարակության արձագանքներից, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվում բուժաշխատողների, ոստիկանության, ԱԻՆ-ի գործունեությունը, անարդարացիորեն թերանալով, սակայն, ընդգծել վերջիններիս աշխատանքը համակարգող պաշտոնատար անձանց՝ Արտակարգ դրության պարետի և առողջապահության նախարարի կարևոր դերակատարությունը։
Սակայն մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ»:

Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։ 

Վերջում թերևս ավելորդ չէ նշել, որ ներկա օրհասական պահին իշխանություններին խանգարող, սատար չկանգնող, նրանց համար լրացուցիչ խնդիրներ առաջացնող յուրաքանչյուր ոք վտանգում է ոչ միայն երկրի ապահովությունը, այլև իր մերձավորների կյանքը»,- ասված էր Տեր-Պետրոսյանի հոդվածում։

Առաջին նախագահին հարցրինք, թե ե՞րբ է իր համար պարզ դարձել, որ Փաշինյանը ազգակործան պատուհաս է, չէ՞ որ 2020 թվականին պաշտպանում էր նրան, չի կարծո՞ւմ որ սխալ է արել, չնայած, որ իր մասին ասում են, թե վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս․

«Համավարակը իսկապես ողջ աշխարհի համար անակնկալ էր, ոչ մի երկիր պատրաստ չէր, երկրներ եղան, որ մեզնից շատ ավելի ծանր վիճակում ընկան՝ Իտալիան, Ֆրանսիան, այդպիսի զարգացած պետություններ, և դա իսկապես պատերազմ էր առանց ֆրոնտի, ոչ ճակատ կար, ոչ թիկունք կար, ոչ թևեր կային, և այդ ժամանակ գնահատել եմ ոչ թե Նիկոլին, ես գնահատել եմ Թորոսյանի և Ավինյանի աշխատանքը, նա էր պարետը, սա եմ գնահատել և ես չեմ զղջում, այդ մարդկանց պետք էր խրախուսել, որովհետև ամեն կողմից հարվածում էին։ Ինչքան ուզում եք հարվածեք, այդ գործը անողները իրենք են, ուրիշ անող չկա, ես, այո, ինչպես ասում են, նրանց մի քիչ ֆորա տվեցի, քաջալերեցի, սա էր ամբողջ գաղտնիքը, ուրիշ ոչ մի բան չկար»,- պատասխանեց Տեր-Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում