Փաշինյանը թավիշով վարվել է միայն ադրբեջանցիների ու թուրքերի հետ. Սաղաթելյան

Փաշինյանը թավիշով վարվել է միայն ադրբեջանցիների ու թուրքերի հետ. Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին է տվել։ Հերիք է մեզ սպառնա ձերբակալություններով։ Ինքը թավիշով վարվել է միայն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։ Մեզ մշտապես փորձել է ճնշել, տեսել եք, բազմաթիվ քրեական գործեր եւ այլն։ Չի կարող, որեւէ բան Նիկոլ Փաշինյանին չի փրկելու։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը կրկին կոչ արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ միանալու ժողովրդին. «Իրենք իրենց քայլով կարող են փրկել երկիրը եւ փրկվել իրենք եւս։ Պետք է գիտակցեն, գան աշխատանքի։ Այս շենքը միայն պարգեւավճարներ ստանալու համար չէր։ Իրենք պետք է գան Խորհրդարան, վերացնեն ռազմական դրությունը, քննարկեն երկրում ստեղծված վիճակը։ Իրենք իբրեւ քաղաքական մեծամասնություն՝ պատասխանատվություն են կրում այս ամենի համար։ Վստահ եմ, որ կան իրենց մեջ գիտակից մարդիկ, որոնք պետք է տուրք չտան իրենց ներսի այն մի քանի հոգուն եւ միանան ժողովրդին»։

«Մենք հույս ու վստահություն ունենք, որ նախագահը կներկայացնի առարկություն եւ հետ կուղարկի կառավարություն, որովհետեւ սա հստակ հակասահմանադրական է»,- հավելեց նա։ 

Հիշեցնենք՝ ցուցարարներն այս պահին Բաղրամյանում սպասում են  ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը։ ՀՓՇ-ականների խոսքով՝ նախագահի որոշման հետ կապված հստակություններ կլինեն ժամը 18:00-ից հետո։